Իշխանամետ ադրբեջանական թերթերը միասին մեկ միլիոն մանաթ են ստացել մամուլի ազգային օրվա կապակցությամբ
Ադրբեջանի ազգային մամուլի օրվա պատվին կառավարությունը 1 234 միլիոն մանաթ [մոտ 730 հազար դոլար] է տրամադրել 33 թերթի որպես միանվագ օգնություն նյութական-տեխնիկական բազան բարելավելու նպատակով:
Ազգային մամուլի օրը՝ լրագրողների մասնագիտական տոնն, Ադրբեջանում նշվում է յուրաքանչյուր տարի հուլիսի 22-ին: Այս ամսաթիվն ընտրվել է այն պատճառով, որ 1875 թվականին այդ օրը սկսվել է տպագրվել ադրբեջաներեն լեզվով առաջին թերթը՝ «Էկինչին» [«Սերմնացանը»]:
Տոնի կապակցությանբ մի քանի պաշտոնական միջոցառում է իրականացվում:
Օրինակ, անհատական լրագրողական հոդվածների մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը, որը կազմակերպվել էր Ադրբեջանի նախագահին կից Զանգվածային լրատվամիջոցների զարգացման աջակցման պետական հիմնադրամի կողմից:
Մրցույթի արդյունքների համաձայն՝ պարգևատրվել է 114 լրագրող: Առաջին տեղի համար տրվում էր 500 մանաթ [295 դոլար], երկրորդ տեղի համար՝ 400 մանաթ [236 դոլար], իսկ երրորդ տեղի համար՝ 300 մանաթ [177 դոլար]: Այս մասին հաղորդելիս տեղեկատվական գործակալությունները չեն հստակեցնում, թե որ հոդվածներն են պարգևատրվել և որտեղ դրանք կարելի է կարդալ:
Ելույթ ունենալով պարգևատրման արարողությանը՝ նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը խոսել է այն մասին, թե ինչպես է պետությունը հոգ տանում լրատվամիջոցների համար, և ինչ հաջողությունների է հասել այդ բնագավառում.
«Աշխարհում վկայակոչում են ադրբեջանական թերթերը, լրագրողներին, նրանց նորությունները տարածվում են ամբողջ աշխարհում: Այդ գործում կարևոր դեր է խաղում Իլհամ Ալիևի վարած քաղաքականությունը, որն ապահովում է ԶԼՄ, բազմակարծ հասարակության ազատությունը»:
Անցյալ տարի այս տոնի պատվին որոշ լրագրողներ ավելի շքեղ նվերներ էին ստացել՝ բնակարաններ հատուկ կառուցված շենքում: Դա բուռն արձագանք էր առաջացրել լրագրողաների շրջանում. ոմանք վրդովված էին այն պատճառով, որ բնակարանները տրամադրվել էին բացառապես իշխանությանը «հավատարիմ» լրագրողներին, իսկ մյուսներն՝ այն փաստից, որ պետությունը ողորմություն է բաժանում:
Որոշ ադրբեջանցի լրագրողներ մամուլի օրը դիմավորել են բանտում: Ըստ Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալների՝ նրանց թիվն Ադրբեջանում հասնում է տասի: Նրանցից ամենահայտնին Աֆղան Մուխտարլին է, որը հետաքննություններ էր անցկացնում բանակում կոռուպցիայի մասին և որն անցյալ տարի դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու, մաքսանենգության և իշխանության ներկայացուցչին դիմադրելու համար: Գործը մեծ հնչեղություն էր ստացել, քանի որ լրագրողն առևանգվել էր Վրաստանից, ուր նա ստիպված արտագաղթել էր և հաջորդ իսկ օրն Ադրբեջանում քննության տակ էր հայտնվել: