«Ադրբեջանական քվոտա՞». ՀՀ վարչապետի «վնասակար» հայտարարությունը
Արցախում և Հայաստանում մեծ աղմուկ է բարձրացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, թե Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեն վերաբերելու էր ԼՂ ողջ բնակչությանը, այդ թվում՝ ադրբեջանական։
Արցախի Ազգային ժողովն այս խոսքերին ի պատասխան հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Արցախի ճակատագիրը որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել և չի լինելու:
JAMnews-ը ներկայացնում է քաղաքական գործիչների արձագանքներն ու քաղաքագետների գնահատականները:
- «Լավատեսության հիմք չկա, փորձում ենք ստեղծել այն»․ Հայաստանի վարչապետ
- Հայաստան-Ադրբեջան․ ի՞նչ է լինելու
- Հայ-թուրքական բանակցություններ․ հին օրակարգ՝ նոր պայմաններում։ Ի՞նչ սպասել
Դեկտեմբերի 24-ին կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանը նշել էր, թե երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարած բանակցությունները ոչ թե այն մասին էին, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, այլ որ Արցախը պետք է հայկական մնա»։
«Դրա հետ էլ համաձայն չեմ, որովհետև Արցախը չէր կարող ամբողջությամբ հայկական լինել։ Ի՞նչ նկատի ունենք՝ հայկական։ Այդ բանակցություններից ակնհայտ էր, որ Արցախը՝ ԼՂԻՄ-ը, ունենալու էր թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական բնակչություն, ԼՂ-ում արդյո՞ք լինելու էր օրենսդիր իշխանություն՝ այո, լինելու էր, բայց այն ամբողջությամբ հայկական չէր լինելու, լինելու էր ադրբեջանական քվոտա ու հայկական քվոտա», — ընդգծել էր Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշել էր, թե բանակցային ողջ գործընթացի ընթացքում ոչ մի իշխանության և ոչ մի բանակցողի կողմից երբեք չի վիճարկվել Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը:
Վարչապետի խոսքով՝ վերջնական կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեն վերաբերելու էր ԼՂ ողջ բնակչությանը, այդ թվում՝ ադրբեջանական:
«Արցախի ինքնորոշման իրավունքը զիջման ենթակա չէ». Արցախի նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գնահատմամբ’ միայն Արցախի իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից:
«Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է», — ֆեյսբուքյան էջում գրել է Հարությունյանը:
Ըստ նրա’ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման նպատակը «մեր հիմնական ուղենիշն է, և դրանից շեղում չի կարող իրեն թույլ տալ ոչ մի իշխանություն»:
Արցախի նախագահն ընդգծել է, որ Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ ու որևէ կերպ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ:
«Ոչ միայն կարգավիճակի, այլ նաև ժողովրդագրական առումով վերադարձ անցյալին չի կարող լինել: Ի՞նչ համատեղ բնակության մասին է խոսքը, եթե Ադրբեջանը շարունակում է իր հասարակությանը սնել հայատյացությամբ և պատրաստել ոչ թե խաղաղության, այլ Արցախի հայաթափման»:
Նախագահ Հարությունյանի համոզմամբ’ արցախահայությունը շարունակելու է իր արդար պայքարը հանուն Արցախի անկախության միջազգային ճանաչման և հայրենիքի պաշտպանության «անկախ որևէ մեկի կամքից ու կարծիքից»:
«Արցախի ճակատագիրը որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չէ». Արցախի ԱԺ
Արցախի խորհրդարանը կիսում է նախագահ Արայիկ Հարությունյանի տեսակետը: Խորհրդարանականները կարծում են, որ Արցախի ապագայի հարցով որոշում ընդունելու իրավասություն ունեն միայն Արցախի քաղաքացիների կողմից ընտրված իշխանությունները։
«Անընդունելի է առանց Արցախի իշխանությունների տեսակետը հաշվի առնելու դիրքորոշում հայտնելը», — ասված է Արցախի Ազգային ժողովի տարածած հայտարարությունում:
Դեկտեմբերի 26-ին Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ էր հրավիրել։ Օրակարգում ընդգրկված էր միայն հայտարարության տեքստի բովանդակությունը: Հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել:
«Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին» վերնագրով հայտարարությունում ասվում է, որ Արցախի ճակատագիրը որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել և չի լինելու.
«Անթույլատրելի ենք համարում տարբեր քաղաքական ուժերի և գործիչների կողմից Արցախի սուբյեկտայնությունը, նրա հայկական ապագան կասկածի տակ դնող կամ նվազեցնող ցանկացած հայտարարություն։ Տարակուսելի է, որ վերջին նման հայտարարությունը հնչել է ՀՀ վարչապետի կողմից»:
Հայաստանի վարչապետի՝ առցանց ասուլիսի ընթացքում հնչեցրած մտքերը ԱԺ-ն «վնասակար և վտանգավոր ձևակերպումներ» է որակել:
«Ղարաբաղյան շարժման արդյունքների ֆոնին հնչեցվում են ձևակերպումներ, որոնք կասկածի տակ են դնում 1991 թ. սեպտեմբերի 2-ին հռչակված և միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան ձևավորված Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության գոյությունը, նրա տևական պայքարը միջազգային ճանաչման հասնելու ուղղությամբ», — ասված է հայտարարությունում:
Արցախի խորհրդարանի դիտարկմամբ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը երբեք չի անտեսվել միջնորդների կողմից նախկինում ներկայացված առաջարկություններում:
«Բանակցային գործընթացում տարբեր տարիների քննարկված աշխատանքային տարբերակների և բանակցային ձևաչափի հնարավոր փոփոխման մասին շահարկումները մտահոգիչ և վտանգավոր են։ Անընդունելի ենք համարում Արցախի հայկականությունը կասկածի տակ դնող և հնարավոր օտար տարրերի ներկայության կարևորությունը ընդգծող հայտարարությունները», — ընդգծում է Արցախի ԱԺ–ն։
«Չարձագանքել հնարավոր չէ». ՀՀ երկրորդ նախագահ
Հայաստանի վարչապետի և Արցախի նախագահի հեռակա բանավեճին անդրադարձել է նաև ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ Ղարաբաղի մասին ասվել է մի բան, որին չարձագանքել ուղղակի հնարավոր չէ:
«Ըստ էության՝ հարցականի տակ է դրվել Ղարաբաղի հռչակագիրը։ Ի դեպ, ես այդ հռչակագրի հեղինակներից եմ, երկու հոգով ենք գրել՝ ես և Կարեն Բաբուրյանը, որն այդ օրերին խորհրդարանի նախագահն էր։ Ուղղակի հարցականի տակ է դրվել այն հիմքը, ինչի վրա ԼՂՀ–ն ձևավորվել էր», — նշել է Քոչարյանը։
«Վարչապետի գնահատականները խիստ վտանգավոր են». ՀՀ և Արցախի ՄԻՊ-եր
Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։
Պաշտպանների դիտարկմամբ՝ ՀՀ վարչապետի մոտեցումներն արցախահայության ազգային ինքնորոշման բնական իրավունքը վտանգում են հիմնովին:
Բացի այդ՝ Փաշինյանի գնահատականները խիստ վտանգավոր են Արցախի հայերի կենսական իրավունքների համար և խոչընդոտում են ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունից պաշտպանությունը։
Համատեղ հայտարարությունում Թաթոյանն ու Ստեփանյանն ընդգծել են, որ վարչապետի հրապարակային խոսքերում ամբողջությամբ անտեսված է, որ ադրբեջանական իշխանությունները շարունակում են պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը, որն ագրեսիվ է հատկապես Արցախի ժողովրդի նկատմամբ.
«Անտեսված է, որ դեռ 1923 թ.-ին 95% հայկական բնակչություն ունեցող ԼՂԻՄ-ի հայաթափմանն է ուղղված եղել ադրբեջանական հետևողական խտրական քաղաքականությունը՝ հետապնդումներով, ունեզրկումներով, վայրագություններով և այլ անօրինական միջոցներով»:
Հայտարարությունում շեշտվում է, որ հայատյացության ու թշնամանքի ադրբեջանական քաղաքականությունը պատերազմից հետո հանգեցնում է ինչպես Արցախի ժողովրդի, այնպես էլ Հայաստանի բնակչության կենսական իրավունքների խախտումների:
«Ճշմարտությունը թաքցնել չեմ կարող». ՀՀ վարչապետի արձագանքը
Արձագանքելով իր հայտարարությանը հաջորդած քննադատություններին՝ Նիկոլ Փաշինյանը կրկնել է բանակցային բովանդակության վերաբերյալ այն թեզերը, որոնք հնչեցրել էր առցանց ասուլիսի ժամանակ:
Փաշինյանի խոսքով՝ 2016 թ.-ին միջնորդները ներկայացրել են բանակցային երեք փաթեթ, որոնցում, ի տարբերություն կազանյան փաստաթղթի, «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» նախադասությունը բացակայել է։ Ավելին՝ երրորդ փաթեթում հայտնվել է մի դրույթ, որտեղ ասվում է, որ «Լեռնային Ղարաբաղի կյանքի կազմակերպման իրավական և պրակտիկ մեխանիզմների մասին որոշումը կայացնելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը»:
«Հենց սա եմ համարել աղետ բանակցային գործընթացում, որովհետև ակնհայտ է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն բոլոր որոշումները կայացնելու էր նախկինում ԼՂ հարցով իր իսկ ընդունած բանաձևերի տրամաբանությամբ, որտեղ ԼՂ-ն ճանաչել էր Ադրբեջանի մաս», — ընդգծել է Հայաստանի վարչապետը։
Փաշինյանը հիշեցրել է նաև ԱԺ ամբիոնից իր արած պնդումը, թե «առկա բանակցային բովանդակությամբ և իրողություններով Արցախը կորցրել էր Ադրբեջանի կազմում չլինելու թե՛ տեսական, թե՛ գործնական հնարավորությունները»՝ շեշտելով, որ այդ միտքը նույնպես հնչեցրել է մի շարք կարևոր բանակցային խնդիրներ հաշվի առնելով:
«Վարչապետ դառնալով՝ ես սրան ոչ թե համակերպվել եմ, այլ սրա դեմ պայքարել եմ։ Նաև այս պատճառով է սկսվել պատերազմը։ Այսօր մարդիկ են ասում, որ ես չպետք է բանակցեմ ԼՂ անունից, ովքեր ինձ 2018 թ.-ից քննադատում էին նրա համար, որ ես ասում էի, որ Լեռնային Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ չունեմ»:
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ շատ հարգարժան մարդիկ հիմա են բողոքում 2016 թ. պատերազմի պատճառ ու հետևանք հանդիսացող բանակցային բովանդակության դեմ, որովհետև «այն ժամանակ կա՛մ տեղյակ չեն եղել, կա՛մ բողոքելու իրավունք չեն ունեցել»:
Երկրի ղեկավարը վստահեցնում է՝ այդ բանակցային բովանդակությունը չեզոքացնելու համար արել է հնարավոր ամեն բան, իսկ «ճշմարտությունը թաքցնել չի կարող»:
Մեկնաբանում են քաղաքագետները
Անդրադառնալով Փաշինյանի պնդմանը, թե 2016 թ.-ը աղետալի է եղել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների առումով՝ քաղաքագետ Բենիամին Պողոսյանը նշում է, որ բանակցային պրոցեսում չի եղել ավելի վատ տարբերակ, քան 2020 թ. նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթուղթն է:
Պողոսյանը հիշեցնում է՝ Ադրբեջանը մերժում էր ստորագրել որևէ փաստաթուղթ, որը թեկուզ տեսականորեն կարող էր հիմք դառնալ Լեռնային Ղարաբաղի անկախության համար։
Քաղաքագետի գնահատմամբ՝ սկսած 2010-2011 թթ.-ից, Ադրբեջանը ոչ միայն զինվում էր, այլև հայտարարում, որ հակամարտությունը փորձելու է լուծել ռազմական ճանապարհով:
Խոսելով 2018 թ.-ին Փաշինյանի ստացած բանակցային ժառանգության մասին՝ Պողոսյանը նշում է՝ Փաշինյանը հասկանում էր, որ ռազմական բալանսը սարսափելի խախտված է ի օգուտ Ադրբեջանի, իսկ բանակցային գործընթացում ներկայացվում են առաջարկներ ի վնաս Հայաստանի:
«Եթե դու հասկանում ես, որ ռազմական բալանսը սարսափելի խախտված է, որ նախորդ իշխանությունների մեղքով դու գրեթե բանակ չունես, որ պատերազմի դեպքում դու ջախջախվելու ես, ուրեմն դու ամեն ինչ պետք է անես, որ ստատուս քվոն փոխվի ո՛չ պատերազմի միջոցով։ Բայց կարծես թե մեր իշխանությունները 2018 թ.-ից հետո ամեն ինչ արեցին՝ հաստատուն քայլերով գնալով դեպի պատերազմ», — ընդգծում է քաղաքագետը՝ հիշեցնելով վարչապետի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» և նախկին ՊՆ նախարարի՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ռազմաշունչ հայտարարությունները:
Քաղաքագետի խոսքով՝ կազանյան և մյուս փաստաթղթերում հստակ նշված է եղել, որ Արցախի վերջնական կարգավիճակը ֆիքսվելու է կամարտահայտության՝ հանրաքվեի միջոցով.
«Հանրաքվեին մասնակցելու էին հայերն ու ադրբեջանցիները այն նույն համամասնությամբ, որը ֆիքսվել էր 1989 թ.-ի ԽՍՀՄ վերջին մարդահամարով: Այդ համամասնությամբ՝ հայերը բնակչության 75-76%-ն էին»:
Պողոսյանը կարծում է, որ նման համամասնության պարագայում հանրաքվեի արդյունքը լինելու էր Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը կամ միացումը Հայաստանին:
Քաղաքագետ Արեգ Քոչինյանն ասում է՝ անհերքելի փաստ է, որ բանակցային գործընթացն արտացոլում է կողմերի ուժային բալանսը:
«Արցախյան առաջին պատերազմում մեր հաղթանակից հետո ուժային բալանսի փոփոխության տեմպը ավելի արագացված տեմպերով գնում էր հօգուտ Ադրբեջանի։ Սա պարզ ճշմարտություն է և տեղավորվում է ռեալպոլիտիկի իրողությունների մեջ, որ սա հավելյալ անգամ ապացուցելու կամ բացատրելու կարիք, կարծում եմ, չկա», — շեշտում է քաղաքագետը։
Քոչինյանի խոսքով՝ հենց դա է պատճառը, որ Ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթանակից հետո կոնֆլիկտի լուծման ամեն հաջորդ փաթեթ կամ առաջարկ «ավելի ու ավելի քիչ էր ելնում հայկական կողմի շահերից»:
Քաղաքագետի գնահատմամբ՝ վարչապետը փաթեթներ կամ առաջարկներ է գաղտնազերծում, խախտում գաղտնիության ռեժիմը, սակայն փաստաթղթեր չի ներկայացնում:
«Կամ ներկայացնում է միայն այն մասը, որը շահեկան է իր՝ այդ պահի քաղաքական շահերը սպասարկելու համար, կամ ներկայացնում է խոսակցություն, որն ընդհանրապես կապ չունի քննարկվող փաստաթղթերի հետ», — կարծում է Արեգ Քոչինյանը: