«Պայմանները լինելու են շուկայական»․ ՀՀ փոխվարչապետը՝ Ադրբեջանից նավթամթերք ներկրելու մասին
Ադրբեջանական նավթի ներկրում Հայաստան
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր հաստատել է՝ Երևանն ու Բաքուն քննարկել են Ադրբեջանից ՀՀ նավթի և նավթամթերքի արտահանման հարցը։ Արձագանքելով «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը՝ Գրիգորյանը նշել է՝ կան համագործակցության հնարավորություններ։
Մեկ շաբաթ է, ինչ մեդիա տիրույթում թեման անդադար քննարկվում է։ Ադրբեջանական նավթամթերքի հնարավոր արտահանման մասին առաջինը հայտարարել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նա նշել էր, որ երկու երկրների փոխվարչապետները նման համաձայնություն են ձեռք բերել օրեր առաջ՝ Գաբալայում կայացած սահմանազատման հանձնաժողովների հանդիպման ժամանակ։ Հաջիևը դա «աննախադեպ զարգացում» էր բնորոշել։
Հարևան Վրաստանը, իր հերթին, նշել էր, որ առաջին տարանցման համար տուրք չի գանձի։ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարը Թբիլիսիի այս քայլը որակել էր որպես «խաղաղության գործընթացին ուղղված սիմվոլիկ ժեստ»։ Թե երբ է նախատեսվում առաջին խմբաքանակի ներկրումը՝ ոչ Երևանը, ոչ էլ Բաքուն չեն հաղորդել։
«Ես մամուլում կարդում եմ, որ քննարկվում է նավթամթերքի ներմուծման հարցը։ Սա բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականություն է, որտեղ մենք, ի վերջո, ունենք հաջողություն։ Պետք է այս հաջողությունը զարգացնել»,- նախօրեին Համբուրգում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պաշտոնյաների լավատեսական հայտարարությունների ֆոնին փորձագետները նշում են՝ հնարավոր գործարքին տնտեսական գնահատական պետք է տալ միայն այն բանից հետո, երբ պարզ կլինի՝ ի՞նչ գնով է Ադրբեջանը պատրաստ վառելիք վաճառել ՀՀ-ին։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է՝ «պայմանները լինելու են շուկայական»։
Այս պահին հայտնի բոլոր մանրամասները, տնտեսագետ Սուրեն Պարսյանի մեկնաբանությունը
- Երեք նոր սահմանապահ ուղեկալներ ՀՀ-Ադրբեջան սահմանին. ինչո՞ւ են դրանք տեղակայվել
- «Երկաթյա վարագույրը փլուզելու փորձ». հայ փորձագետները՝ Բաքու կատարած այցի մասին
- «Ստվերային» նավթի հոսք Ռուսաստանից Եվրոպա՝ Ադրբեջանով. բրիտանական նոր պատժամիջոցներ
Մի շարք անպատասխան հարցեր կան
Մինչ այս պահը չի հաղորդվել՝
- ե՞րբ է նախատեսվում նավթամթերքի առաջին խմբաքանակի ներկրումը,
- ի՞նչ ծավալների մասին են պայմանավորվել կողմերը,
- հայաստանյան ո՞ր ընկերություններն են հետաքրքրված Ադրբեջանից նավթի և նավթամթերքի ձեռքբերմամբ,
- ի՞նչ գնային առաջարկ է արել Ադրբեջանը։
Այս հարցերը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է ուղղել «Ազատություն» ռադիոկայանը` հետաքրքրվելով նաև, թե արդյո՞ք առաջարկվող գինը կլինի մրցունակ ՌԴ-ից ներկվող վառելիքի հետ։
«Վառելիքի հետ կապված հետագա ընթացքն արդեն մասնավոր արտահանողների և ներկրողների համագործակցության տիրույթում է։ Իսկ հնարավոր գործարքների պայմանները լինելու են շուկայական»,- արձագանքել է փոխվարչապետը։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել էր, որ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը քննարկել են երկու երկրների միջև փոխադարձ առևտրի որոշակի ոլորտներ։ Թե նավթամթերքից բացի ո՞ր ոլորտների մասին է քննարկում եղել՝ հայտնի չէ։ Հայկական կողմից միայն նշել են, որ «այլ ապրանքների գծով քննարկումները դեռ շարունակվում են»:
Փորձագիտական կարծիք
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի փոխանցմամբ՝ Հայաստանը տարեկան մոտ 300 հազար տոննա բենզին և դիզելային վառելիք է սպառում։ Դրա գրեթե 90 տոկոսը ներկրում է Ռուսաստանից, շատ փոքր քանակություն՝ Ռումինիայից, Վրաստանից և այլ երկրներից:
Ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Վրաստանի տարածքով՝ երկաթուղային ճանապարհով ՀՀ հասնող ռուսական նավթամթերքը որևէ փորձաքննություն չի անցնում, քանի որ ներկրվում է ԵԱՏՄ տարածքից։ «Ազատության» հետ զրույցում Պարսյանը շեշտել է՝ ԵԱՏՄ կանոնների համաձայն՝ ադրբեջանական նավթամթերքը նախ պետք է փորձաքննություն անցնի․
«Ադրբեջանական վառելիքը պետք է գա Հայաստան ստուգվելուց հետո միայն, պետք է փորձաքննություն անենք, պարզելու՝ արդյոք ադրբեջանական վառելիքը բավարարո՞ւմ է եվրասիական ստանդարտներին, թե՞ ոչ»։
Տնտեսագետի խոսքով՝ ստանդարտներին չհամապատասխանելու պարագայում վառելիքը չի կարող մուտք գործել ԵԱՏՄ տարածք՝ Հայաստան։
Կարծում է՝ պակաս կարևոր չէ նաև այն, թե ի՞նչ գնով է Ադրբեջանը պատրաստ վառելիք վաճառել Հայաստանին: Շեշտում է՝ առանց դա իմանալու հնարավոր չէ գործարքին տնտեսական գնահատական տալ։
Պարսյանի խոսքով՝ ՀՀ-ն Ռուսաստանից վառելիք է ձեռք բերում շուկայականից ավելի մատչելի գնով, քանի որ գործում է միջպետական համաձայնագիր։ ՌԴ-ն Հայաստանի նկատմամբ չի կիրառում արտահանման տուրքեր:
Փորձագետից հետաքրքրվել են՝ արդյո՞ք ադրբեջանական վառելիքի ներկրումը ավելի թանկ կլինի Հայաստանի համար, քան ներկրումը որևէ այլ՝ ԵԱՏՄ անդամ երկրից։
«Երկու ամիս առաջ որոշում կայացվեց՝ 3-րդ երկրներից բենզին, դիզելային վառելիքի ներկրումը ազատել մաքսատուրքերից, այդ թվում՝ Ադրբեջանից»,- ի պատասխան նշել է նա։
Ադրբեջանական ընկերությունների անուններ մամուլում դեռևս չեն շրջանառվում։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը հիշատակել է դրանցից մեկը՝ SOCAR-ը, որը ցանց ունի նաև Վրաստանում և մրցունակ գներ է առաջարկում վրացական շուկային:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ադրբեջանական նավթի ներկրում Հայաստան