«Առաջին առևտրատնտեսական գործարքն անկախությունից ի վեր»․ ադրբեջանական բենզինը հասավ ՀՀ
Ադրբեջանական բենզինի առաջին մատակարարումը ՀՀ
Հայաստանի Էկոնոմիկայի նախարարը հայտնել է, որ ադրբեջանական ծագման (Socar ընկերության) A95 բենզինը հատել է Հայաստան-Վրաստան սահմանը։ Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով ՀՀ է եկել 1218 տոննա ծավալով 22 վագոն։
«Թերևս, սա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունից հետո, այլև առհասարակ անկախությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է»,- ֆեյսբուքյան էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Հայտնի է, որ Վրաստանն առաջին խմբաքանակի համար գումար չի գանձել։ Հայկական կողմի բնորոշմամբ՝ դա «խաղաղության գործընթացին ուղղված ժեստ է»։ Սոցցանցերում և տարբեր ԶԼՄ-ներում կան տեղեկություններ, որ հետագա մատակարարումների համար վրացական կողմը բարձր սակագին է պահանջում։ Նախօրեին այդ մասին ակնարկեց նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչ վերաբերում է հետագա ընթացքին, ես գիտեմ, որ վրացական երկաթուղու սակագնի հետ կապված որոշակի հարցեր կան: Եվ հույս ունեմ, որ այդ հարցերը կամ կկարգավորվեն, կամ եթե չկարգավորվեն, տրամաբանորեն տնտեսվարողները այլընտրանքային ձևեր կփնտրեն՝ ներմուծումը և արտահանումը ապահովելու»,- հայտարարեց նա։
Ողջունելով տեղի ունեցող զարգացումները՝ վարչապետը նշեց, որ թեև առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց դրա համար «քաղաքական պայմաններ» է ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը։
Փորձագետները դրական են գնահատում դիվերսիֆիկացիայի այս փորձը, սակայն շեշտում են՝ դեռևս վաղ է խոսել գների իջեցման մասին։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանն անցած տարի 490 հազար տոննա բենզին է ներկրել, որից 300 հազար տոննան՝ Ռուսաստանից:
Հաղորդվում է, որ ադրբեջանական վառելիքը ՀՀ են ներկրել հայկական 2 մասնավոր ընկերություններ։
Այս պահին հայտնի տեղեկությունները, փորձագետների և քաղաքացիների կարծիքը
- «Երկաթյա վարագույրը փլուզելու փորձ». հայ փորձագետները՝ Բաքու կատարած այցի մասին
- «Խաղաղությունը ՀՀ-ից մեքենայով Բաքու և Ադրբեջանից Երևան գնալու մասին է»․ Փաշինյան
- «ԱՄՆ-ի նման հզոր պետությունը կապվել է Հարավային Կովկասին, սա խաղ չէ». կարծիք
«Բարձր որակի բենզին է»․ ի՞նչ է հայտնի այս պահին
Վառելիքի մատակարարման շուրջ ձեռքբերված պայմանավորվածության մասին Բաքուն հաղորդել էր դեռևս նախորդ շաբաթ։ Ադրբեջանական բենզինի արտահանումը դեպի Հայաստան տեղի է ունենում նոյեմբերի 28-ին Գաբալայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների միջև ձեռքբերված պայմանավորվածության արդյունքում:
«Գործարքը կրում է բացառապես կոմերցիոն բնույթ, իսկ բենզինը վաճառվել է միջազգային շուկայական գներին համապատասխան»,- հաղորդել է ադրբեջանական APA գործակալությունը։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նախօրեին «Ազատության» հետ զրույցում նշել էր՝ Հայաստան ներկրվող բենզինը բարձր որակի է: Խոսելով ադրբեջանական բենզինի մրցունակության մասին՝ նախարարը նկատել էր․
«Եթե բիզնեսը շարունակեց բերել, և գները իջան, ուրեմն մրցունակ է։ Եթե գները չիջնեն, ենթադրում եմ՝ բիզնեսը չի էլ բերի»։
Նախարարը դրական էր գնահատել բենզինի մատակարարման փաստը և այն դիտարկել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի համատեքստում։
«Եկեք ֆիքսենք, որ պատերազմի փոխարեն առևտուր ենք անում: Պատերազմը կորուստներ է, առևտուրը՝ բարեկեցություն»,- հայտարարել էր Պապոյանը։
Բեռը դեռ պետք է ստուգում անցնի
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության «Վանաձոր» գծակայարանային միավորման պետ Սերյոժա Մկրտչյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հիշեցրել է՝ բեռը բաց թողնելուց առաջ նախ այն պետք է ստուգում անցնի, քանի որ ԵԱՏՄ տարածքից չի ներկրվել։
«Քանի որ այն չի համարվում ԵԱՏՄ բեռ, բեռն անպայման անցնելու է մաքսային ստուգում։ Ստուգումը կատարվում է հետևյալ ձևով՝ անջատվում է գնացքի բարձրավոլտ էլեկտրոլարերի մեջի հոսանքը, բացվում են ցիստեռների կափարիչները, մաքսավորները չափումներ ու նմուշառում են կատարում՝ որակն ու քանակը ստուգելու համար։ Կայարանում և մաքսային ծառայությունում փաստաթղթերը ստուգելուց հետո բեռը պատրաստվում է ուղարկման»,- մանրամասնել է նա։
Մկրտչյանի փոխանցմամբ՝ նկարագրված գործընթացը տևելու է մոտավորապես 2 ժամ, այնուհետև գնացքի 11 վագոններն «Այրում» կայարանից շարժվելու են դեպի «Երևան» երկաթուղային կայարան, մյուս 11 վագոնները՝ «Կարմիր բլուր» երկաթուղային կայարան։
Փորձագիտական կարծիք
Տնտեսագետ Դավիթ Իսախանյանը նկատել է․
«Հայաստանի տարեկան բենզինի պահանջարկը մոտ 480․000 տոննա է, ուստի 1200 տոննան կազմում է ընդամենը 0,25 %։ Այսպիսով՝ առանձին ներմուծումը շուկայական գների վրա զգալի ազդեցություն չի ունենա։
Իրական փոփոխություն կարող է նկատվել միայն այն դեպքում, երբ նման մատակարարման ծավալները կդառնան կայուն ու զգալի, այսինքն՝ կազմեն շուկայի նկատելի մասնաբաժին և ստեղծեն մրցակցային ճնշում։
Այս փուլում նպատակահարմար է չունենալ կարճաժամկետ գների իջեցման ակնկալիքներ և չապրել էմոցիոնալ արձագանքներով։
Սկսվում է շուկայում մատակարարների դիվերսիֆիկացիայի փորձ, որի իրական ազդեցությունն առայժմ սահմանափակ է, բայց որպես երկու երկրների միջև համագործակցություն՝ դրական ու հեռանկարային»։
Մեկնաբանություններ սոցցանցերից
Սոցցանցերի հայկական տիրույթում քաղաքացիներն ակտիվորեն քննարկում են թեման։ Մի մասն ադրբեջանական բենզինի ներկրումն ընկալում է որպես դրական իրադարձություն, մյուսներն Ադրբեջանի հետ տնտեսական գործարքը բնորոշում են որպես «դավաճանություն»։
Քաղաքացիներից մեկն Էկոնոմիկայի նախարարի գրառման տակ գրել է՝ «Հայի արյունը բենզինի գին չունի»։ Ի պատասխան Գևորգ Պապոյանը նշել է՝ «այլևս թույլ չեմ տա հայի արյուն թափվի, բենզին՝ ինչքան կուզեք»։
Այլ կարծիքներ․
«Շատ ավելի լավ կլինի, երբ գնացքը Ադրբեջանից միանգամից մտնի Հայաստան` առանց Վրաստանի թանկարժեք մուննաթի»։
«Ուրախալի առաջընթաց է։ Իսկ Հայաստանից դեպի Ադրբեջան ապրանքների հոսք սպասվո՞ւմ է»։
«Անհայրենիք ոչնչություննե’ր, ձեզ նույնիսկ ոչ մի տեսակի կենդանու հետ չի կարելի համեմատել։ Ցնծացե’ք, նույն ոգևորությամբ շուտով թուրքին եք ընդունելու ձեր տներում»։
«Ներդրում ենք ունենում Բաքվի ռազմական բյուջեում»։
«Խայտառակություն։ Դարերով հայերի արյունը տենչող ազերիների ուղարկածից եք ուրախանում երկու կոպեկի համար։ Ամոթ ձեզ»։
«Տրամաբանորեն արժեքը պիտի ավելի ցածր լինի։ Այ որ օրենք մշակվի գները կառավարելու, ճիշտ կլինի։ Գերշահույթ չեն հետապնդի»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ադրբեջանական բենզինի առաջին մատակարարումը ՀՀ