Ադրբեջանական բանկեր. ի՞նչ սպասել
Բանկերը, կարելի է ասել, «գրավել են» նորությունների վերնագրերը. Միջազգային բանկի՝ կանխիկի «բանկոմատային» ճգնաժամ, դոլարի պակաս և այլն: Անցնող տարին հարուստ էր ֆինանսա-բանկային ոլորտում իրադարձություններով:
Եթե տարվա սկզբում երկրում 43 բանկ էր գործում, ապա նոյեմբերի վերջին դրանց թիվը հասնում էր 32-ի: Ընդ որում, բանկերը կրճատումների տեմպերով երկրորդն են շինարարական ընկերություններից հետո՝ համապաստախանաբար 4 և 2 հազար մարդ: «Երկու արժեզրկումների տարում» սկսված գործընթացները միայն խորացան իրական հակաճգնաժամային միջոցների բացակայության պատճառով:
Իսկ ինչո՞վ էին զբաղված կառավարությունն ու բանկերի գործունեությունը վերահսկող Կենտրոնական բանկը: 2016թ-ի փետրվարին նախագահի հրամանով բանկային, ապահովագրական և ֆինանսական գործունեության ոլորտը կարգավորող նոր մարմին ստեղծվեց՝ Ֆինանսական շուկաների վերահսկողության պալատը: ԿԲ-ն «կենտրոնացավ» զուտ ֆինանսական ցուցանիշների վրա, իսկ բանկերի գործունեության անմիջական պատասխանատվությունը դրվեց նոր պալատի վրա:
Հաշվի առնելով վերջերս տեղի ունեցած արժեզրկումն ու նավթի գների անկումը, ԿԲ-ն գործողությունների այնքան էլ շատ տարբերակներ չուներ: Սկզբում այն շարունակեց կրճատել շրջանառության մեջ գտնվող գումարի ծավալն արտարժույթի պահանջարկը կրճատելու և ազգային փոխարժեքի պահանջարկը բարձրանացնելու համար:
Մանաթն ավելի թանկ դարձնելու համար ԿԲ-ն 4 փուլով զեղչման դրույքը 5 անգամ բարձրացրեց՝ 3-ից 15% դարձնելով այն: Զեղչման դրույքը այն փողի կամ տոկոսի «արժեքն» է, որով ԿԲ-ն ազգային արժույթը տրամադրում է բանկերին:
Սակայն արդյո՞ք որևէ բան փոխվեց: Ընդհանուր առմամբ, շրջանառության մեջ գտնվող մանաթային զանգվածը կրճատելուն ուղղված ԿԲ գործողությունները սկսվել են դեռևս 2015թ-ին: Դրամական բազայի առավելագույն ցուցանիշը (շրջանառության մեջ գտնվող կանխիկ միջոցների քանակ) գրանցվել է 2014թ-ի դեկտեմբերին:
Արտարժույթով ավանդների ծավալը վերջին տարում նվազել է մոտ 25-30%-ով: Իսկ դա խոսում է այն մասին, որ ավանդատուներն առաջին հերթին շարունակում են իրենց արտարժույթով վարկերը վերցնել բանկերից, ինչը բարձրացնում է արտարժույթի պահանջարկը, չնայած որ նախկինում ավանդատուները պարզապես իրենց մանաթով ավանդները փոխարինում էին արտարժույթով ավանդներով:
Եթե 2015թ-ի սկզբին արտարժույթով և մանաթով ավանդների հարաբերակցությունը 4,3-ը 6,8 մլրդ-ի էր, ապա 2015թ-ի վերջին՝ 12,6-ը 3,9 մլրդ մանաթի: Եթե վերցնենք դոլարի միջին փոխարժեքը 2016թ-ին՝ 1,57 և հաշվի առնենք, որ արտարժույթի 85%-ը մեզ մոտ ԱՄՆ դոլարն է կազմում, ապա բանկերից ավանդատուները մոտ 2 մլրդ դոլար են վերցրել: Նույնիսկ եթե հաշվի առնենք, որ մոտ 400 մլն դոլարը բաժին է ընկնում սնանկացած բանկերին, ապա մյուսներին միջինում բաժին է ընկնում 1 մլրդ դոլար, ինչը քիչ չէ փոքր ադրբեջանական տնտեսության համար:
Մյուս կողմից, ԿԲ-ն շտապ կերպով ստիպված էր լուծել սնանկացած բանկերի ավանդների հարցը: Այսպես, բոլոր փակված բանկերն Ավանդների ապահովագրման ֆոնդի անդամ էին: Հետևաբար, դրանց ավանդատուներն իրենց գումարները պետք է ետ ստանային: Ընդ որում, ընթացիկ տարվա մարտի 2-ից ավանդատուներ ներգրավելու համար ավանդների ապահովագրման օրենսդրությունը փոփոխվեց: Եթե նախկինում ապահովագրվում էր տարեկան 12% տոկոսադրույքով մինչև 30 հազար մանաթ ավանդը, ապա տոկոսադրույքն այժմ բարձրացվել է մինչև 15%, իսկ ավանդի վերին շեմն ընդհանրապես հանվել է:
Այդ ընթացքում ԿԲ-ն ետ էր կանչել միայն 6 բանկի լիցենզիա: Դրանց ավանդատուներին 177 մլն մանաթ փող է վերադարձվել: Հաշվի առնելով Ավանդների ապահովագրման ֆոնդի միջոցները, ավանդների նման ծավալը կօգներ ինչ-որ կերպ հաղթահարել իրավիճակը: Սակայն օրենսդրության փոփոխությունից հետո շատ ավանդատուներ վերակնքեցին ավանդների իրենց պայմանագրերը, և այժմ ցանկացած սնանկացում կարող էր հարվածել ֆոնդին:
Դեպքն իրեն սպասեցնել չտվեց. հուլիսի վերջին պալատը ետ կանչեց ևս 4 բանկերի լիցենզիաները, իսկ ավանդների առումով երկրի երկրորդ խոշորագույն Bank Standard-ում արտաքին կառավարում նշանակվեց:
4 բանկերի ավանդատուներին ստիպված 125 մլն մանաթ վճարվեց: Եվ դրանից հետո ֆոնդը ստիպված եղավ դիմել ԿԲ օգնությանը, քանի որ այն պարզապես էլ գումար չուներ նման վճարումներ անելու համար: Սակայն առաջնային վարկն ընդամենը 25 մլն մանաթ կազմեց: Թվում է, թե գումարն այնքան էլ մեծ չէ և այդ պահին խոշորագույն փակված Texnikabank-ը շուկայում միջին դիրքեր էր զբաղեցնում: Ոչ ոք չէր մտածում, որ երկրի խոշորագույն բանկերից մեկին թույլ կտան սնանկանալ:
Սակայն դրանով ամեն ինչ չավարտվեց: Պալատը Bank Standard-ի մոտ երկու ամիս կառավարումից և կառույցի ղեկավարի այն խոստումից հետո, որ այլևս ոչ մի բանկ չի փակվի, ստիպված էր ավանդների ծավալով երկրում երկրորդ խոշորագույն բանկի լիցենզիան ետ կանչել: Այստեղ արդեն խոսքը գնում էր կես միլիարդ մանաթի մասին: Ընդ որում, այդ ավանդների միայն 38 մլն էր մանաթով, մնացածները դոլարով էին (265 մլն դոլար):
Այս պարագայում պետությունը ԿԲ միջոցով ստիպված էր միջամտել (օրենսդրորեն պետությունը չի կարող օգնել բանկերին) և գումար տրամադրել: Արդյունքում, նոյեմբերի 20-ի տվյալներով 11 բանկերի ավանդատուներին ընդհանուր առմամբ 700 մլն մանաթ է վճարվել:
Այժմ իրավիճակը ոչ մի լավ բան չի խոստանում: Բանկերը մի քանի անգամ կրճատել են վարկերի տրամադրումը՝ զբաղվելով միայն արտասհմանցի վարկատուներից վերցրած իրենց վարկերի մարմամբ: Այսպես, տնտեսությունում վարկերի ծավալը կրճատվել է 21ի-ց մինչև 15.5 մլրդ մանաթ: Հիփոթեքային վարկեր ընդհանրապես չեն տրվում, իսկ մնացած ուղղություններով կարելի է ասել, որ վարկեր փաստացի չեն տրամադրվում:
Ընդ որում, ադրբեջանական բանկերի պարտքերն արտասահմանյան ֆինանսական կառույցների հանդեպ կրճատվել են 1.3 մլրդ դոլարով (այլ կերպ ասած, այդ գումարը պարզապես դուրս է բերվել երկրի տնտեսությունից):
Շրջանառությունում արտարժույթի պակասի պատճառով արտարժույթով գործարքների ծավալը կրճատվել է ավելի քան 2-3 անգամ: Օրինակ, եթե 2015թ-ի սեպտեմբերին դոլարի առքուվաճառքի գործարքների ծավալը կազմում էր 800 մլն դոլար, ապա 2016թ-ի սեպտեմբերին՝ 379 մլն դոլար, ինչը խոսում է տնտեսական ակտիվության անկման մասին. երկիր մտնող արտարժույթի և արտասահմանյան ռեզիդենտների հետ կապված այլ գործարքների կրճատման մասին:
Այս ընթացքում պալատն ու ԿԲ-ն աշխատում են նոր օրենքի վրա, որը կառավարությանը թույլ կտա բանկերին փրկել: Իսկ եթե հաշվի առնենք, որ վերջերս երկրի խոշորագույն բանկը՝ Ադրբեջանի միջազգային բանկը, հաշվետվություն ներկայացրեց այն մասին, որ «առողջացման միայն առաջին փուլի» շրջանակում «Ագրարկրեդիտ» ՍՊԸ-ին է փոխանցել 10 մլրդ մանաթի խնդրահարույց վարկ (ներկա պահին 14 մլրդ մանաթ ընդհանուր ակտիվների պայմաններում), ապա դա խոսում է այն մասին, որ շուտով կլսենք խոշոր սնանկությունների և բանկային ոլորտում պետության ավելի ակտիվ միջամտության մասին:
Հրապարակվել է 28.11.2016