Աբխազիայում պահանջում են բացել Ռուսաստանի հետ սահմանը, վարակման դեպքերի քանակն աճում է
Աբխազիայում բողոքում են Ռուսաստանի հետ սահմանի փակման երկարաձգման դեմ այն ֆոնին, որ կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը հանրապետությունում աճում է։ Նախագահը հատուկ ուղերձ է հղել։ Կորոնավիրուս է հաստատվել Աբխազիայի խորհրդարանի պատգամավորի մոտ, այդ պատճառով էլ որոշվել է թեստավորել բոլոր պատգամավորներին։
Ակցիա Գագրա քաղաքում
Գագրա քաղաքի բնակիչները (Ռուսաստանի սահմանից ոչ հեռու), որոնք անհանգստացած են Աբխազիայում տիրող իրավիճակով, ցույց են կազմակերպել։ Քաղաքացիների մի մասը կողմ է Ռուսաստանի հետ սահմանների բացմանը, մյուսները վախենում են կորոնավիրուսի տարածումից, երրորդները նյութական օգնություն են խնդրում։
Մարդիկ հիմնականում հստակություն էին պահանջում կառավարության գործողություններում։ Ուզում էին իմանալ, թե ինչ սպասել։ Հրապարակ դուրս գալու գլխավոր դրդապատճառը տնտեսական դժվարություններն են, որոնց բախվել են հանրապետության հիմնական հանգստավայրային շրջանի բնակիչները։ մարդիկ ասում են, որ սպառել են իրենց պահուստներն ու չգիտեն, թե ինչպես են ձմեռն անցկացնելու։
«Մեզ պետք է 10 հազարական ռուբլի [մոտ $135] ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։ Անգամ եթե ամսի չորսին սահմանը բացվի, մեզ դա էլ չի օգնի։ Ինչպե՞ս երեխաների համար հագուստ գնենք։ Մեկ երեխայի հագուստը 20 հազար ռուբլի [մոտ $270] արժե», — պարզաբանում էին քաղաքի բնակիչները հանրահավաքի ժամանակ։
Նրանց պահանջները լսել են շրջանային ժողովի պատգամավորներն ու Գագրայի շրջանի ղեկավար Յուրի Խագուշը։ Շրջանային պատգամավորներն ու պաշտոնյաները պատասխանել են, որ համավարակի ընթացքում բնակիչներին բազմիցս օգնություն է տրամադրվել։ Բայց նշել են, որ իրենք լսել են մարդկանց խնդիրներն ու դրանք կփոխանցեն նախագահին։
Ցուցարարները խաղաղ ցրվել են։ Իսկ սոցցանցերում համաքաղաքացիների այս ակցիան ոչ միանշանակ է ընկալվել։
«Ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար 10 հազար ռուբլին 250 000 հազար մարդ բնակչության դեպքում 2,5 մլրդ ռուբլի է [մոտ $34 մլն]։ Ամսական պետությունն այսքան գումա՞ր պետք է վճարի։ Մարդուն հաշվիչ նվիրեք։ Դա մեր երկրի սեփական տարեկան բյուջեն է», — գրում է մի օգտատեր։
«Իսկ ի՞նչ անեն մյուս շրջաններն՝ Օչամչիրեն, Թքվարչալը [Աբխազիայի արևելյան հատված – JAMnews]։ Անխիղճներ, կարծես էլ հաց չունեն ուտելու։ Վախենում են, որ սեզոնի ավարտին նոր «Լեքսուս» չեն գնի կամ հյուրանոցում ևս մի հարկ չեն կառուցի», — կարծում է մյուսը։
Հիշեցնենք, որ հուլիսի 28–ին Աբխաիայի նախագահ Ասլան Բժանիան երկարաձգել է Ռուսաստանի հետ պետական սահմանին սահմանափակումների ռեժիմը մինչև օգոստոսի 4–ը։
Այնինչ, Աբխազիայում կորոնավիրուսով վարակվածների կտրուկ աճ է նկատվում։ Հուլիսի 20–ին իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ բուժվել է կորոնավիրուսով վերջին հիվանդը, սակայն մի քանի օր անց նոր հիվանդներ են հայտնաբերվել։ Այժմ գրանցվել է 24 դեպք։ Հիվանդներից մեկը մահացել է։
Նախագահի ուղերձը
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան, ելնելով ստեղծված իրավիճակից, համավարակի մեկնարկից ի վեր առաջին անգամ է ժողովրդին հատուկ ուղերձով դիմել․
«Երկրի ղեկավարությունը գիտակցում է դրության ողջ բարդությունը։ Մենք հասկանում ենք, թե ինչ վիճակում են հայտնվել քաղաքացիները պետական սահմանի փակման պատճառով։ Սակայն մենք ելնում ենք նրանից, որ պետության համար ավելի բարձր արժեք չկա, քան քաղաքացու կյանքն ու առողջությունը»։
Ըստ նախագահի՝ Ռուսաստանի հետ պետական սահմանը միակողմանիորեն բացել հնարավոր չէ, սակայն Աբխազիայի իշխանությունները «մշտական շփման մեջ են ռուսական կողմի հետ երկու երկրների քաղաքացիների կյանքի և առողջության համար առավել անվտանգ լուծում մշակելու համար։ Մոտ ապագայում այդ լուծումը կգտնվի»։
Նախագահը հավատացրել է, որ միջոցներ է ձեռնարկում՝ քաղաքացիների համար համաճարակի հետևանքները նվազագույնի հասցնելու համար։
Պատգամավորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
COVID-19 ախտորոշումը հաստատվել է Աբխազիայի խորհրդարանի պատգամավորներից մեկի մոտ։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Վալերի Կվարչիան։ Այդ առնչությամբ որոշվել է թեստավորել Ժողովրդական ժողովի բոլոր անդամներին։
Պատգամավոր Լևոն Գալուստյանն ինքնակամ է որոշել իր վարորդի հետ միասին կորոնավիրուսի թեստ հանձնել, քանի որ նրա հարևաններից մեկը դրանից մի քանի օր առաջ վարակվել էր։
Վարորդի թեստը բացասական է եղել, իսկ պատգամավորի թեստի արդյունքները ձգձգվել են։ Ըստ պատգամավորի՝ այն մասին, որ իր թեստը դրական է, նա իմացել է համաճարակային լաբորատորիայի անվտանգության աշխատակցից։ Սակայն հաստատված ախտորոշմամբ ոչ մի պաշտոնական թուղթ Գալուստյանը չի տեսել։
«Մենք այդպիսի տեղեկություններ ունենք մասնագետներից։ Ախտորոշումը հաստատվել է», — այդ ընթացքում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Վալերի Կվարչիան։
Հուլիսի 30–ին Ժողովրդական ժողովում պետք է կայանար պատգամավորների հանդիպումն Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի հետ։ Սակայն Լևոն Գալուստյանի վարակման պատճառով հանդիպումը չեղարկվել է, իսկ բոլոր պատգամավորները գնացել են թեստ հանձնելու։
Լուսանկարը՝ go-abxazia.ru
Հրապարակման հեղինակի օգտագործած եզրերը, տեղանունները, կարծիքներն ու գաղափարները պատկանում են միայն նրան, և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, կհնչեն որպես բռնության կոչեր կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով: