Աբխազիա. կառավարությունը եկեղեցի՞ է ընտրում
Աբխազիայի նախարարների կաբինետի կայքում հրապարակված է Աբխազական ուղղափառ եկեղեցու Եկեղեցական խորհրդի նախագահ, քահանա Վիսարիոն Ապլիայի ուղերձը: Նա կոչ է անում կառավարությանը միջամտել և Աբխազիայի սուրբ թեմից խլել ապօրինի կերպով նրա վերահսկողության տակ գտնվող Սուրբ Սիմոն Կանանիտա առաքյալի վանքը Նոր Աֆոնում:
Սակայն խնդիրը կապված է ոչ թե կրոնի, այլ աբխազա-վրացական կոնֆլիկտի հետ, ինչը խնդրի լուծումն ավելի խրթին է դարձնում:
Չնայած որ Աբխազիայի անկախությունը Ռուսաստանն ընդունել է 2008-ին, Աբխազական ուղղափառ եկեղեցին շարունակում է պաշտոնապես մնալ Վրացական ուղղափառ եկեղեցու կազմում: Անկախ կարգավիճակ ձեռք բերելու համար այն պետք է սեփական եպիսկոպոսն ունենա:
Եպիսկոպոս ձեռնադրել ու Աբխազիայում անկախ թեմ ստեղծել կարող է աշխարհի ցանկացած պատրիարքարան: Աբխազական եկեղեցին 1990-ականների կոնֆլիկտի ռազմական փուլից հետո նման խնդրանքով պարբերաբար դիմում է Ռուսական ուղղափառ եկեղեցուն, սակայն համաձայնություն չի ստանում, քանի որ, չափազանց պահպանողական եկեղեցական օրենքները խախտելու դեպքում, Ռուսական եկեղեցին կոնֆլիկտ կունենա ոչ միայն Վրացական ուղղափառ, այլև աշխարհի բազմաթիվ այլ եկեղեցիների հետ:
Աբխազական ուղղափառ եկեղեցու հոգևորականները տեր Վիսարիոնի գլխավորությամբ ըմբռնումով են մոտենում այս խնդրին և կարծում են, որ անհրաժեշտ է ամրապնդել հարաբերությունները Ռուսական ուղղափառ եկեղեցու հետ և սպասել կարգավիճակի փոփոխման համար հարմար պահի:
Այնուամենայնիվ, 2011թ-ին Աբխազիայում ստեղծվել է Աբխազիայի սուրբ թեմը, որը նպատակադրվել է անկախ Աբխազական ուղղափառ եկեղեցի հիմնել որքան հնարավոր է արագ: Ռուսական ուղղափառ եկեղեցու հետ համագործակցության անհրաժեշտություն նրանք չեն տեսնում և հղում են անում Կոստանդնուպոլսի Բարդուղիմեոս պատրիարքին: Աբխազիայի սուրբ թեմի առաջնորդը վարդապետ Դորոֆեյն (Դբար) է:
Նախարարների կաբինետի կայքում հայտարարություն տեղադրելը շատերի մոտ տպավորություն ստեղծեց, որ կառավարությունը պատրաստ է աջակցել Եկեղեցական խորհրդին: Սոցկայքերում սկսված քննարկումներում օգտատերերը հարցադրում էին անում. մի՞թե հրապարակումը չի նշանակում, որ «որոշվել է» վանքը Եկեղեցական խորհրդին վերադաձնել ուժային կառույցների օգնությամբ:
Հայտնի քաղաքագետ Արդա Ինալ-Իպան Աբխազիայի նախագահին ուղղված բաց նամակում Աբխազիայի սուրբ թեմի շուրջ ծավալվող իրադարձությունները «անարդար» է որակում: Բացի այդ նա մատնանշում է ներեկեղեցական կոնֆլիկտին պետական միջամտության վտանգը:
«Աբխազիայի սուրբ թեմի առաջնորդներին «խելքի բերելու» և համոզելու նպատակով բազմաթիվ հանդիպումները վկայում են Աբխազիայի Հանրապետության սահմանադրության և «Աբխազիայի Հանրապետությունում խղճի ազատության և կրոնական միավորումների մասին» օրենքի խախտման մասին, որով կարգավորվում է եկեղեցու և պետության տարանջատումը և ապահովվում վերջինիս աշխարհիկ բնույթը»:
Սոցկայքերում հնչող տիպիկ կարծիքները
«Եկեղեցական գործերի մասին ընդհանրապես լռում եմ, պետությունը չպետք է դրանց խառնվի: Մեր պետությունն աշխարհիկ է և կրոնական հարցեր հաստատ չի լուծում, ուղղափառությունից զատ շատ այլ բաներ կան (առաջին հերթին՝ ավանդական կրոնը): Թող հոգևորականներն իրենք հաշտվեն, իսկ նրանց կոնֆլիկտները վերջնականապես կստիպեն մարդկանց եկեղեցուց երես թեքել»:
«Սուրբ թեմը թող իր աստծուց պաշտպանություն խնդրի, իսկ այսպես կոչված Աբխազական ուղղափառն իր աստծուց՝ խելք»:
«Կարդում եմ ու զարմանում մարդկանց հիմարության վրա՝ թե՛ պաշտոնյաների, թե՛հասարակ քաղաքացիների: Եթե դիտարկենք Աբխազիայի պատմությունը, կհիշենք, որ բոլորն այսօր հիանում են Աբխազիայի անցյալով: Օրինակ, Լեոն արքայով, Կելեշբեյ Չաչբայով, Ն. Լակոբայով, Ե. Էշբայով, Ո. Արձինբայով: Պարզ է, որ նրանք նույնպես տարբեր թշնամիներ են ունեցել, որոնք ոչնչացվել են կամ կոչնչանան, իսկ ահա այդ հերոսների անունները կմնան առհավետ: Ի՞նչ եմ ուզում ասել: Մեր աչքի առաջ տեղի է ունենում Աբխազիայի ավտոքեֆալիայի վերածնունդը, պետություն է արարվում, բայց տեսեք, թե զանգվածներն ինչպիսի պասիվությամբ են դա ընկալում: Կանցնի 10, 15, 25, 30 տարի, հայտնի չէ, և բոլորը կսկսեն հպարտանալ, որ Աբխազիան վերածնեց իր ավտոքեֆալիան: Իսկ եթե այդ ժամանակ ողջ լինեն այն հիմար պաշտոնյաներն, ում մասին գրված է նամակում, ապա նրանք բոլորից բարձր են ծափահարելու ուրախությունից: Եվ ո՞ւմ են հիշելու 50-100 տարի հետո: Իհարկե, հայր Դորոֆեյի և նրա համակիրների նմաններին»:
«Ի դեպ, նախկին նախագահը կարող էր այդ հարցը լուծել: Չէ՞ որ հենց նրա օրոք էր ստորագրահավաք անցկացվում մեր եկեղեցին վրացականից անկախացնելու համար: Այսօր էլ ուշ չէ, որ խորհրդարանն ուշքի գա և դիմի բոլոր եկեղեցիներին ավտոքեֆալիան ճանաչելու կոչով»:
Կարճամետրաժ վավերագրական ֆիլմը, որում տեղ է գտել կոնֆլիկտի երկու կողմերի կարծիքը՝ հայր Վիսարիոնի և հայր Դորոֆեյի, նկարահանվել է Gogroupmedia-ի կողմից 2014 թվականին: Սակայն դիրքորոշումները նույնն են մնացել: