Ինչպե՞ս ապրել, երբ անջատում են լույսը։ Պատմություններ Աբխազիայից
Աբխազիայում էներգետիկ ճգնաժամ է։ Էլեկտրաէներգիայի պակասի պատճառով նոյեմբերի 15-ից հովհարային անջատումներ են սկսվել․ օրական մի քանի ժամով տարբեր շրջաններում լույս չի լինում։ Աբխազիայի բնակիչները ստիպված են հարմարվել այդ պայմաններում ապրելուն։
Աստանդա
Աստանդա Ջալագոնիան ամեն օր զարթնում է առավոտյան վեցին․ նա պետք է հասցնի նախաճաշ պատրաստել՝ քանի դեռ լույսը չեն տարել։ Հնգամյա որդու համար նա շիլա է պատրաստում և երեք ծածկոցով փաթաթում, որ տաք մնա։ Կրտսեր կես տարեկան որդու համար թերմոսում եռացրած ջուր է նախապատրաստում՝ նրա զարթնեուց հետո կաթնային խյուս պատրաստելու համար։
Երեխաները սովորաբար զարթնում են ութին՝ հենց էլեկտրականության անջատման ժամանակ։ Մինչև ժամը 10-ը լույս չի լինում, քանի որ այդպես է կազմված «Չերնոմորէներգո» էներգետիկ ընկերության ժամանակացույցը։ Սակայն 10-ից հետո այն նույնպես չեն միացնում, քանի որ ամեն անգամ հոսանքագծերի ինչ-որ խաթարումներ են տեղի ունենում։
«Ողջ հանգստյան օրերին առանց լույս նստած ենք եղել։ Զգացվում էր, որ մասնագետներն ինչ-որ բաներ են վերանորոգում, մի քանի անգամ լույսը միացավ ու կրկին անջատվեց», — պատմում է Աստանդան։
Էլեոնորա
Աստանդայի հարևանուհի Էլեոնորա Գիլոյանը լուռ չի սպասել, մինչև լույսը տան՝ զանգահարել է «Չերնոմորէներգո» և Սուխումի էլեկտրացանցեր՝ հույս ունենալով, որ եթե բողոքի, վթարներն ավելի շուտ կվերականգնեն։ Էլեոնորայի հերթական զանգին Սուխումի էլեկտրացանցերում պատասխանել են, որ լույսը չեն կարող միացնել, քանի որ ցանցը պարզապես «չի ձգում», քանի որ մոտակայքում գտնվող կաշվի նախկին գործարանում կրիպտոֆերմա է աշխատում»։
«Դե ուրեմն անջատեք այն», – բղավել է աղջիկը լսափողով։ Իսկ մյուս ծայրից պատասխանել են․ «Եթե միայն կարողանայինք»։ Այս պատմությունն Էլեոնորա Գիլոյանը պատմել է իր ընկերներին և այն հրապարակել Instagram սոցցանցում։
«Չեք պատկերացնում, թե քանի մարդ է արձագանքել հրապարակմանս, — պատմում է նա, — ինձ սկսել են ուղարկել մայնինգային ֆերմաների հասցեներ և դրանց տերերի անունները» (հենց կրիպտոարժույթի արդյունահանման ֆերմաներն են համարվում Աբխազիայում էներգետիկ ճգնաժամի գլխավոր մեղավորները)։
Էլեոնորան հավաքել է բոլոր տվյալներն ու փոխանցել ոստիկանությանը։ Չորեքշաբթի՝ նոյեմբերի 24-ին, այդ հասցեներից մեկում ստուգումներ են իրականացվել։ Արդյունքում՝ ՆԳՆ-ն, պետանվտանգության ծառայությունն ու «Չերնոմորէներգոն» անջատել են Սուխումի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի շենքում գործող կրիպտոֆերմայի էլեկտրականությունը։
Դենիս
2,5 միլիոն ռուբլի [մոտ $33 հազար] Դենիս Սոլոմկոյի ընտանիքը ներդրել է նոր ֆերմայի շինարարության մեջ։ Նրա ծնողները ողջ կյանքում զբաղվել են գյուղատնտեսությամբ։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով սկսված ճգնաժամը Դենիսին նույնպես ստիպել է հողի վրա աշխատել։ Ամեն ինչ լավ էր ընթանում, ֆերման զարգանում էր։ Սակայն նոր ճգնաժամ առաջացավ՝ էներգետիկ։
Օրական վեց ժամ տևող հովհարային անջատումները խախտել են ողջ տեխնոլոգիական գործընթացը ֆերմայում։ Ինկուբատորներում փչացել է լորի 2 300 ձու։
«Եթե լույսն անջատեին միայն ըստ ժամանակացույցի, ողբերգություն չէր լինի, — ասում է Դենիսը, — սակայն հենց հովհարային անջատումների պատճառով մշտական վթարներ են սկսվել, լույս չէր լինում հարկ եղածից ավելի երկար, և ինկուբացման գործընթացը խաթարվեց»։
Դենիսի խոսքով՝ իրենց ուղիղ վնասները կազմել են 23 հազար ռուբլի [մոտ $300], իսկ բաց թողնված օգուտը՝ մոտ 150 հազար ռուբլի [մոտ $2 000]։
Սակայն, ինչպես ասում է երիտասարդ ֆերմերը, այս պատմությունն իրենց համար դաս է եղել։
«Պետք էր ավելի վաղ գնել դիզելային գեներատոր։ Իսկ մենք անընդհատ հետաձգում էինք այդ ծախսը՝ ազատ միջոցներն ուղղելով ֆերմայի բարեկարգմանը, — պատմում է Դենիսը, — միևնույն է, գնեցինք, սակայն փող կորցնելուց և գումար վաստակելու հնարավորություն բաց թողնելուց հետո։
Եվ մենք միակը չենք։ Բոլոր նրանք, ովքեր արտադրությամբ, առևտրով, մթերմամբ են զբաղվում, զգալի կորուստներ են կրում, քանի որ կորցնում են եկամտի մեծ մասը, որի մի մասը պետք է ծախսեն գեներատորների համար վառելիք գնելու վրա»։
Ժամանց բակում
Նոր թաղամասի բակերից մեկում հովհարային անջատումները հարևանների հետ հանդիպումների առիթ են դարձել։ Ամեն երեկո ժամը 17-ին Ագրբա փողոցի բազմահարկ շենքի բնակիչները բակ են իջնում, որտեղ դեռևս շատ տարիներ առաջ համատեղ ջանքերով պացխա (խոհանոց – աբխ.) են կառուցել։
Յուրաքանչյուրը տնից համով մի բան է բերում։ Տղամարդիկ կրակ են վառում, կանայք՝ կրակի վրա սուրճ եփում։ Զրույցի և բամբասանքի շուրջ երկու ժամն աննկատ է անցնում։
«Երկու ժամով մանկություն ենք վերադառնում, չէ՞ որ այս բակում ենք մեծացել, — ասում է շենքի բնակիչներից մեկը, — առանց հեռախոսների և սոցցանցերի՝ մոռանալով հոգսերը, պարզապես նստում ենք կրակի մոտ։ Սա նույնիսկ երջանկության է նման»։
Հրապարակումների մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի: