«Վրաստանը նախ պետք է չեղարկեր օկուպացիայի մասին օրենքը». Աբխազիան՝ Մոնակո դառնալու առաջարկի մասին
Աբխազիան՝ «Վրաստանի կազմում Մոնակո» դառնալու առաջարկի մասին
Ի՞նչ են մտածում Աբխազիայում «Վրաստանի կազմում Մոնակո» դառնալու առաջարկի մասին։ Դեկտեմբերի 28-ին նման առաջարկով հանդես էր եկել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Եթե մեր երկիրը միավորվի, մենք կարող ենք առաջիկա երեք տարիներին մոտ 10 միլիարդ դոլար ներդնել Աբխազիայում և Սամաչաբլոյում [Հարավային Օսիայում]», — ասել էր Ղարիբաշվիլին՝ ներկայացնելով կառավարության տարեկան հաշվետվությունը։
«Մենք ցանկանում ենք բուժել այդքան պատերազմներից ստացած վերքերը», — նշել էր նա:
Ժամանակ առ ժամանակ Վրաստանի ղեկավարները, ձեռքին մահակ թափահարելով, գայթակղում էին աբխազներին՝ խոստանալով նրանց հարմարավետ կյանք ապագա կովկասյան Շվեյցարիայում։ «Լիության մեջ կապրեք»,- հերթով ասում էին Գամսախուրդիան, Շևարդնաձեն, Սաակաշվիլին։
Սակայն Շվեյցարիան հենց Վրաստանում էլ դեռ չի կառուցվել։ Ի սկզբանե անհնար էր նման նախագծով աբխազներին բաժանելը։ Քանի որ պարզ էր, որ առաջարկը գալիս է ոչխարի մորթով գայլից։
Մյուս կողմից, աբխազներն իրենք էին երազում կառուցել սեփական Շվեյցարիան, որը, ինչպես հայտնի է, նույնպես միայն մեծ ցանկություն մնաց։
Ընդհանրապես, մենք՝ վրացիներս ու աբխազներս, առանց որևէ բառ ասելու, մոռացել ենք Շվեյցարիայի մասին։
- «Աբխազիան կարող է դառնալ երկրորդ Մոնակո». Վրաստանի վարչապետ
- Կարծիք․ կա՞ մեկը, որն ուզում է, որ վրաց-աբխազական հակամարտությունը լուծվի
- «Գործիք Արևմուտքի ձեռքում». Հարավային Օսիայի արձագանքը Հաագայի դատարանի որոշմանը
- ԵՄ-ն կոչ է անում բարեփոխումներ իրականացնել Վրաստանում, Ուկրաինայում և Մոլդովայում
Իսկ այժմ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին որոշել է աբխազներին շահագրգռել մեկ այլ հարուստ ապրանքանիշով։ Այժմ նա Աբխազիային առաջարկում է լինել Մոնակո, իսկ մայրաքաղաք Սուխումը խոստանում է վերակառուցել որպես Մոնտե Կառլո։
«Կապույտ երազանքի» այս աշխարհագրական ռեբրենդինգը շատ խելամիտ հոգեբանական ընտրություն է Ղարիբաշվիլիի կողմից։ Այստեղ կա երկու բաղադրիչ կա։
Առաջին՝ աբխազները կարող են ոչինչ չանել։
«Դուք, աբխազներդ, շոկոլադ արտադրելու, պանիր պատրաստելու կամ թանկարժեք ժամացույցների արտադրությամբ զբաղվելու կարիք չունեք։ Ընդհանրապես ոչինչ պետք չէ անել՝ փողն ինքը կգա ձեզ մոտ: Պարզապես ստորագրեք սրա տակ, և մենք անմիջապես կթողարկենք 10 միլիարդ դոլար։ Եվ սա միայն առաջին տրանշն է»,- այսպես կարելի է վերապատմել Թբիլիսիի նորացված առաջարկի ասոցիատիվ շարքը։
Երկրորդ տարբերակիչ կետն այն է, որ Վրաստանի վարչապետը երբեք չի սպառնացել Աբխազիային։ Ի տարբերություն իր նախորդների, որոնց աբխազներն ընկալում են միայն որպես ոչ այլ ինչ, քան վամպիրներ։ Եվ, ըստ երևույթին, հենց այդ պատճառով էլ Ղարիբաշվիլիի գաղափարն ընդունեցին ոչ թե զայրացած, այլ պարզապես անլուրջ։
Կարելի է ենթադրել, թե ինչու է Թբիլիսին հենց հիմա նման առաջարկություններ անում Սուխումին, պատճառը նոր աշխարհաքաղաքական իրողություններն են։
Ռուսաստանը ճահճացել է ուկրաինական ճակատում՝ Արևմուտքին հիմք տալով տեղայնացման և նույնիսկ մասնատման հեռահար ծրագրեր մշակելու:
Մոսկվայի համար այս պահին իսկապես դժվար է (չնայած, թերևս, ամեն ինչ այնքան աղետալի չէ, որքան որոշ փորձագետներ են գնահատում)։ Ռուսական ուժերը շատ սահմանափակ են։ Եվ դա նկատելի է Հարավային Կովկասում, որտեղ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ միասին սահում է նրա ոտքերի տակից։
Բայց «Ղարաբաղի գործը» նկատելիորեն տարբերվում է աբխազականից։
Համենայն դեպս, առաջին դեպքում խոսքը գնում է հակամարտության մասին երկու երկրների միջև, որոնց հետ Ռուսաստանը շատ հավասար հարաբերություններ ունի։ Եվ եթե չլիներ թուրքական գործոնը, կարելի էր դա անվանել «ընկերական հավաք» ռուսական շահերի գոտում։
Վրաց-աբխազական հակամարտության դեպքում Մոսկվայի համար չափազանց ակնհայտ է, թե ում պետք է սատարի։ Բնականաբար, Աբխազիային։ Որովհետև դա Մոսկվային ամենահավատարիմ հետխորհրդային տարածքն է։
Բացի այդ, ի տարբերություն Ղարաբաղի և Հայաստանի, այն գտնվում է անմիջապես Ռուսաստանի կողքին՝ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սոչիի «Բոչարով Ռուչեյ» նստավայրից մի քայլ հեռավորության վրա։
Ընդ որում, եթե նույնիսկ Ռուսաստանը հիմա ընդհանրապես ժամանակ չունենար Աբխազիայի համար, միևնույն է Վրաստանը հարյուր անգամ կմտածեր՝ սանձազերծե՞լ «երկրորդ ճակատ», թե՞ ոչ։
1992 թվականին, երբ Վրաստանի Պետխորհրդի ղեկավարները փակ նիստի ժամանակ քննարկում էին Աբխազիա զորք մտցնելու հարցը, միակ մարդը, ով դեմ արտահայտվեց, նախկին «օրենքով գող» Ջաբա Իոսելիանին էր։ «Ես ճանաչում եմ աբխազներին, նրանք պատասխան հարված կտան»,- ավելի ուշ այդ հանդիպման ժամանակ իր խոսքերն է հիշել նա։
Աբխազիայի տարածքը կարելի է գրավել։ Բայց վրացիները բավարար ռեսուրս չունեն այն ուժով պահելու համար։ Ղարիբաշվիլին հասկանում է, որ առանց ռուսների էլ աբխազները «պատասխան հարված կտան»։ Դրա համար էլ ավելի լավ է համոզել նրանց։ Ուստի նա որոշել է գայթակղիչ առաջարկ անել։
Բայց նրա ելույթում կա մի կարևոր դետալ։ Առաջարկելով Աբխազիային դառնալ Մոնակո, նա այն անվանում է «օկուպացված տարածք»։ Եթե Աբխազիան հենց այս կարգավիճակով է ընկալվում Թբիլիսիում, ապա ինչո՞ւ նման առաջարկ անել ենթականերին։ Ավելի տրամաբանական է «Մոնակո» նախագիծն ու 10 միլիարդն առաջարկել «օկուպանտին», այսինքն՝ Մոսկվային։
Չնայած «օկուպացված տարածքի» մասին հռետորաբանությանը, Իրակլի Ղարիբաշվիլին հիանալի հասկանում է, որ Աբխազիայի ճակատագիրը չի կարող որոշվել առանց աբխազների։ Եվ այստեղ հստակ երևում է Վրաստանի ղեկավարի ռազմավարական սխալը։
Նախքան աբխազներին Մոնտե Կառլոյի հետ միասին Մոնակո առաջարկելը, նախ պետք է չեղարկել «Օկուպացված տարածքների մասին» վրացական օրենքը, որը վիրավորում է նրանց։ Իսկ դրանից հետո նրանք կմտածեն՝ լինե՞լ Մոնակո, թե՞ ոչ։ Դժվար թե նրանք համաձայնեն, բայց, այնուամենայնիվ, Վրաստանին մի փոքր այլ հայացքով կնայեն, քան վերջին՝ առնվազն երեսուն տարվա ընթացքում։
Հրապարակումների մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով։