Հակառուսական պատժամիջոցների պատճառով Աբխազիան մասամբ հանել է Վրաստանից ներկրվող ապրանքների էմբարգոն
Աբխազիան հանել է Վրաստանից ներմուծվող ապրանքների էմբարգոն։ Ճիշտ է, առայժմ միայն մասնակի և միայն ֆիզիկական անձանց համար։
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հաստատել է այն ապրանքների ցանկը, որոնք կարող են օրինական կերպով ներկրվել Վրաստանից։ Ցուցակում ընդգրկված է 14 անուն ապրանք։ Այդ մասին պաշտոնական հաղորդագրություն դեռևս չկա, սակայն համացանցում հայտնվել է մարտի 31-ին նախագահի ստորագրած հրամանագրի սկանավորված տարբերակը։
Աբխազիայում Վրաստանից ներկրվող ապրանքների վրա էմբարգո էր մտցվել 2007 թվականին։
- Աբխազիայում կբացվե՞ն «Вкусно – и точка» ցանցի ռեստորաններ
- Անվճար բնակարան Աբխազիայում. ո՞ւմ համար է նախատեսված
- «Վրաստանը նախ պետք է չեղարկեր օկուպացիայի մասին օրենքը». Աբխազիան՝ Մոնակո դառնալու առաջարկի մասին
«Թույլատրելի ապրանքների» ցանկում ընդգրկվել են տնկիներ, սերմեր և տարբեր տնկանյութեր, ընտանի թռչուն, կենդանիների կեր, գյուղատնտեսական տեխնիկա, գյուղմթերքների արտադրության սարքավորումներ, ավտոմեքենաներ, պահեստամասեր և շարժիչի յուղեր։
Աբխազիայի պետական մաքսային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալիաս Լաբախուան ասել է, որ ցուցակում ընդգրկված ապրանքները կարող են տեղափոխել միայն ֆիզիկական անձինք։ Այսինքն՝ սա չի վերաբերում ընկերությունների ապրանքների խմբաքանակներին, որոնք ուղեկցվում են փաստաթղթերով:
«Սա վերաբերում է միայն մասնավոր առևտրականներին, ովքեր առավելագույնը կարող են տեղափոխել ապրանք մեքենայի բեռնախցիկում, ոչ ավելին։ Այսինքն՝ որոշումը չի տարածվում իրավաբանական անձանց վրա։ Վրաստանից ներկրվող ապրանքների հաշվառման համար մենք ունենք տերմինալներ, որտեղ նրանք կվճարեն մաքսատուրքերը և կշարժվեն դեպի իրենց նպատակակետը»,- նշել է նա։
Մեկնաբանություն
Ինալ Խաշիգ, JAMnews-ի խմբագիրը Աբխազիայում / «Չեգեմսկայա պրավդա»-ի խմբագիրը
«Չնայած վրաց-աբխազական պատերազմն ավարտվել է երեսուն տարի առաջ, աբխազական ցանկացած կառավարություն մինչ օրս զգուշորեն է մոտենում Վրաստանի հետ առևտրի օրինականացման թեմային։ Միևնույն ժամանակ, սահմանային առևտուրն այս ողջ ընթացքում ոչ մի օր չի դադարել, և մաքսանենգ ապրանքները հեղեղել են աբխազական շուկան՝ ավելի շատ ստվերելով տեղական տնտեսությունը։
Այնուամենայնիվ, այս իրավիճակում ինչ-որ բան փոխելու ցանկացած փորձ բախվում է հասարակության մի մասի ակտիվ դիմադրությանը. «Ի՞նչ է, առևտուր ենք անելու թշնամու հե՞տ»:
Ո՛չ նախագահ Ալեքսանդր Անկվաբը, ո՛չ էլ նրան փոխարինած Ռաուլ Խաջիմբան չցանկացան օրինականացնել արդեն իսկ գոյություն ունեցող առևտուրը։
Թերևս ամեն ինչ կմնար այնպես, ինչպես կար նաև ներկայիս նախագահ Ասլան Բժանիայի օրոք, բայց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շատ բան կոտրեց, այդ թվում՝ տարիների ընթացքում հաստատված առևտրային ուղիները։ Այժմ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով բազմաթիվ ապրանքներ Աբխազիա են մտնում Վրաստանի տարածքով։ Ուստի Բժանիան ստիպված էր ճշգրտումներ կատարել իրերի՝ գոյություն ունեցող կարգի մեջ։ Բայց, կրկին, սա վերաբերում է միայն ապրանքների սահմանափակ ցանկի: Մնացած ամեն բան դեռևս արգելված է»։
Հրապարակումներում տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով: