Տուրիզմը այստեղ եկամտի հիմնական աղբյուրներից է, այս ոլորտում այս կամ այն ձևով զբաղվածություն ունի տեղի բնակչության առնվազն մեկ քառորդը: Ուստի շատերի համար հասել է ծովային սեզոնի ամփոփման կարևոր պահը:
Պաշտոնական արդյունքները՝ թվերով և տարաբնույթ հաշվարկներով, կներկայացվեն նոյեմբերին: Այնուամենայնիվ, հիմա էլ պարզ է ընդհանուր պատկերը:
«Զբոսաշրջիկների թվով տարին բեկումնային չէ, բայց ձախողված էլ չէ: Ֆինանսական միջոցների առումով կան հարցեր»,- մոտավորապես այսպիսի տոնայնությամբ են իրավիճակը մեկնաբանում գրեթե բոլոր փորձագետները:
Աբխազիա ժամանող զբոսաշրջիկների ճնշող մեծամասնությունը ռուսաստանցիներ են:
Զբոսաշրջային հոսքը խթանելու համար մայիսի 1-ից Ռուսաստանից Աբխազիա մի քանի ուղիղ չվերթներ են գործարկվել:
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տվյալների համաձայն՝ օգոստոսին Աբխազիան եղել է ամենապահանջված ուղղությունների հնգյակում: Այն զբաղեցրել է չորրորդ տեղը Թուրքիայից, Եգիպտոսից և ռուսական հանգստավայրերից հետո:
Սակայն Աբխազիային բաժին է ընկել Ռուսաստանի բոլոր ամրագրումների ընդամենը 7,4 տոկոսը: Ընդհանուր առմամբ, հանգստի սեզոնը եղել է նախորդ տարվա համեմատությամբ զգալիորեն վատ:
Վերլուծաբանները նշում են, որ այս պատկերը անմիջականորեն կապված է 2025 թ․-ին ռուսաստանցիների զբոսաշրջային ակտիվության անկման հետ: Ռուսաստանում ճամփորդական փաթեթների վաճառքի նվազում է արձանագրվում ավանդաբար պահանջված բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Աբխազիայի։