Աբխազիային մանկատուն է անհրաժեշտ
Անապաստան երեխաներն Աբխազիայում. նրանք կա՞ն, թե՞ ոչ: Փորձենք պատասխանել այս հարցին:
Ի՞նչ է տեսնում հասարակությունը
2018թ-ի ամենաաղմկահարույց գործերից մեկը երկրի հիմնի հեղինակ Վալերի Չկադուային 20 տարվա ազատազրկման դատապարտելն էր: Մեղադրանքը՝ մանկապղծություն: Գործի գլխավոր ֆիգուրանտները երկու անչափահաս աղջիկներ են, երկուսն էլ՝ անապահով ընտանիքից (նրանց անունները չեն բարձրաձայնվում):
Կայքում կարդացեք նաև. Աբխազիայում մանկապղծության զոհերի մասին, թե ինչպես են նրան բռնել, և ինչու են մայրերը վաճառել իրենց երեխաներին
Եվ այս ռեզոնանսային պատմությունը բնավ բացառիկ չէ:
Արդեն 20 տարվա իր պատիժն է կրում մեկ այլ աղմկահարույց քրեական գործի մասնակից Աստամուր Ջոփուան՝ նախագահի անվտանգության ծառայության արդեն նախկին աշխատակիցը, որը բռնաբարել է անչափահաս մի աղջկա՝ սպառնալով սպանել նրան:
Այդ աղմկահարույց գործով դատական գործընթացն անցնում էր հասարակության սուր ուշադրության ներքո: Տուժածի փաստաբանի վճարն էր անգամ հավաքվել հասարակական կազմակերպությունների ակտիվիստների և սրտացավ մարդկանց կողմից:
Այս ռեզոնանսային գործերին Աբխազիայի խորհրդարանն արձագանքեց անչափահասների հանդեպ սեռական հանցագործությունների համար պատժի խստացմամբ: 2018թ-ի հուլիսի վերջին քրեական օրենսգրքում փոփոխություններ մտցվեցին, որոնք բացառում են պատիժն ավելի մեղմ պատժով կամ պայմանական-վաղաժամ ազատ արձակմամբ փոխարինելը:
Ի՞նչ չի տեսնում հասարակությունը
Սակայն նշված երկու գործերն ու մի քանի այլ գործեր ապացուցված փաստեր են: Սակայն անապահով և խոցելի ընտանիքների հետ աշխատող մասնագետներն ասում են, որ պետության պաշտպանության կարիքն ունեցող երեխաները, ավելի շատ են:
Հեռավոր գյուղերից մեկում հարևանը պարբերաբար բռնաբարել է երեխային: Դա ապացուցելը դժվար է, ինչպես նաև անհնար է երեխային դուրս բերել անապահով ընտանիքից, քանի որ Աբխազիայում մանկատուն կամ նույնիսկ ժամանակավոր ապաստան չկա:
Բարեբախտաբար, այս պատմությունը բարեհաջող ավարտ ունեցավ: Բազմազավակ ընտանիքների աջակցությամբ զբաղվող «Քիարազ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները գտել են երեխայի ազգականին: Նա երեխային իր տուն է տարել, որն այլ շրջանում է:
Սակայն բնավ ոչ բոլորի բախտն է այդպես բերում:
«Երեկ երեկոյան ինձ զանգահարեցին և պատմեցին միայնակ փոքր երեխայի մասին: Նրա մայրը հայտնի չէ, թե ինչ մարդկանց հետ և ինչպես է ժամանակ անցկացնում, — պատմում է Աբխազիայի մանկական հիմնադրամի ղեկավար Ասիդա Լոմիան: Հարևանները երեխային կերակրում են, բայց աղջիկը բոլորովին մենակ է: Հարևանների խոսքով՝ նախկինում այդ երեխայի մայրը վաճառել է իր երեխաներին»:
Այդ իրավիճակը պետք է ուսումնասիրեն խնամակալության մարմինները: Սակայն այն ծայրահեղ դեպքում, եթե մայրը զրկվի ծնողական իրավունքներից, պարզ չէ, թե երեխայի հետ ինչ անել:
Կայքում կարդացեք նաև. Աղջիկներ, որոնք երբեք չեն ծնվի. հին թեմա, նոր պատմություններ
Ելքը
Ասիդա Լոմիան կարող է անապաստան երեխաների տասնյակ օրինակներ բերել, որոնց հենց հիմա օգնություն է պետք: Աբխազիայում վաղուց է ընտանեկան տիպի մանկատան ստեղծման անհրաժեշտություն առաջացել: Հանրապետության համար այդպիսի տարբերակն առավել հարմարն է, ասում է Լոմիան:
Ընտանեկան տիպի մանկատունը խորթ ընտանիքի և մանկատան կամ ինտերնատի միջև մի բան է: Ընտանեկան տիպի մանկատունը կազմակերպվում է ընտանիքի հիման վրա: Այս տեսակ մանկատներում երեխաների ընդհանուր թիվը, ներառյալ սեփական և որդեգրված երեխաներինը, չպետք է գերազանցի 12-ը:
Ձեռքբերումների մասին, որոնք ձախողումներ են
Երկար ժամանակ համարվում էր, որ Աբխազիայում մանկատան բացակայությունը ձեռքբերում է: Ըստ շատերի պատմածի՝ Աբխազիայում մարդիկ հոժարությամբ են վերցնում ծննդատնից երեխաներ, որոնց լքել են ծնողները, և անգամ գնում են նորածիններին այդ ծնողներից, երբեմն էլ այլ տեղերից են բերում:
Համարվում է նաև, որ Աբխազիայում չկան երեխաներ, որոնք փողոցում են ապրում:
Սակայն եթե անապաստան երեխաները բառացիորեն ոտքի տակ չեն ընկնում, դա չի նշանակում, որ խնդիր չկա:
Տարբեր պրոֆիլային կազմակերպությունների ներկայացուցիչներ արդեն մի քանի տարի է համակարծիք են, որ Աբխազիայում անապաստան երեխաների, ինչպես նաև ընտանեկան բռնության զոհ կանանց համար գոնե ժամանակավոր կացության կենտրոնի սուր անհրաժեշտություն կա:
Այս թեման արդիական է արդեն երկար տարիներ, ասում է «Քիարազ» կազմակերպության ղեկավար Կամա Գոպիան: «Քիարազում» հաշվառված են բավականաչափ թվով երեախներ, որոնք ընտանիքներում ապրում են առանց անհրաժեշտ խնամքի: Կան նաև լիովին անապաստան երեխաներ:
Խոսքը զանգվածային երևույթի մասին չէ, ասում է նա, սակայն խնդիրն այն է, որ նույնիսկ մեկ երեխայի դեռ քիչ բանով կարելի է օգնել:
Օրինակ, մի միայնակ մայր գյուղում ուղեղի կաթված է ստացել: Նրան հաջողվել է ժամանակավորապես տեղավորել Սուխումի ծերանոցում, որտեղ խնամք կա: Հույս կա, որ նա կապաքինվի: Առանց խնամքի մնացած 2 և 6 տարեկան երեխաներին հարևաններն են պահում, բայց ժամանակավորապես:
Եթե այսօր Աբխազիայում ժամանակավոր կացության կենտրոն լիներ, ապա, ըստ Կամա Գոպիայի, նվազագույնը 5 երեխայի նա միանգամից այնտեղ կտեղավորեր:
JAMnews-ի բոլոր զրուցակիցները, ներառյալ Երեխաների և ընտանիքների աջակցության ծառայության աշխատակիցները, կողմ են, որ առաջին հերթին, պետք է ծնողներին հնարավորություն տալ դաստիարակելու իրենց երեխաներին: Սակայն ամենաանհույս դեպքերում, որոնք ողջ Աբխազիայում երկու տասնյակից ավելին չեն, երեխաներին, այնուամենայնիվ, անհրաժեշտ է տեղափոխել առողջ և կյանքի համար անվտանգ կենսամիջավայր:
Աղբյուրներից մեկի համաձայն, որը ցանկացավ անանուն մնալ, տեղեկատվություն կա այն մասին, որ Սուխումում մանկական կենտրոն կառուցելու պլան և նույնիսկ դրա համար նախատեսված վայր կա: Սակայն հայտնի չէ, թե ով է պատրաստ ֆինանսավորել շինարարությունը: Ամեն դեպքում որևէ հաղորդագրություն պետական մարմիններից չեն ստացվել: