Աբխազիայում կբացվե՞ն «Вкусно – и точка» ցանցի ռեստորաններ
«Вкусно – и точка» («Համեղ է, և վերջ») ընկերությունը, որին պատժամիջոցների սահմանումից հետո անցան արագ սննդի խոշորագույն McDonald’s ցանցի ռուսական ռեստորանները, պատրաստվում է սննդի կետեր բացել Աբխազիայում։ Սակայն կան «իրավական հակասություններ»։
«Вкусно – и точка» ընկերությունն արդեն արտոնագիր է ձեռք բերել Աբխազիայում, նախատեսում են ցանցը հանրապետությունում ներդնել 2023 թվականին։
«Ընկերությունն արդեն արտոնագիր է ձեռք բերել Աբխազիայում, ակնկալում ենք օբյեկտի արագ տեղակայում Աբխազիայի Հանրապետությունում: Դրան իրավական կամ որևէ այլ հակացուցում չկա: Բոլոր բնակիչները, փորձագետները, մեկնաբանները գոհունակությամբ են ընդունում նման լուրերը, կարծում եմ` սա առանձին օրինակ չի լինի։ Դեռ կա միայն որոշումը, այնուհետև կմեկնարկեն ենթակառուցվածքների վրա տարվող աշխատանքները։ Սա մեկ ամսվա խնդիր չէ, բայց վստահ եմ, որ դա տեղի կունենա 2023 թվականին»,- հայտարարել է Ռուսաստանում Աբխազիայի առևտրային ներկայացուցիչ Օլեգ Բարցիցը։
- Ռուսաստանը կդադարեցնի ներդրումներն Աբխազիայում և կփակի ռազմաբազան, եթե իր պահանջները չկատարվեն
- Վրաց-աբխազական պատերազմ, 1992-1993։ Ինչպե՞ս է այն տեղի ունեցել, հայացք Թբիլիսիից և Սուխումից
- Ռուսաստանը սպառնում է Աբխազիայից վերցնել Պիցունդա հանգստավայրի մի մասը։ Ինչո՞ւ է լռում Թբիլիսին
Թեև ցանցի ղեկավարությունը շահագրգռված է Աբխազիայում սեփական ռեստորանների բացմամբ, սակայն այնքան կատեգորիկ չէ տրամադրված, որքան կարծում են Սուխումում։
Աբխազիայում ռեստորանների բացման գործընթացին խոչընդոտում են «իրավական հակասությունները» և «լոգիստիկ դժվարությունները», ինչի մասին գրում է «Վեդոմոստի» ռուսական պարբերականը: «Вкусно – и точка» ցանցի գլխավոր տնօրեն Օլեգ Պարոևը պարզաբանում է.
«Մենք պարտավորություն ունենք չմրցակցել այն շուկաներում, որտեղ ներկայացված է McDonald’s-ը: McDonald’s-ը ներկա է Վրաստանում։ Ռուսաստանը ճանաչում է Աբխազիան` որպես անկախ երկիր, իսկ ԱՄՆ-ն, որտեղ գտնվում է ընկերությունը, ոչ: ԱՄՆ-ը կարծում է, որ Աբխազիան Վրաստանի մաս է։ Մենք կցանկանայինք մտնել Աբխազիայի շուկա։ Հիմա փորձում ենք լուծել այս իրավական հակասությունը»։
Հրապարակումների մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով: