Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ կմնա
Դատարանը որոշել է չփոխել նախկին նախագահի խափանման միջոցը, ինչի մասին միջնորդություն էին ներկայացրել փաստաբանները։ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությամբ և անձնական երաշխավորությամբ էին հանդես եկել նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետները։
Դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ կմնա։
2018 թ–ի հուլիսին Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել սահմանադրական կարգի տապալման համար։ Խոսքը 2008 թ–ի մարտին նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ցուցարարներին ցրելու մասին։ Այն ժամանակ Երևանում մարտական զենք էր կիրառվել, տասը մարդ էր զոհվել։
2018 թ–ի գարնանը տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի նոր կառավարությունը վերսկսել էր այդ իրադարձությունների հետաքննությունը, և առաջին մեղադրյալներից մեկը Ռոբերտ Քոչարյանն է։
- Ինչի՞ համար են նստեցրել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին
- Ամենայն հայոց կաթողիկոսը Հայաստանի իշխանություններին առաջարկել է բանտից ազատել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին
Առաջին անգամ նա կալանավորվել էր 2018 թ–ի հուլիսի 28–ին։ Նախկին նախագահի փաստաբանները բազմիցս փորձել են դատարանին համոզել փոխել խափանման միջոցը։ Երկու անգամ նրանց հաջողվել է դա։ Վերջին անգամ Քոչարյանը կալանավորվել է 2019 թ–ի հունիսի 25–ին։
Ռոբերտ Քոչարյանը դատարանի վճռի հրապարակմանը ներկա չի եղել վիրահատության պատճառով, որին ենթարկվել է մայիսի 12–ին։
Ո՞վ և ինչո՞ւ է երաշխավորել Քոչարյանի համար
Միջնորդություն էին ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը պարզաբանել է, թե ինչու է որոշել երաշխավորել Ռոբերտ Քոչարյանի համար։
«Ես, ինչպես շատերը, չափազանց շահագրգռված եմ, որ «Մարտի 1»-ի [2008 թ–ի իրադարձությունները, երբ ցույցը ցրելիս մարդիկ են մահացել] հետ կապված հասարակության մեջ ձևավորված հարցադրումները պատասխան ստանան, որպեսզի բաց կողմ չլինի և նստվածք չթողնի։
Բացի այդ, ես շատ հարգում և գնահատում եմ Քոչարյանի ներդրումը և ավանդը Արցախի ու Հայաստանի անկախության և կայունության գործընթացում։
Գրեթե երկու տարի է, որ դատական պրոցեսը տևում է, և հավանական է` երկար կարող է տևել։ Այդ իսկ պատճառով ես միջնորդություն եմ ներկայացրել, որպեսզի նրա խափանման միջոցը փոխվի»։
Ավելի վաղ Հայաստանի նախկին նախագահին ազատ արձակելու համար դատարանում երաշխավորություն էին ներկայացնել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։ 2019 թ–ի մայիսին նախագահների միջնորդությունը բավարարվել էր ընդհանուր իրավասության դատարանում։ Սակայն հունիսի 25–ին Վերաքննիչ դատարանը բեկանել էր այդ որոշումը, և Քոչարյանը կրկին կալանավորվել էր։
Քոչարյանին բանտից ազատ արձակելու առաջարկով մեկ ամիս առաջ հանդես էր եկել նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
Պարբերականներից մեկին տված հարցազրույցում նա հայտարարել էր, որ նախկին նախագահի նկատմամբ արդարադատության գործընթացին զուգահեռ անհրաժեշտ է թույլ չտալ, որ նրա առողջական վիճակը վատթարանա կորոնավիրուսի տարածման պայմաններում։ Հաշվի առնելով բժիշկների կարծիքը՝ վեհափառը խոսել էր Քոչարյանին կալանքից ազատ արձակելու հնարավորության մասին։
Հաջորդ օրը կաթողիկոսի հայտարարությանը կոշտ պատասխան էր տվել վարչապետի մամուլի խոսնակը․ կառավարությունը մտադիր չէ մեկնաբանել նրա «հույսերն ու ցանկությունները»։
Ինչո՞ւ Քոչարյանը ներկա չէր վճռի հրապարակմանը
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 12–ի առավոտյան վիրահատվել է։
Ըստ նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի՝ վերջին 6 ամսում Քոչարյանն արդեն երրորդ վիրահատությանն է ենթարկվում առողջության հետ նույն խնդրի պատճառով․
«Կան հստակ ցուցիչներ առ այն, որ հիվանդությունը, որի պատճառով նախագահը վիրահատվում է, առաջացել է հենց բանտարկության ընթացքում: Ռոբերտ Քոչարյանը, ըստ մասնագետների, ապահոված չի եղել բավարար պայմաններով՝ առողջությունը լիարժեք վերականգնելու համար. ամեն հերթական անգամ նրան թույլ չի տրվել ամբողջովին ավարտել ռեաբիլիտացիոն շրջանը բուժհաստատությունում»։
Մինչ այդ Քոչարյանի փաստաբանները դատարան էին դիմել՝ պահանջելով նրան կալանքից ազատ արձակել մինչև ավարտվի կորոնավիրուսի համավարակը։ Նրանք նշել էին նաև, որ Քոչարյանը ռիսկի խմբում է․ նա 60 տարեկանից բարձր է և առողջական խնդիրներ ունի։
Բանը հասել է Անգլիայի Փաստաբանների պալատին
Անգլիայի Փաստաբանների պալատի անդամ Էդվարդ Ֆիցջերալդը, որը նաև Եղիսաբեթ Երկրորդ թագուհու փաստաբանն է, մայիսի սկզբին հայտարարությամբ է հանդես եկել Ռոբերտ Քոչարյանի գործով։ Նա խոսել է Հայաստանի նախկին նախագահի նկատմամբ խտրականությունից, որին պետք է վերջ տալ․
«Վստահ եմ՝ վաղ թե ուշ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի շարունակական կոպիտ խախտումները՝ Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ, ներառվելու են ՄԻԵԴ-ի պրակտիկայում որպես ուղենիշային գործեր և նկարագրվելու են ակադեմիական գրքերում։ Այդ խախտումները մանրամասն ներկայացվել են թե՛ ՄԻԵԴ-ի գանգատներում և թե՛ միջազգային կառուցներում, ինչպես նաև բազմիցս քննարկվել են տարբեր հարթակներում։
Կարող եմ ասել, որ խախտումներն իրենց ծավալներով և բովանդակությամբ աննախադեպ են։
Նույնիսկ այս տարվա ապրիլին հրապարակված իր տարեկան զեկույցում, ԵԽ-ի հանձնակատարը նշել է, որ «Մարտի-1»-ի գործի վարույթը պետք է իրականացվի իրավունքի գերակայության սկզբունքի, դատական իշխանության անկախության, թափանցիկության, արդար դատաքննության իրավունքի խիստ պահպանմամբ»:
Ֆիցջերալդի խոսքով՝ ինքը տեղեկություններ ունի, որ Հայաստանի դատախազությունն «անհիմն մերժել է միջոցներ ձեռնարկել՝ փոփոխելու Հայաստանի երկրորդ նախագահի խափանման միջոցը, որն, ըստ էության, կոպիտ խտրականության դրսևորում է՝ հաշվի առնելով, որ վերջերս, համաճարակով պայմանավորված, ազատությունից զրկված մի շարք անձանց խափանման միջոցը փոփոխվել է»։
Բրիտանիայի թագուհու փաստաբանը եզրակացրել է, որ դատարանը «պետք է անհապաղ քննի և բավարարի խափանման միջոցի փոփոխության հարցը»։