Հայաստան․ կրթությունը՝ հակամարտության անտեսանելի զոհ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկու կողմերի բնակավայրերում՝ օգնելով մարդկանց հաղթահարել ղարաբաղյան հակամարտության հետևանքները։ Այս աշխատանքն օգնում է լուծել այն խնդիրները, որոնց բախվում են հակամարտության գոտում ապրող մարդիկ։
Խոսքը նրանց անվտանգության, շտապ բժշկական օգնության, դաշտերի և այգիների, ջրի աղբյուրների հասանելիության, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և հոգեբանական բնույթի խնդրների մասին է։
2019 թ–ից ԿԽՄԿ–ն սկսել է զբաղվել նաև հայ–ադրբեջանական սահմանի երկու կողմերի գյուղերում բնակվող երեխաների կրթության հասանելիության հարցով։ Պարզվել է, որ այդ երեխաները ձգտում են լավ կրթություն ստանալ՝ չնայած այն բոլոր վտանգներին և անկայուն դրությանը, որում նրանք հայտնվել են։
Այս հոդվածը ներկայացնում է խնդիրը Խնձորուտ սահմանամերձ հայկական գյուղի օրինակով։
Սա Սաթենիկն է։ Նա երեխաների խմբում էր, որոնք շրջապատել էին Ադրբեջանին սահմանակից հայկական Խնձորուտ գյուղ եկած ԿԽՄԿ աշխատակիցներին։ Նախ նա հարցեց, թե արդյոք հյուրերը խոսում են անգլերեն։ Դրական պատասխանից հետո հիացմունքով նայեց նրանց և ասաց, որ երազում է անգլերենի թարգմանիչ դառնալ և ԱՄՆ–ում լինել։ Անգլերենի ուսուցիչ, ավաղ, նրա դպրոցում չկա։
Սահմանամերձ Խնձորուտ գյուղը քիչ բան կարող է առաջարկել իր բնակիչներին, իսկ տեղի դպրոցն՝ աշակերտներին։ Նրանց ուսման պայմանները սովորական չես անվանի։
Վերջին անգամ դպրոցի շենքը նորոգվել է կես դար առաջ։ Այստեղ միշտ մութ է և ցուրտ։ Ձմռանը դա ավելի սուր է զգացվում, քանի որ ջեռուցում չկա։
Մյուս խնդիրը խոնավությունն է։ Մոլախոտերն ու ինչ–որ բույսերի արմատները դասարանների լիիրավ բնակիչներն են՝ դպրոցականների պես, իսկ միջանցքների պատերը պատված են մուգ կանաչ մամուռով։
Մարզասրահից բորբոսի հոտ է գալիս, հատակը ճռճռում է ոտքի տակ։ Ձմռանն այստեղ հնարավոր չէ դաս անել՝ շատ ցուրտ է։
Նույն չափ ծանր տպավորություն է թողնում կիսաքանդ դպրոցական ճաշարանը։ Խոհանոցային սարքավորումները չեն աշխատում, ջուրը ծորակներում սառում է։ Ամռանն այստեղ կերակրում են առաջին դասարանցիներին, այլ եղանակային պայմաններում դրա համար օգտագործվում են աստիճանների տակ գտնվող տարածքները։
Որպեսզի դպրոցի հանդիսությունների դահլիճն ավելի անվտանգ լինի, պատուհանների ներքևի հատվածում աղյուս են շարել։ Դա օգնել է անել Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։
Այժմ դահլիճն օգտագործվում է որպես ժամանակավոր ապաստան գնդակոծման և հրետակոծման ժամանակ։ Պատերին՝ ճաքերի վրա պաստառներ են փակցված, որոնք զգուշացնում են հակահրետանային ականների վտանգի մասին և բացատրում, թե ինչպես խուսափել այդ վտանգից։
Արդեն քսանյոթ տարի է անցել այն պահից, երբ բռնկվեց ղարաբաղյան հակամարտությունը, սակայն թե Հայաստանի, թե Ադրբեջանի սահմանամերձ դպրոցներում նախկինի պես ստիպված են անհանգստանալ իրենց աշակերտների անվտանգության համար։ Հակամարտությունը դեռևս կարգավորված չէ։
Սահմանամերձ գյուղում ապրելը հեշտ չէ, իսկ դպրոցի աղետալի վիճակը լրացուցիչ խնդիր է դրա բնակիչների համար։
Վարսիկը՝ Սաթենիկի մայրը, խոստանում է․
«Եթե հաջորդ տարի մեզ անգլերենի ուսուցիչ չուղարկեն, Սաթենիկին ուղարկելու եմ Վայք՝ մասնավոր դասեր վերցնելու։ Դա մեզ ամենամոտ քաղաքն է։ Անելու եմ ամեն ինչ, որ երեխայիս օգնեմ իրականացնել իր երազանքը»։
Սաթենիկի պապը գյուղում է անցկացրել իր ողջ կյանքը և չի հիշում, թե երբ են վերջին անգամ Խնձորուտում հարսանիք արել․
«Երեսուն տուն է դատարկվել։ Հույսս նոր սերունդն է, սակայն այստեղ մենք կտրված ենք աշխարհից։ Երեխաներով ընտանիքները քաղաք են մեկնում՝ ավելի լավ կյանքի համար։ Մեր բնակիչները ծերանում են, և գյուղը շուտով կվերանա»։
Խնձորուտի տղամարդկանց մեծ մասը պայմանագրային զինծառայողներ են։ Սաթենիկի հայրն էլ արդեն տասներեք տարի ծառայության մեջ է։
Կարծես, պատերազմն ամենուր է՝ յուրաքանչյուր տանն ու անգամ դպրոցում։ Գրադարանավարուհի Ալվարդ Միքայելյանը պատմում է, որ երեխաներին հանձնարարում են տանը կարդալ ղարաբաղյան հակամարտության ժամանակ զոհված անձանց կենսագրությունները։
«Այսպես թե այնպես, մեր երեխաները պատրաստ են պատերազմին», – կարծում է նա։
1990-ականներից սկսած, այս տեղանքում տագնապալի ժամանակները փոխվում են խաղաղ շրջանով՝ և ընդհակառակը։
15–ամյա դպրոցական Աննան բողոքում է․ «Ոչ մի հետաքրքիր բան այստեղ չկա։ Ամբողջ օրը հեռախոսի մեջ ենք»։
Այստեղ չկան ոչ ֆակուլտատիվ դասընթացներ, ոչ էլ ակումբներ կամ խաղահրապարակներ։ Լքված ֆուտբոլային դաշտում կովեր ու ձիեր են արածում։
Երիտասարդներին Խնձորուտում դժվար է իրենց սրտով զբաղմունք գտնել։ Տղաները կամ հովիվ են դառնում, կամ զինվորական։
Այն օրերին, երբ 10-ամյա Օնիկի հայրը բացակայում է բանակային ծառայության գործերով, տղան ընտանիքի ղեկավարի դերն է ստանձնում։ Երբ մեծանա, ուզում է դառնալ բժիշկ կամ գրականության ուսուցիչ։ Հարցին՝ կուզե՞ր ինքն էլ զինվորական լինել, վճռական պատասխանում է․ «Ո՛չ»։ Բայց մի փոքր լռելուց հետո ասում է․ «Տեսնենք․․․»։
«Երբ 18 տարեկան դառնամ, պետք է գնամ բանակ ծառայելու, – ասում է մյուս տղան՝ Հովիկ Խաչատրյանը։ – Իսկ թե հետո ինչ կլինի, չգիտեմ»։
Աղջիկներն էլ երկու հնարավոր տարբերակից մեկը պետք է ընտրեն․ կամ ուսուցչուհի դառնան, կամ ամուսնանան և ամբողջությամբ նվիրվեն տնային գործերին։
Այս հին ավտոբուսը սովորաբար Խնձորուտ է բերում հարևան Նոր Ազնաբերդ գյուղի երեխաներին, որտեղ դպրոց չկա։ Նոր Ազնաբերդում նախկինում միայն ադրբեջանցիներ են ապրել։ Սակայն ղարաբաղյան հակամարտությունից հետո նրանք փոխանակել են իրենց տները հայերի հետ, որոնք լքել են Ադրբեջանը։
Խնձորուտի դպրոցում են սովորում նաև 12–ամյա Մանվելն ու նրա երկու եղբայրները։ Մանվելը շատ է ուզում լավ կրթություն ստանալ։ Այդ պատճառով էլ ծնողները մտածում են ժամանակի ընթացքում գյուղից մեկնելու մասին։ Տղայի հայրը՝ Վաղարշակ Անտոնյանը, պայմանագրային զինծառայող է։ Երկու շաբաթ նա ծառայության մեջ է, հաջորդ երկուսը՝ տանն է, ընտանիքի հետ։ Այդ հերթափոխների ռիթմն է որոշում տղաների տրամադրությունը․ սպասումը փոխվում է ուրախությամբ, երբ հայրը տուն է վերադառնում։
«Վախենում ենք երեխաներին դպրոց ուղարկել։ Նրանք ստիպված են շատ վաղ արթնանալ և անցնել մարտական դիրքերից գնդակոծվող ճանապարհը, ինչը վտանգավոր է», – ասում է Վաղարշակ Անտոնյանը։
Առաքել Հայրապետյանն ու նրա եղբայր Զորակն ապրում են Խնձորուտ գյուղի ծայրին գտնվող տանը, երկուսն էլ բանակում են ծառայում։ Եղբայրներն այնպիսի աշխատանքային հերթափոխներ են ընտրել, որ նրանցից մեկը միշտ տանը լինի։ Նրանց այստեղ ընտանիքի տասն անդամ է սպասում։ Արդյունքում՝ երկու շաբաթը մեկ երեխաների մի մասն ուրախանում է, մյուսը՝ կարոտում հորը։ Եղբայրների ընտրությունն ի սկզբանե կանխորոշված էր՝ ստիպված էին ծառայել բանակում։ Թվում է, նրանց որդիներինը՝ նույնպես։
Երեկոյան ընտանիքը հավաքվում է փայտի վառարանի շուրջ՝ տաքանալու։
Եթե առօրյա խնդիրներից մեծահասակները կարող են հուսալքվել և տխրել, ապա երեխաները միշտ ուրախության առիթ են գտնում։ Նրանցից շատերն են ձգտում լավ կրություն ստանալ և բարեկեցիկ, ժամանակակից գյուղում ապրել։ Սակայն սահմանամերձ գյուղերում կյանքը դեռևս կանխորոշում են վտանգներն ու զինված հակամարտության հետևանքները, իսկ կրթությունը երկրորդ պլան է մղվում։