Այն մասին, թե իրականում ինչու են լրագրողներին բնակարաններ տալիս Ադրբեջանում
«Այն ամենն, ինչ ուզում էին գողանալ, արդեն գողացել են», — հարցազրույց Ադրբեջանի լրագրողների միության նախագահ Էլչին Շիխլիի հետ` ընտրյալ լրագրողներին բնակարաններով պարգևատրելու իշխանությունների ավանդույթի բարոյական համատեքստում:
Հուլիսի 22-ին լրանում է ադրբեջանական ազգային մամուլի 145 տարին: Նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել այս հոբելյանը նշելու և «ազգային մամուլի զարգացման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցած լրագրողներին պարգևատրելու մասին»:
Ամեն տարի մի քանի լրագրող ստանում է վաստակավոր լրագրողի կոչում, ևս մի քանիսը պարգևատրվում են «Թերեգի» մեդալով («Առաջընթաց»):
Այս տարի 255 լրագրողներ նաև նվեր կստանան բնակարաններ: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2013-ին, այն ժամանակ 156 լրագրող է բնակարան ստացել, իսկ երկրորդ անգամ՝ 2017-ին, 255 լրագրողի է բնակարան շնորհվել:
Այս «բնակարանային խնդիրը» ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչներին բաժանեց երկու ճամբարի: Ոմանք անընդունելի համարեցին, որ կառավարությունը լրագրողներին բնակարաններ է նվիրում, իսկ մյուսները դա նորմալ համարեցին և բացահայտ արտահայտեցին իրենց սեփական նկրտումները անվճար բնակարաններ ստանալու վերաբերյալ:
Այս մասին զրուցել ենք Ադրբեջանի լրագրողների միության նախագահ, «Այնա-Զերկալո» կայքի գլխավոր խմբագիր Էլչին Շիխլիի հետ:
Լրագրողներին անվճար բնակարանների բաշխումը եզակի երևույթ է Հարավային Կովկասում, և այս տարի այն տեղի է ունենալու արդեն երրորդ անգամ: Ի՞նչ փոխվեց ադրբեջանական լրատվամիջոցներում առաջին երկու ակցիաներից հետո:
«Որակի առումով ոչինչ չի փոխվել, չի բարելավվել, ամեն ինչ մնում է այնպես, ինչպես եղել է: Ես ի սկզբանե դեմ եմ եղել, որ լրագրողներին բնակարաններ տան: Նախագահի հրամանագրում բնակարան նվիրելու մասին որևէ խոսք չկա: Մարդիկ, ովքեր զբաղվում էին դրանով այդ պահին, այն գնահատեցին որպես շենք կառուցել: (Խոսքը նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովի մասին է, որը 2019-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից — JAMnews):
Եվ հիմա կառուցվել է երրորդ շենքը: Պետք է ավարտին հասցնել այս գործընթացը և հատկացնել բնակարանները»:
Առաջին երկու շենքերի բնակարանների բաշխումը, ավելի շուտ, բացասական արձագանք առաջացրեց: Ինչո՞ւ որոշեցին ամեն դեպքում կառուցել երրորդ շենքը:
Շիխլին կարծում է, որ շինարարությունը պետական փողերը յուրացնելու միջոց էր:
Արդյո՞ք այս նախաձեռնության նպատակը իրոք լրագրողների կենսապայմանները բարելավելն է:
«Նպատակը լրագրողներին իրենց ձեռքում պահելն է, որպեսզի հետագայում նրանք պարեն իրենց դուդուկի տակ: Հայտնի է, որ մեր լրագրողների մեծ մասը բնակարանային խնդիր ունի: Բայց այն կարելի է այլ կերպ լուծել: Ես բազմիցս առաջարկել եմ, որ լրագրողների համար այնպիսի պայմաններ ստեղծվեն, որ նրանք կարողանան իրենց համար բնակարան գնել: Օրինակ՝ նվազեցնել հիփոթեքային տոկոսադրույքը»:
Լրագրողների միության նախագահը հիշեցնում է, որ մի խումբ լրագրողներ 10-15 տարի առաջ ստեղծեցին կոոպերատիվ և Բաքվի գործադիր կառավարությանը խնդրեցին հողամաս տրամադրել կառուցապատման համար: Բայց դրանից ոչինչ դուրս չեկավ:
Ինչպե՞ս եք կանխատեսում ԶԼՄ-ների աջակցման հիմնադրամի գործունեությունը ղեկավարության փոփոխությունից հետո:
«Նոր ղեկավարը և նրա թիմը կարող էին հանդիպումներ անցկացնել գլխավոր խմբագիրների և լրագրողների հետ, լսել մեր առաջարկությունները կամ բարձրաձայնել իրենց սեփականը: Իմ կարծիքով, այդպես էլ պետք է լիներ»:
Կարո՞ղ են խմբագիրներն իրենք առաջարկների փաթեթով հանդես գալ:
«Ես չեմ պատրաստվում դա անել: Ժամանակին ես և Մեհման Ալիևը («Թուրան» լրատվական գործակալության ղեկավարը) այդ հիմնադրամի ստեղծման գաղափարը տվեցինք, և ահա արդյունքը: Ես ափսոսում եմ դրա համար»:
Էլչին Շիխլին ասում է, որ եթե ինքը ընդուներ նման նվեր, ապա «անպետք լրագրող» կդառնար․
«Ամեն անգամ, նախքան ինչ-որ բան անելը, ինքս ինձ կհիշեցնեի. մի տեսակ լավ չէ, նրանք ինձ հետ այնքան բարի էին»:
Հեռանկարում չորրորդ շենքը տեսնո՞ւմ եք:
«Ոչ, չորրորդ շենք չի լինի: Ես վստահ եմ, որ սա «վերջին հնարավորությունն» էր: Եվ մարդիկ, ովքեր զբաղվում են բնակարանների բաշխմամբ, շատ բարդ իրավիճակում են հիմա:
Լրագրողների միության նախագահը համարում է, որ նոր թիմը այս գործում հետաքրքրված չէ, որովհետև բնակարանների հետ կապված գաղափարը պատկանում էր նախորդ ղեկավարությանը:
«Ով ինչ հետաքրքրություն ուներ, բոլորն արդեն ստացել են, ինչ ուզում էին գողանալ, արդեն գողացել են»: