Շփման նոր ձևաչափ․ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը հայտարարություններով են փոխանակվել
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր դեբատներում տեսաձևաչափով ելույթ ունենալիս Ադրբեջանի նախագահը մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի ղեկավարության հասցեին։ Մասնավորապես, նա հայտարարել է, որ հայկական կողմը տապալել է ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը։ Բացի այդ, Իլհամ Ալիևը կասկածում է, որ Հայաստանը նոր պատերազմ է նախապատրաստում։
Հայաստանի վարչապետը պատասխանել է Ալիևի մեղադրանքներին։ Նիկոլ Փաշինյանի պատասխանի հիմնական ուղերձն այն է, որ «Հայաստանի և Ղարաբաղի դիրքորոշումը շատ կառուցողական է», իսկ ղարաբաղյան հարցն ուժային, ռազմական լուծում չունի։ Հայաստանի վարչապետն Ադրբեջանի նախագահին խորհուրդ է տվել «վերադառնալ կառուցողական դաշտ»՝ նշելով, որ հակամարտությունն իրապես հնարավոր է կարգավորել․
«Մեր առջև բանակցային գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր է դրված»։
•Կարծիք Հայաստանից․ ինչո՞ւ են ադրբեջանցիները «սենսացիաներ» հրապարակում Ղարաբաղի մասին
Ի՞նչ է ասել Ալիևը
Ադրբեջանի նախագահն ասել է, որ ավելի քան 30 տարի Ադրբեջանի տարածքի մոտ 20 տոկոսը զավթված է Հայաստանի կողմից։
«Հայաստանը փորձում է տապալել բանակցային գործընթացը, որն իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։ Հայաստանի նպատակն օկուպացիայի հետ կապված ներկայիս ստատուս քվոն պահպանելն է և օկուպացված տարածքների բռնակցում իրականացնելը։ Ի հակակշիռ Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման՝ Հայաստանի վարչապետը նպատակաուղղված ձևով տապալում է բանակցային գործընթացի ձևաչափն ու էությունը», — նշել է Ադրբեջանի առաջնորդը։
Ալիևի խոսքով՝ Փաշինյանի «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը լուրջ հարված է բանակցային գործընթացին․
«Նրա անընդունելի «յոթ պայմանները» մենք մերժեցինք։ Խաղաղության հասնելու մեր միակ պայմանը հետևյալն է․ Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից։ Ողջ աշխարհն է Լեռնային Ղարաբաղը ճանաչում որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս»։
Նախագահ Ալիևն ասել է նաև, որ Հայաստանը սպառնում է հարվածներ հասցնել Ադրբեջանի խոշոր քաղաքներին և կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ Մինգեչաուրի ջրամբարին և Սանղաչալի նավթագազային տերմինալին, որն աշխարհում խոշորագույններից մեկն է։
«Հայաստանը վարձկանների և ահաբեկիչների է ներգրավում տարբեր երկրներից, նրանց Ադրբեջանի դեմ օգտագործում։ Հայաստանի թշնամական ադրբեջանաֆոբ հայտարարություններն ու կատարվող սադրանքները ցույց են տալիս, որ Հայաստանն Ադրբեջանի դեմ նոր պատերազմի է պատրաստվում։ Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը հետ պահել Հայաստանին հերթական ռազմական ագրեսիայից», — հայտարարել է Ալիևը։
Ի՞նչ է պատասխանել Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ նշել է, որ վարչապետի պաշտոնը ստանձնելիս «աննախադեպ հայտարարություն է արել» այն մասին, որ խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար։ Ըստ վարչապետի՝ ինքն ակնկալում էր, որ հայտարարությունը համարժեք արձագանք կգտնի Բավքում, քանի որ դա «բանակցություններում ճեղքում արձանագրելու մեծ հնարավորություն կտար»։
«Սակայն արձագանքն այն էր, որ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Ըստ էության, այս հայտարարությունը նշանակում է հետևյալը, որ Ադրբեջանը, որպես նախապայման առաջադրում է Ղարաբաղի հարցի կարգավորման մի բանաձև, որի էությունը 1988 թվականի ստատուս քվոյին վերադառնալն է», — կարծում է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ բոլոր այն հայտարարությունները, «որոնք ականջահաճո չեն Ադրբեջանի ղեկավարությանը, մեր համարժեք արձագանքն են նրանց արած ապակառուցողական հայտարարություններին»։
Բաքուն փորձում է միակողմանի զիջումների հասնել՝ սպառնալով ուժային մեթոդներով լուծել հարցը, կարծում է վարչապետը․
«Մենք ամենասկզբից ասել ենք, որ Հայաստանի հետ պետք չէ ուժի և սպառնալիքի լեզվով խոսել: Դա անիմաստ գործ է։ Ես հրապարակային եմ ասել, մեր դիրքորոշումը հետևյալն է․ Ղարաբաղի հարցը չունի ուժային լուծում: Եթե Ղարաբաղի հարցն ունի ուժային լուծում, ուրեմն Արցախի ժողովուրդը կասի՝ ես վաղուց դա լուծել, ավարտել եմ»։
Գաղտնի տեղեկությունների հրապարակման մասին
Փաշինյանն ընդգծել է նաև, որ վերջերս Բաքուն որոշել է նոր կոմպոնենտ մտցնել իր քարոզչական արշավի մեջ․ «այսպես կոչված կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում»․
«Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»։
Գաղտնի ղեկությունների հրապարակման մասին խոսելիս՝ Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է, նկատի ուներ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքերի մեջբերման հետ կապված սկանդալը։
Ադրբեջանական խորհրդարանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր հրապարակել, որում ներկայացված էր ղարաբաղյան կարգավորման և դրանում Հայաստանի վարչապետի դերի մասին Լավրովի կարծիքը, որը նա իբր հայտնել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպման ընթացքում։ Մամուլի հաղորդագրությունը խմբագրվել էր, այդ արտահայտությունները հեռացվել էին՝ ճիշտ է, միայն ռուսական կողմի հերքումից հետո։
Բացի այդ, վերջերս ադրբեջանական կողմից հաճախակի են դարձել հաքերային հարձակումները։ Մասնավորապես, սոցցանցերի հայկական տիրույթում կեղծ լուր էր հայտնվել՝ Լեռնային Ղարաբաղի ԱԱԾ և Պաշտպանության բանակի իբր պաշտոնական փաստաթղթի լուսանկարը, որում բնակչությանը կոչ է արվում պատրաստ լինել արտակարգ տարհանման։