Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի շրջանի նախկին մարզպետ Միխայիլ Սահակաշվիլին զրկվել է ուկրաինական քաղաքացիությունից: Այդ մասին տեղեկատվությունն, ինչպես հաղորդում է ТСН-ը, հաստատել են Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայությունում: Գերատեսչությունում որպես քաղաքացիությունից զրկվելու պատճառ նշել են այն, որ Սահակաշվիլին քաղաքացիություն ստանալիս անկետայում կեղծ տվյալներ է նշել:
Մասնավորապես 2015թ-ին Սահակաշվիլին անկետայում նշել է, որ նա Ուկրաինայում և դրա տարածքից դուրս քննության տակ չէ, սակայն հայտնի է, որ Վրաստանի տարածքում Սահակաշվիլին հեռակա կալանավորված է:
Այս փաստը հաստատել է Սահակաշվիլիի համախոհ, Վրաստանի գլխավոր դատախազի և Ուկրաինայի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Դավիթ Սակվարելիձեն:
«Ակնհայտ է, որ Ուկրաինան հերթական «Յանուկովիչ» է ստացել, պարզապես սա անգլախոս է: Բոլորի համար արդեն վաղուց պարզ է, որ այսպես այլևս չի կարող շարունակվել. Ուկրաինան ապրելու և որպես պետություն իրեն պահպանելու ճիգեր է գործադրում: Մարդը, որը բոլորից բարձր էր այդ մասին խոսում, այսօր առանց ուկրաինական քաղաքացիության և Ուկրաինա մուտք գործելու իրավունքի է մնացել: Սակայն դա ոչ մի կերպ մեզ չի կանգնեցնի՝ Միխայիլ Սահակաշվիլիի Նոր ուժերի շարժմանը: Ընդհակառակը, ես վստահ եմ, որ դա կմոտեցնի Պյոտր Պորոշենկոյի ռեժիմի ավարտը», — Ֆեյսբուքում գրել է Սակվարելիձեն:
«Միխայիլ Սահակաշվիլիին ուկրաինական քաղաքացիությունից զրկելն ամենահիմար բանն է, ինչ կարելի էր մտածել, թուլության նշան, որը պատիվ չի անում Ուկրաինայի նախագահին: Դրանից մեկ էլ ավելի մեծ հիմարություն էր Յուլյա Տիմոշենկոյին Վիկտոր Յանուկովիչի ժամանակ նստեցնելը», — Ֆեյսբուքում գրել է Գերագույն Ռադայի պատգամավոր, Ժողովրդավարական դաշինք կուսակցության անդամ Մուստաֆա Նայեմը:
«Միխայիլի հետ կարելի է չհամաձայնել, նրան կարող ես չհավանել, սակայն ընդհանուր առմամբ Սահակաշվիլին քաղաքակրթական բարիկադների այս կողմում են: Եվ ի վերջո, երկու նախագահների վեճից կշահի ով ասես, բայց ոչ Ուկրաինան», — նշել է Նայեմը:
Միխայիլ Սահակաշվիլին դեռևս 2016թ-ին մարզպետի պաշտոնից հրաժարական տալուց հայտարարել է, որ Պորոշենկոն պլանավորում է իրեն քաղաքացիությունից զրկել:
2015թ-ի դեկտեմբերին Սահակաշվիլին զրկվել է վրացական քաղաքացիությունից ուկրաինական անձնագիր ստանալու կապակցությամբ: Ուկրաինական քաղաքացիություն նա ստացել է նախագահ Պորոշենկոյի հրամանի համաձայն:
Սահակաշվիլին այլ երկրի քաղաքացիություն չունի:
Սահակաշվիլին 2016թ-ին Ուկրաինայում հիմնել է «Նոր ուժերի շարժում» և պլանավորում էր մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին: