Վլադիմիր Պուտինի և Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հանդիպումն անցկացվել է օգոստոսի 8-ին խորհրդային գլխավոր քարտուղարների նախկին սիրած ամառանոցում՝ Աբխազիայի Պիցունդա փոքր քաղաքում:
«Ինձ համար շատ հաճելի է կրկին ձեզ մոտ լինել, — ասել է Պուտինը՝ շնորհակալություն հայտնելով Աբխազիային հրավերքի համար: — Ամենագլխավորն այն է, որ Աբխազիայի հետ մեր հարաբերություններն առանձնահատուկ են, բոլորովին առանձնահատուկ: Մենք հուսալի կերպով երաշխավորում ենք Աբխազիայի անվտանգությունն ու ինքնուրույնությունը, անկախությունը: Վստահ եմ, որ այսպես էլ շարունակվելու է»:
Հանդիպման՝ լրագրողների համար բաց հատվածում քիչ բան ասվեց. Պուտինի և Հաջիմբայի բրիֆինգը տևեց կես ժամից պակաս: Ռաուլ Հաջիմբան ասաց, որ «շնորհիվ Ռուսաստանի Դաշնության աջակցության Աբխազիան շարժվում է սոցիալ-տնտեսական զարգացման և ենթակառուցվածքների կառուցման ճանապարհով»:
Պուտինն առանձնահատուկ կերպով ընդգծեց Աբխազիայի պաշտպանունակության ապահովման համատեղ աշխատանքի կարևորությունը: «Միացյալ խմբավորումը զարգանում է շատ լուրջ բազայում, մենք պայնամանավորվածություն ունենք հետագա քայլերի շուրջ», — ասել է նա: Անուղղակիորեն արծարծվել է նաև Աբխազիայում ռուս քաղաքացիների անվտանգության թեման՝ այսօր հանրապետությունում ամենաբարձր թեմաներից մեկը, հարձակումների, կողոպուտների և անգամ ռուս զբոսաշրջիկների սպանության շարքի ֆոնին:
«Աբխազիայի քաղաքացիները, …և հյուրերը, որտեղից էլ նրանք գան, այդ թվում՝ Ռուսաստանից, պետք է հասկանան և զգան, որ գտնվում են Ռուսաստանի ապահով պաշտպանության տակ», — ասել է Ռուսաստանի նախագահը:
Նրա կարծիքով՝ այդպիսի պաշտպանության գործում մեծ դեր է խաղում վերջերս ստեղծված Ռուսաստանի և Աբխազիայի ներքին գործերի նախարարությունների համատեղ տեղեկատվական-համակարգման կենտրոնը:
Սա Վլադիմիր Պուտինի արդեն չորրորդ այցն է Աբխազիա: 2009 և 2011թթ-ին նա երկիր է այցելել որպես Ռուսաստանի վարչապետ, իսկ 2013-ին՝ որպես Ռուսաստանի նախագահ: Այս անգամ Պուտինի աշխատանքային այցըկապված էր Հարավային Օսիայում 2008թ-ին հակամարտության մեկնարկի ամսաթվի հետ:
Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի: