Հայաստանի ԱԻՆ-ն այսօր ահազանգ է ստացել, որ 5 լեռնագնաց (Ֆրանսիայի քաղաքացիներ) բարձրացել են Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստավայրում գտնվող սարը։ Դեռևս չպարզված հանգամանքներում լեռնագնացներից մեկը մնացել է ձյան զանգվածի տակ։ Նա մահացել է փրկարարների ուղղաթիռում՝ այդպես էլ գիտակցության չգալով։
Ի՞նչ է հայտնի ողբերգության մասին
Հինգ լեռնագնացներ բարձրացել են Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստավայրում գտնվող հյուրանոցներից մեկի հարակից սարը։ Լեռնագնացներից մեկը մնացել է ձյան զանգվածի տակ, վերջինիս ընկերները շտապ դուրս են բերել ձնակույտից, տուժածը կորցրել է գիտակցությունը։
Միջադեպի մասին «911» ծառայությանն ահազանգվել է ժամը 11:05-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Սակայն տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով փրկարարները ստիպված են եղել ավելի քան յոթ կիլոմետր ոտքով քայլել ձյան միջով։ Դեպքի առթիվ օգնության է եկել նաև պաշտպանության նախարարության ուղղաթիռը։
ԱԻՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ լեռնագնացի կյանքը չի հաջողվել փրկել․
«Ֆրանսիայի քաղաքացու մահը ֆիքսվել է ժամը 15:40-ին ՊՆ ուղղաթիռում բժշկական անձնակազմի կողմից»։
Մյուս չորս լեռնագնացների կյանքին ոչինչ չի սպառնում․
«Նրանց վիճակն այնպիսին էր, որ պատրաստ էին իրենց իսկ դահուկներով իջնել սարը», — հաղորդել է փրկարարական ջոկատի կապիտան Մկրտիչ Անտոնյանը։