Ֆիշինգային հարձակում Հայաստանի իշխող ուժի անվան օգտագործմամբ․ ի՞նչ է հայտնի
Ֆիշինգային հարձակում Հայաստանում
Անհայտ անձինք փորձել են ֆիշինգային հարձակում իրականացնել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դեմ։ Մասնավորապես՝ նամակներ են ուղարկվել իշխող կուսակցության էլեկտրոնային փոստի հասցեին նմանվող հասցեից՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից գրություններ։
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը Factor TV-ի հետ զրույցում շեշտել է՝ թիրախավորվել են անկախ կազմակերպությունները, ինչպես նաև Ռուսաստանի վերաբերյալ քննադատական վերլուծությունների հեղինակները։ Գրիգորյանի ղեկավարած «Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը» նույնպես թիրախավորվել է։
«Այնքան ոչ պրոֆեսիոնալ պատրաստված նամակ էր, որ կարծում եմ՝ նույնիսկ մասնագետ պետք չէր լինել՝ հասկանալու համար, որ սա ինչ-որ կեղծ կամ այսպես կոչված հիբրիդային գործողություն է։ Այսինքն՝ կա՛մ խարդախություն պետք է լիներ, կա՛մ էլ այդ տիպի արտաքին միջամտության փորձ»,- արձանագրել է նա։
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանն ասում է՝ վերջին մեկ տարվա ընթացքում նման հարձակումները Հայաստանում հաճախակի են դարձել։ Նրա խոսքով՝ կիրառվող մեթոդները հանդիպել են նաև Ուկրաինայում և Մոլդովայում։
Այս պահին հայտնի բոլոր մանրամասները, մեկնաբանություն
- ՔՊ-ն կհաղթի՞ 2026 թ․-ի ընտրություններում․ ArmES-ի հարցման արդյունքները
- Ուկրաինայից հետո ՌԴ թիրախում կհայտնվեն Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը
- «Դուրս բերել ռուսական զորքերը ՀՀ-ից, Վրաստանից»․ Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ փաստաթուղթը
Ի՞նչ նամակ է ուղարկվել ՔՊ անունից
Կեղծ նամակն ուղարկվել է իշխող ուժի պատգամավոր Մարիա Կարապետյանի անունից։ Քաղհասարակության ներկայացուցիչները, որոնք հնարավոր հարձակման մասին ահազանգել են փորձագետներին, նկատել են, որ՝
- գործարկվել է civilcontact.am դոմեյնը, ստեղծվել են էլեկտրոնային փոստի կեղծ հասցեներ,
- նամակի տեքստում եղել են բազմաթիվ քերականական սխալներ,
- տեքստը գրված է եղել հայերեն, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունը անգլերեն՝ Civil Contract։
Հարձակման ենթարկված ՀԿ ներկայացուցիչները դիմել են ոչ միայն ոլորտի մասնագետներին, այլև կիբերոստիկանություն։
Ներկա պահին զեղծարարների ստեղծած civilcontact.am կայքի հասանելիությունը կասեցված է։
«Ակնհայտ հիբրիդային հարձակում է»․ իշխող ուժի ներկայացուցիչ
«Ինչ-որ խումբ, խաբեբաների մի խումբ բացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դոմեյնին՝ շփոթության աստիճանի նման դոմեյն։ Դրանով մեյլեր է ուղարկում, փորձում է տվյալներ հավաքագրել, մարդկանց մեյլերը հավաքագրել»,- Factor TV-ի հետ զրույցում նկատել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, իշխող ուժի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Նրա փոխանցմամբ՝ նմանատիպ նամակներ են ստացել ոչ միայն քաղհասարակության ներկայացուցիչները, այլև մի շարք կուսակցական գործընկերներ։
«Որքան հասկանում եմ՝ ինչ-որ տվյալների հավաքագրում է եղել նպատակը։ Այնտեղ տարատեսակ հարցեր կային, ինչ-որ գուգլ ֆորմ էր՝ որպես այդպիսին դրված հարցը նամակի մեջ, որ նամակ ստացողը պետք է մտներ, այնտեղ լրացներ ու ընդհուպ մինչև կարող էր լինել, որ ինչ-որ մեյլինգ փասվորդներ լուծում ստանալու նպատակ հետապնդեր»,- մանրամասնել է նա։
Իշխող ուժի ներկայացուցչի պնդմամբ՝ ակնհայտ է, որ նախընտրական շրջանում նման հարձակումներն ավելի հաճախակի են դառնալու։
Հիշեցրել է՝ վերջերս իրականացված հետաքննությունը, որի արդյունքում բացահայտվել էր նախընտրական շրջանում ՀՀ-ում տարածվող տպագիր թերթ, որն ունի ամերիկյան բրենդավորում, սակայն տպագրվում է ՌԴ-ում։
«Բոլորիս աչքի առաջ ինչ-որ Սյունիքի վրա կրակոցների մասին ապատեղեկատվություն էր ամբողջ ինտերնետով սավառնում, ու այսպես շարունակ»,- նշել է Վահագն Ալեքսանյանն ու հավելել՝ գործ ունենք ակնհայտ հիբրիդային հարձակման հետ։
Factor TV-ն Երևանի տարբեր հատվածներում Wyoming Star անունով թերթի օրինակեր էր հանդիպել։ Այն տարածվում է անվճար։ 12-էջանոց հայալեզու և անգլալեզու թերթի խմբագիրն անհայտ է, հոդվածները՝ անստորագիր։ Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին տարածվող թերթի նյութերն աչքի են ընկնում ՀՀ գործող իշխանությունների քննադատությամբ։
Հետաքննության արդյունքում լրագրողները պարզել են, որ ամերիկյան բրենդավորում ունեցող թերթը տպագրվում և Հայաստան է բերվում Ռուսաստանից։ Թերթի վերջին էջում գրված է, որ լրատվական գործունեություն իրականացնողը «Շուքուրյան Վանիկ Վոլոդյայի» ԱՁ-ն է։ Սակայն Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում նման անունով ԱՁ գրանցված չէ։ Ինքը՝ Շուքուրյանը լրատամիջոցի հետ զրույցում նշել է, որ Wyoming-ի սեփականատիրոջ կամ խմբագրի հետ անձամբ ծանոթ չէ, նրանց գիտեն այն մարդիկ, որոնց հետ ինքը «գործակցում» է։
Օրեր առաջ էլ՝ մարտի 5-ին մի շարք տեղական լրատցամիջոցներ և ընդդիմադիր պատգամավորներ տարածել էին տեղեկություններ այն մասին, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում լսվում են կրակոցների ձայներ։ Կապան քաղաքը գտնվում է ՀՀ-ի հարավում, բայց ոչ հայ-իրանական սահմանի անմիջական հարևանությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր տարածվող լուրերը։
«ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան: Որոշ շրջանակներ մանիպուլյատիվ բնույթի վերնագրերով հոդվածներ են շրջանառում՝ նպատակ ունենալով անհարկի լարվածություն ստեղծել հանրության շրջանում»,- շեշտել էր նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Փորձագիտական կարծիք
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանը նկատել է․
«Հայաստանում 2 խոշոր տիպի հարձակվողներ կան․ կա՛մ ադրբեջանցիներն են ինչ-որ բան անում, կա՛մ ռուսները։ Երբ տեսնում ենք, որ թիրախավորել են Հայաստանը և թվային հետքը կապվում է ուկրաինական ենթակառուցվածքի հետ, կարելի է հստակ ենթադրել, որ գործ ունենք ռուսների հետ։
[Վերջին ֆիշինգային հարձակման] Նպատակն էր՝ քաղհասարակության կարկառուն ներկայացուցիչներից, պետական պաշտոնյաներից ստանալ իրենց Google օգտահաշիվը։ Ինչո՞ւ։ Որովհետև շատերի մոտ Google օգտահաշիվը կապված է լինում հեռախոսների բեքափների հետ, WhatsApp-ի բեքափների հետ։Նույնիսկ եթե ամբողջ պաշտոնական կամ աշխատանքային գրագրությունը լինում է այլ ֆորմատով, այդ կիսված ֆայլերին հասանելիությունը կարող է զգալի արժեք ներկայացնել և լրտեսական կարևոր տեղեկատվություն տրամադրել։
Google-ի ուղղությամբ թիրախավորումն ամենատարածվածներից մեկն է։ Անհրաժեշտ է բարձրացնել թվային անվտանգության մակարդակը և զգոն լինել կասկածելի հաղորդագրությունների նկատմամբ։
Շատ ցանկալի է, որ մարդիկ, որոնք կարևոր, արժեքավոր ինֆորմացիայի են տիրապետում, հատկապես՝ Հայաստան-եվրաինտեգրում, ժողովրդավարական արժեքների ուղղությամբ, իրենք պետք է կիրառեն Google Advanced Protection ծառայությունը։
Օրինակ՝ իմ դեպքում, երբ փորձում էի անցնել նամակում նշված հղումով, Google-ն անմիջապես կանխում էր դա, ասում էր, որ շատ վտանգավոր է»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ֆիշինգային հարձակում Հայաստանում