Նոյեմբերի 21-ին Երևանում, չնայած անձրևին, հարյուրավոր մարդիկ էին մասնակցում ընդդիմության հերթական հանրահավաքին: Դրանք կազմակերպում է միավորված ընդդիմությունը՝ 17 կուսակցություններ, որոնք դեմ են արտահայտվել Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ համաձայնագրին:
Արդեն ավելի քան 10 օր անընդմեջ ցուցարարները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ով, իրենց կարծիքով, դավաճանության է գնացել՝ համաձայնելով Ղարաբաղը կամավոր հանձնել Ադրբեջանին:
ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց ընդդիմության նոր մոտեցման մասին: Նախկինում ընդդիմադիրները, վարչապետի հրաժարականին զուգահեռ, պահանջում էին չեղյալ հայտարարել Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունը, սակայն հիմա՝ իշխանության գալու դեպքում, նրանք չեն պատրաստվում խափանել հրադադարի մասին պայմանավորվածությունները:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք պատերազմ սկսելու մտադրություն չունենք։ Մենք ասում ենք, որ այս ստորացուցիչ հայտարարությունը ստորագրած, պարտված առաջնորդը չի կարող ներկայացնել հայերի շահերը կնքվող պայմանագրում», — ասել է Արթուր Վանեցյանը:
Ընդդիմության կարծիքով՝ հենց Նիկոլ Փաշինյանն է իր «ապաշնորհ արտաքին քաղաքականությամբ» հրահրել Արցախում պատերազմական գործողությունները:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ Փաշինյանը փորձում է ամեն կերպ պահպանել իշխանությունը.
«Նա պետք է րոպե առաջ հեռանա, քանի որ Հայաստանի համար ազգային անվտանգության սպառնալիք է»։
Իսկ ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը կարծում է, որ Փաշինյանը կառավարությունում կադրային փոփոխությունների միջոցով փորձում է հասարակության և ընդդիմության ուշադրությունը շեղել հիմնական խնդիրներից:
Խոսքը վերջին օրերի պաշտոնանկությունների և նշանակումների մասին է: Իր հրաժարականի փոխարեն Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «ճանապարհային քարտեզ»՝ երկրում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու և կայունություն և անվտանգություն հաստատելու համար: Նա հայտարարեց, որ այդ պլաններն արդյունավետ իրականացնելու համար սկսում է բարեփոխել նախարարների կաբինետը: