Տրանսպորտի ուղեվարձի թերհավաքագրումներ Երևանում տուգանքի ինստիտուտի ներդրման ֆոնին
Տրանսպորտի ուղեվարձի թերհավաքագրումներ Երևանում
Հայաստանի կառավարությունը պահուստային ֆոնդից 3 միլիարդ դրամ կհատկացնի Երևանի քաղաքապետարանին։ Որոշման համաձայն՝ սա հնարավորություն կտա ապահովել «համայնքային առաջնահերթ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ 45 տրոլեյբուսների ձեռքբերումը»։
Մայրաքաղաքում հանրային տրասնպորտի միասնական տոմսային համակարգի ներդրումից ամիսներ անց քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր՝ քաղաքապետարանը չի կարողանա ձեռք բերել խոստացված 45 տրոլեյբուսներից առնվազն 30-ը՝ պայմանավորված տրանսպորտի ուղեվարձի թերհավաքագրումներով։
Քաղաքային իշխանությունները թերհավաքագրումների մեջ մեղադրում են ավագանու ընդդիմադիր գործընկերներին, մասնավորապես՝ բոյկոտի նախաձեռնություններ իրականացնելու համար։ Ընդդիմադիրները, սակայն, կարծում են՝ պատճառն այն է, որ իրականացվում է «վատ կառավարում»։
2025 թ․-ի փետրվարից ներդրվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգ։ Մինչ այդ 1 ուղևորափոխադրման արժեքը 100 դրամ էր, այժմ՝ 150 դրամ։ Բացի այդ, գործում են տարբեր փաթեթներ` 1 օր-ից մինչև 1 տարի։ Օրինակ՝ 1 ամսվա անսահմանափակ փաթեթի արժեքը 9000 դրամ է, 1 տարվանը՝ 90․000 դրամ։ Առանձին խմբերի՝ աշակերտների, ուսանողների, կենսաթոշակառուների և նպսատառուների համար սահմանվել են որոշակի արտոնություններ։
- Երևանում տրանսպորտի ուղեվարձ չվճարողներն այսուհետ կտուգանվեն
- Ինչո՞ւ է աղմուկի մակարդակն այդքան բարձր Հայաստանում, ինչպե՞ս պայքարել դրա դեմ. կարծիքներ
- Էլեկտրամոբիլների հաղթարշավը Հայաստանում․ պատճառներն ու նպաստող գործոնները
Քաղաքապետարանը չի թաքցնում՝ թերհավաքագրումը տրանսպորտի ուղեվարձի վճարումների մասով է
«Երևան քաղաքի բյուջեում առկա է որոշակի թերհավաքագրում, հատկապես՝ հանրային տրանսպորտի ուղեվարձերի վճարման մասով»,- ասված է որոշման նախագծում։
Նշվում է, որ ընթացիկ տարվա կանխատեսումներով սպասվում է շուրջ 5.5 մլրդ դրամ թերհավաքագրում։
Չնայած որոշման մեջ արված այս արձանագրումներին՝ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը Factor TV-ին ասել է՝ ուղեվարձ չվճարող քաղաքացիները փոքր թիվ են կազմում․
«Քաղաքացին, եթե մի անգամ տուգանվի, ենթադրաբար շատ երկար ժամանակ այլևս այդ վարքը չի ցուցաբերի»,- վստահեցրել է նա։
Տուգանքի ինստիտուտը չլրացրե՞ց բացը
Երևան քաղաքի հանրային տրանսպորտում հսկողական աշխատանքներ են ընթանում 2025 թ․-ի օգոստոսի 5-ից։ Հասարակական կարգի պահպանության ծառայության տեսուչները ստուգում են՝ արդյո՞ք քաղաքացին վճարել է ուղեվարձը, ի՞ր, թե՞ արտոնություն ունեցող այլ անձի քարտով է վճարել։
Ըստ այդմ՝ 10 հազար դրամի չափով տուգանում են այն քաղաքացիներին, որոնք ընդհանրապես հրաժարվում են վճարելուց, 15 հազար դրամով՝ նրանց, ովքեր այլ անձի արտոնությունից են օգտվում, և 3000 դրամով՝ այն անձանց, ովքեր տեսուչի հորդորից հետո համաձայնում են վճարել։
Մինչև նոյեմբերի 25-ը կազմվել է տուգանքի 1180 որոշում, մասնավորապես՝
- 860-ը ուղետոմս չի ունեցել,
- 91-ն այլ անձի արտոնության տոմսով է երթևեկել,
- 229 ուղևոր ունեցել է տոմս, բայց այն չի վավերացրել՝ չի մոտեցրել վալիդատորին։
Ընդդիմադիր ավագանու անդամ․ «Տապալել են տրանսպորտային բարեփոխումները»
Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի գնահատմամբ՝ քաղաքային իշխանությունը տապալել է տրանսպորտային բարեփոխումների իր խոստումը։
«Հաշվետու հասարակություններում նման կարգի ձախողման պարագայում քաղաքային իշխանությունը ներողություն է խնդրում, հրաժարական է տալիս ու գնում է իրենց տուն։ Չի էլ համարձակվում մյուս ընտրություններին մասնակցի: Իսկ էս մարդիկ ասում են․ «Ի՞նչ է եղել որ։ Ոչինչ, որ մեր մոտ ձախողվեց, կարևորը, որ կառավարությունում պահուստային ֆոնդ կա։ Կարելի է էս ֆոնդի հաշվին ինչ-որ մարդկանց սխալ կամ հանցավոր կառավարման հետքերը փակել ու շարունակել շարժվել առաջ, կարծես ոչինչ չի եղել»,- ասել է նա։
Ընդդիմադիր գործիչն այստեղ նաև նախընտրական տարրեր է տեսնում։
«Իրենք գնում են հետքերը թաքցնելու և կառավարության բյուջեից սեփական թիմակից կառավարիչների ապիկարությունը կոծկելու ճանապարհով՝ էլի քաղաքացու գրպանը մտնելով»,- «Ազատության» հետ զրույցում նկատել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Տրանսպորտի ուղեվարձի թերհավաքագրումներ Երևանում