Տորթ «Զեմֆիրա»
Մորաքույրս այս աղանդերը «Տորթ Զեմֆիրա» է անվանում, սակայն ես չեմ կարողանում այն սոխակի հետ չասոցացնել:
Բանն այն է, որ մի գեղեցիկ երեկո, երբ հերթական անգամ մորաքրոջս տանը հյուրեր հավաքվեցին, ինչ-որ մեկը պատմեց այդ օրը ռուսերեն խոսող դասախոսի և ռուսերենին միջակ տիրապետող ուսանողի միջև երկխոսությունը:
— Ինչո՞ւ եք կրկին ուշանում, — հարցրել է սրտնեղած դասախոսը:
— Հասկանում եք՝ ողջ գիշեր չեմ կարողացել քնել, առավոտյան միայն հաջողվեց աչք կպցնել, և այդ պահին…
— Այդ ինչպե՞ս, — ոչ առանց չարամտության հարցրեց դասախոսը:
— Ողջ գիշեր մի թռչուն էր երգում, պրոֆեսո՛ր:
— Թռչո՞ւն:
— Դե այո, թռչուն: Ինչպե՞ս են ռուսերեն ասում դրան: Չեմ հիշում:
— Սոխա՞կ:
— Այո-այո, սոխակ: Ողջ գիշեր կանչել է ՝ կա՜ռ-կա՜ռ:
Այդ պատմությունը հիշում եմ ամեն անգամ, երբ ափսեիս մեջ համեղագույն և սառը “Զեմֆիրա տորթ է լինում: Այս տորթն իսկական համային փունջ է, ինչ ասես կա: Այն և թթու է, և քաղցր, և համեմված: Իսկ ամենակարևորն այն է, որ տորթը դժվար չէ պատրաստել: Այնքան հեշտ է, որ նույնիսկ թխել պետք չէ: Պատմում եմ:
Մեզ հարկավոր կլինի.
- 10 հատ զեֆիր (կարևոր է, որ այն անպայման սպիտակ լինի, առանց լրացուցիչ համերի և գունանյութերի);
- 200գ կարագ
- 200գ խտացրած կաթ
- 200գ ընկույզ
- 4 խոշոր կիտրոն
- 50գ սև շոկոլադ
Զեֆիրը կարելի է դեռևս մի կողմ դնել, սկզբից կրեմը պատրաստենք: Փափկած կարագը խառնում ենք հարիչով՝ միաժամանակ ավելացնելով խտացրած կաթը: Ընկույզը մանրացնում ենք բլենդերով, ավելացնում կարագին և լավ խառնում: Ավելացնում ենք կիտրոնի հյութը և կրկին հարում: Ճիշտ կրեմը պետք է ջրիկ թթվասեր հիշեցնի:
Ժամանակն է զեֆիրները երկու մասի բաժանել (զգույշ՝ չկոտրեք, կարևոր է, որ զեֆիրներն ամբողջական լինեն), հետո յուրաքանչյուր կեսը կտրել երկայնքով: Զեֆիրային թիթեղները շարում ենք ապակե տարայի մեջ՝ հնարավորինս հարթ, դրանք միմյանց վրա չդնելով, սակայն աշխատելով կրճատել զեֆիրների միջև առկա արանքները:
Զեֆիրների առաջին շերտը պատում ենք կրեմի հաստ շերտով: Վրայից շարում ենք երկրորդ շերտը և վրան նույնպես կրեմ լցնում: Դրա վրա դնում ենք երրորդ շերտը և այլն: Կրեմով ծածկելով վերևի շերտը՝ քերիչով անցկացնում ենք շոկոլադը: Վերջ: Տորթը դնում ենք սառնարան և աշխատում ենք մոռանալ դրա մասին 2 ժամ: Երբ այդ երկար երկու ժամն անցնում է, տորթը հանում ենք սառնարանից և դանակով փորձում պոկել այն տարայի պատերից: Հետո շրջում ենք տարան մեծ ափսեի մեջ: Պատրաստ է:
[Image_8e15949e8aaf449a846807b6a6dae531]
Թեյ լցրեք, ոչ քաղցր կոմպոտ կամ հյութ՝ ցանկացած ըմպելիքը հիանալի կլինի այս հրաշք աղանդերի հետ:
Հրապարակվել է 21.07.2016