«Տնտեսության և կենսամակարդակի աճ ՀՀ-ում կա, բայց մի փոքր ուռճացված»․ վերլուծություն
Տնտեսության և կենսամակարդակի աճ ՀՀ-ում
Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին ակտիվ աճ է գրանցում: 2025թ-ին ՀՆԱ հավելաճն, ըստ նախնական տվյալների՝ նախորդ տարվա համեմատ կազմել է 7.2%:
Հիմնականում մի քանի ոլորտներ են կրել տնտեսության աճի բեռը․ շինարարություն, ֆինանսներ և ապահովագրություն, տեղեկատվություն և կապ, անշարժ գույք, մեծածախ և մանրածախ առևտուր:
ՀՆԱ-ի իրական ծավալի հավելաճին առավելապես նպաստել են հետևյալ ոլորտները՝
- շինարարություն՝ 1.5%,
- Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 1.3%։
Միաժամանակ տնտեսությունում նկատվել են հետևյալ զարգացումները։ Զգալիորեն նվազել է արտաքին առևտրաշրջանառությունը՝ 2024թ-ի համեմատ մոտ 29%։ Այդ ֆոնին աճ են ապահովել
- շինարարությունը՝ 20.2%,
- ծառայությունները՝ 10%,
- էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 6.7%,
- հանքարդյունաբերությունը՝ 6.4%,
- գյուղատնտեսական արտադրությունը՝ մոտ 5.6%,
- առևտուրը՝ 3%:
Այս աճի տեմպերից հետ չեն մնացել սպառողական գները՝ անցյալ տարվա համեմատ գրանցվել է 3.3% աճ։
Վերջին տարիներին գրանցված աճի տեմպերը կարող են հետագայում ցնցում առաջացնել տնտեսության մեջ, երբ նշված ոլորտներից մեկում կամ մի քանիսում անկումներ լինեն: Տնտեսագետները կարծում են, որ նախընտրելի է տնտեսության ցիկլային քաղաքականությունը, ինչը նշանակում է տնտեսական տարբեր գործիքներով մեղմել տնտեսական կտրուկ աճը և ստեղծել բուֆեր հետագա ճգնաժամերին դիմանալու համար:
Նրանցկարծիքով՝ կարևոր է տնտեսության ակտիվությունը պահել խելամտության սահմաններում, որովհետև որևէ ճյուղ չի կարող անվերջ թռիչքային աճ արձանագրել, կլինեն նաև կայուն աճի և անկման փուլեր: Դրա հետևանքով առաջացած վայրէջքները պետք է մեղմ լինեն՝ չցնցեն տնտեսությունը, ներդրողներին, պետության վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը:
Գրանցված ցուցանիշները մեկնաբանում են գործարարը, մարքեթոլոգը և տնտեսագետը:
- «Որակական թռիչքի համար տնտեսության արդիականացում է պետք»․ կարծիք Երևանից
- «ՀՀ-ն պետք է ընտրի՝ լինել առաջատա՞ր, թե՞ արձագանքողի դերում»․ ՏՏ ոլորտի մասնագետ
- «Չհաշվարկված առաջարկ է»․ տնտեսագետը՝ ՀՀ-ում 7-ժամյա աշխատանքային ռեժիմի անցնելու մասին
Չնայած մարտահրավերներին ոսկու արտադրությունը ևս նպաստեց տնտեսության աճին
Արտաքին առևտրաշրջանառության նվազումն այդքան էլ ցավոտ չի եղել ոսկերչության ոլորտի համար: Պարգև Ալոյանը զբաղվում է Հայաստանից ոսկյա զարդերի արտահանմամբ։ Նրա խոսքով՝ հիմնական շուկան հիմա Ղազախստանն է: Վերջին տարիներին այս ուղղության հաշվին է, որ ոսկյա զարդերի արտադրության և արտահանման ոլորտը երկրում կարողանում է աճ ապահովել․
«Այս թվերի հետևում հարյուրավոր ընտանիքների կեցության հարց է դրված, որովհետև ոսկու արտադրության շղթան լայն է՝ վերամշակում, արտադրություն, ձևավորում, մակնշում, պիտակավորում և այլն: Ինքս աշխատում եմ մոտ հիսուն արտադրողների հետ, որոնք մեծամասամբ դրսի պահանջարկն են սպասարկում»,- ասում է Պարգևը։
Բացատրում է՝ ոսկու գների վերջին տարվա աննախադեպ թանկացումը բերեց տեղական պահանջարկի մի քանի անգամ կրճատման․
«Ավանդաբար Հայաստանը ոսկու արտադրությամբ տնտեսական աճ ունեցող երկրներից է։ Տեղական սպառմանն արագ փոխարինելու եկավ արտահանումը, և ոլորտում ցնցումներ չեղան»:
Գործարարը կարծում է՝ եթե հնարավոր լինի արտահանման ուղղություններն ընդլայնել դեպի արևելյան երկրներ, ոլորտն իր ամբողջ ներուժով կկարողանա սպասակել նոր պահանջարկ՝ ավելացնելով արտահանման ծավալները մի քանի անգամ:
Շինարարության աճը ինչ-որ պահից կանգ կառնի
Շինարարության ոլորտի ներկայացուցիչները կարծում են, որ աճի մի կետում այն կսպառի իրեն՝ կմնա տնտեսության հիմնական ուղղություններից, բայց ոչ ամենամեծ աճ գրանցողը:
Հայաստանում շինարարությամբ զբաղվող ամենամեծ ընկերություններից մեկի մարքեթինգի բաժնի տնօրեն Մարգարիտա Կարապետյանն ասում է.
«Ոլորտի զարգացումն այս պահին շարունակվում է Երևանից դուրս հիպոթեքային շուկայի համար գործող եկամտային հարկի վերադարձի արտոնության հաշվին»:
2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի համակարգը մայրաքաղաքում այլևս չի գործում։ Աջակցությունը շարունակում է գործել միայն մարզերում։ Մարդկանց համար սա կարևոր խնայողություն է և գրավիչ պայման բնակտարածք գնելու համար։
Նկատում է՝ Երևանում շինարարության ծավալները նախորդ տարիների համեմատ կիսով չափ կրճատվել են։
Փոխարենն ակտիվ է մայրաքաղաքին մոտ բնակավայրերի շինարարության տեմպը՝ մասնավորապես Աբովյան, Քասախ, Էջմիածին, Արտաշատ, Դիլիջան ուղղությունները:
«Օրենքն ուժի մեջ է մինչև 2027թ ներառյալ։ Այսինքն մենք կունենաք շարունակական աճ առաջիկա երկու տարիներին: Ոլորտում ընկերությունները կա՛մ կվերապրոֆիլավորվեն այլ ուղղություններում, կա՛մ կսկսեն դուրս գալ երկրի սահմաններից»,- պարզաբանում է նա։
Մարգարիտայի դիտարկմամբ՝ լավագույն որակ ապահովող ընկերությունները նույն ծավալներով չեն աշխատի տարիներ հետո։ Միաժամանակ համոզված է, որ լավ որակի շնորհիվ կկարողանան կատարել պետական և միջազգային պատվերներ․
«Ավելի փոքր ընկերություններն արդեն սկսել են այլ ուղղություններով աշխատել։ Մասնավորապես՝ էկոտներ են մոնտաժում և պատրաստում։ Դրանք ծառայում են որպես ամառանոց, հյուրատուն, խանութ և այլն: Այստեղ է, որ ասում են՝ մարտահրավերը բերում է նոր հնարավորություններ»:
«Տնտեսության վիճակը բարվոք է, սակայն փոքր ինչ աղավաղված». տնտեսագետ
ՀՆԱ 7.2% աճը, ըստ քաղաքագետ-տետեսագետ Հրանտ Միքայելյանի՝ բավականին տպավորիչ է։ Այն ցույց է տալիս, որ երկրում ոչ միայն արտադրության, ծառայությունների աճ կա, այլև որոշակի չափով կենսամակարդակի դրական փոփոխություն:
«Սա նշանակում է, որ տնտեսության վիճակը բարվոք է: Սակայն կարևոր է հասկանալ, որ այս աճի հետևում մի շարք պատահական գործոններ են, որոնցից ոչ թե պետք է միայն կարճաժամկետ օգուտներ քաղել, այլև դրանք վերածել երկարաժամկետ հնարավորությունների»,- բացատրում է տնտեսագետը:
Ըստ նրա՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերջին մի քանի տարիներին ակտիվություն էին գրանցել տնտեսության մեջ վերաարտահանման ուղղությամբ։
Մասնավորապես՝ Հայաստանը էլեկտրոնիկայի (սմարթֆոններ, նոթբուքներ, պլանշետներ), ավտոմեքենաների և դրանց պահեստամասերի, ոսկու և այլ թանկարժեք նյութերի վաճառքի համար դարձել էր տարանցիկ երկիր՝ առևտրային հանգույց:
«Վերաարտահանումը պետք է առանձին դասակարգիչով հաշվել, ինչը չի արվում։ Եվ դա ուռճացնում է արտահանման վիճակագրությունը, փոխում տնտեսության պատկերը: Իմ հաշվարկով՝ 2024 թ-ին վերարտահանումը արտահանման մեջ կազմել է 71%-ը, 2025-ին` 50%»:
Ասում է, որ պատահական գործոնով պայմանավորված վերջին տարիներին երկիր միլիարդավոր դոլարներ են հոսել։ Իսկ դա արտադրության, մրցակցության համար այդքան էլ լավ չէ։ Սակայն այս գործոնը, վերլուծաբանի կարծիքով՝ կարող է տնտեսության համար երկարաժամկետ հնարավորությունների վերածվել․
«Կենտրոնական բանկը հոսող գումարների համար պետք է նպատակային ծրագրեր ունենա։ Օրինակ, այդ գումարը կարելի է ուղղել սոցիալական պարտքերի մարմանը, որոնք առաջացել են 2014 թ-ից եկամտային հարկի հետվերադարձի արդյունքում և այժմ կազմում են տարեկան 100 մլրդ դրամ»:
Շարունակելով թեման՝ Միքայելյանն ասում է, որ պետությունը դեռևս չի մեղմել եկամտային հարկի հետվերադարձի հետևանքով առաջացած բեռը։ Եվ դրան զուգահեռ նոր ու ավելի մեծ բեռ է վերցրել՝ առողջության համընդհանուր ապահովագրություն է ներդրել։
«Պետությունը վերցրել է մի բեռ՝ մոտ 420 մլրդ դրամ պարտավորությամբ, որի համար այս պահին միջոցներ չունի։ Սա ավելի շատ պոպուլիստական քայլ է, որովհետև առջևում ընտրություններ են»,- կարծում է նա:
Տնտեսության նման «գերտաքացումը», նրա խոսքով՝ վտանգավոր է, կարող է անկման բերել, ինչպես եղավ 2008թ-ից հետո։
Բացատրում է, որ պետությունը նման դեպքերում պետք է «ցիկլային քաղաքականություն ունենա, որպեսզի անկման միտումների դեպքում կարողանա դիմակայել»:
Միքայելյանը նկատի ունի տարբեր գործիքներով տնտեսության կտրուկ աճի մեղմումը, որպեսզի հետագայում, եթե տարբեր գործոններով պայմանավորված՝ օրինակ շինարարության կրճատմամբ, անկումներ լինեն, պետությունը բուֆեր ունենա:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Տնտեսության և կենսամակարդակի աճ ՀՀ-ում