Այսօր հայկական բոլոր եկեղեցիներում կատարվում է Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակի արարողություն:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ևս կատարվել է նահատակների հոգեհանգստի ու հիշատակի արարողություն: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հանդես է եկել ոգեկոչման խոսքով.
«Մեր հերոսներն իրենց կյանքի գնով պայքարեցին անհավասար ուժերի դեմ՝ ի գին իրենց կյանքի: Այրիացած տիկնանց, որբացած մանուկների եւ սգակիր ընտանիքների հետ մենք ողբում ենք մեր հերոսների նահատակության վիշտը՝ միևնույն ժամանակ հպարտություն ապրելով նրանց սխրանքների համար:
Նրանք մարտնչեցին արցախահայության ազատ ապրելու իրավունքի համար: Մեր նահատակների լույս հիշատակի առաջ մենք այսօր կոչված ենք և պարտք ունենք իրականություն դարձնելու նրանց նվիրական երազանքներն ու իղձերը: […]
Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած մեր հայրենակիցների փառքին հանդիման պետք է պահպանենք մեր հայրենիքը, հեռու մնանք ատելություն սերմանող խոսքերից ու գործերից եւ զերծ պահենք մեր հայրենիքը նոր ցնցումներից, հանդուրժողականության ոգով լծվենք արցախահայության նոր կյանքի կերտմանը»: