Մի խումբ տաքսու վարորդներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել Երևանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք դժգոհել են լիցենզավորման նոր կարգի դեմ: Համաձայն դրա իրենց ավտոմեքենաները պետք է լինեն առավելագույնը 6 տարվա հնության, որպեսզի իրենք տաքսի վարելու թույլտվություն ստանան։ Իսկ վարորդների մեծ մասը հին մեքենաներ են քշում և նորը գնելու միջոցներ չունեն:
«Ստացվում է, որ պետք է վարկերի տակ ընկնենք, գնենք նոր արտադրության մեքենա, ապրենք վարկերի բեռի տակ, որ տաքսի քշենք»,- ասել է վարորդներից մեկը՝ Գոռ Կարապետյանը։
Տաքսու վարորդը նշել է, որ ինքն այդքան գումար չունի, որպեսզի նոր մեքենա գնի, եթե ունենար, ապա ուղևորափոխադրմամբ չէր զբաղվի:
«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» մասնագետները ևս պնդում են, որ փոփոխությունը անթույլատրելի է ու հարվածելու է բնակչության մի մեծ խավի, որն այսօր տաքսի վարելով է գումար վաստակում ու պահում ընտանիքը:
«Սա ցեղասպանություն է տաքսիստների դեմ: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Էջմիածին քաղաքում, Փարաքյարում լիցենզավորվում են 5 հազար դրամով (10 դոլար), իսկ Երևանի Կենտրոն թաղամասում՝ 12 հազար դրամով (25 դոլար)։ Սա ևս անարդար է տաքսիստների նկատմամբ»,- նշել է «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Երևանի քաղաքապետարանը հրաժարվել է տաքսու վարորդների հետ հանդիպել և նրանց պահանջները լսել՝ նշելով, որ հարցն իրենց տիրույթում չի գտնվում: Վարորդները փորձել են շարժվել դեպի նախագահի նստավայր՝ իրենց բողոքն այնտեղ ևս հայտնելու համար: Սակայն նյարդայնացած վիճակում այնքան են շտապել, որ մեքենաները բախվել են միմյանց: Եվ այդպիսով ակցիան ավարտվել է: