Վրացի օլիգարխն ընդդեմ շվեյցարական բանկի. իշխանությունները գործում քաղաքական մոտիվ են գտել
Վեճ Իվանիշվիլիի և Credit Suisse-ի միջև
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դատի է տվել շվեյցարական Credit Suisse բանկին՝ նրան մեղադրելով «քաղաքական ճնշում գործադրելու մեջ»։
Իվանիշվիլիի շահերը ներկայացնող Cision PR ընկերության հայտարարության համաձայն՝ նա բանկից չի ստացել իրեն հասանելիք գումարը։
Cision-ը սպասարկում է Իվանիշվիլիին և «Credit Suisse»-ի մյուս զոհերին», ինչպես նրանց անվանում են ընկերության հայտարարության մեջ։
Cision-ը պնդում է, որ շահառուները գումարը պահանջել են 2022 թվականի մարտի 4-ին, իսկ հոգաբարձուն գործարքին համաձայնել է միայն ապրիլի 4-ին, ինչի հետևանքով էլ Բիձինա Իվանիշվիլին ֆինանսական վնաս է կրել։
Հայտարարության մեջ չի նշվում, թե ինչպիսի ֆինանսական վնաս է հասցվել Իվանիշվիլիին, և ինչ գործարքներ է հետաձգել շվեյցարական բանկը։
Այն, որ Իվանիշվիլին շահել է շվեյցարական Credit Suisse բանկի դեմ գործը, հայտնի է դարձել մարտի վերջին, Financial Times-ի հրապարակումից։
Cision-ի հայտարարությունում ասվում է, որ բանկը որպես փոխանցումների հետաձգման հիմնական պատճառ նշել է «աշխարհաքաղաքական իրավիճակը Արևելյան Եվրոպայում», ինչն էլ դժվարացրել է նրա հիմնական գործառույթների իրականացումը։
PR ընկերությունը նշում է, որ շահառուները, այդ թվում՝ Իվանիշվիլին, որևէ առնչություն չունեն Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու հետ, և նրանց դեմ ոչ մի պատժամիջոց չի կիրառվել։ Բիձինա Իվանիշվիլիին ներկայացնող ընկերությունը կարծում է, որ Իվանիշվիլին ոչ միայն խտրականության է ենթարկվում, այլև Credit Suisse-ի կողմից քաղաքական ճնշման զոհ է։
«Պարոն Իվանիշվիլին չափազանց դժգոհ է իր ակտիվների տնօրինման եղանակից։ Փաստորեն մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ հոգաբարձուի գործողությունները լիովին հակասում են նրա նպատակին ու սկզբունքներին։
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Ֆրանսիայի և Վրաստանի երկքաղաքացիություն ունի, նա ներառված չէ և չի կարող ընդգրկվել պատժամիջոցների ենթարկված կազմակերպությունների և անձանց ցուցակում։ Այս տեղեկատվությունը հասանելի է հանրությանը, սակայն հոգաբարձուին չի հաջողվել ժամանակին ստուգել այս հրապարակային տեղեկատվությունը, և պարոն Իվանիշվիլին, հավանաբար, դարձել է ոչ միայն խտրականության, այլև բանկի կողմից քաղաքական ճնշման արշավի զոհ», — ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում։
Ըստ PR ընկերության՝ Բիձինա Իվանիշվիլին առաջիկա շաբաթներին մի քանի մամուլի ասուլիս կանցկացնի միջազգային լրատվամիջոցների համար՝ «մանրամասն ցույց տալու համար, թե ինչպես է աշխատում Credit Suisse-ը, շվեյցարական բանկային համակարգը՝ որպես ամբողջություն, և որքան խոցելի կարող է լինել ցանկացած հաճախորդ Շվեյցարիայի ֆինանսական ոլորտում ներդրումներ կատարելիս»:
Իշխանությունների արձագանքը
Իվանիշվիլիի PR ընկերությունից հետո վեճի հանգամանքները մեկնաբանել են իշխող կուսակցության ներկայացուցիչները, նրանք դրանց մեջ կապ են նկատել Վրաստանի շուրջ ծավալվող քաղաքական գործընթացների հետ։
«Եթե ինչ-որ մեկը փորձում է Բիձինա Իվանիշվիլիին իր կամքին հակառակ ընդգրկել Վրաստանի քաղաքականություն այն բանի համար, որ երկիրը ներքաշվի պատերազմի մեջ, կարծում եմ՝ դա առնվազն անընդունելի է և հիմնովին սխալ։ Եթե ինչ-որ մեկը նման փորձ է անում, ապա նա լավ չի ճանաչում Բիձինա Իվանիշվիլիին»,— ասել է «Վրացական երազանք»-ի ղեկավար Իրակլի Կոբախիձեն։
Լրագրողները նրան խնդրել են մեկնաբանել իշխող կուսակցության առանձին կողմնակիցների հայտարարություններն այն մասին, թե շվեյցարացիների որոշումների հետևում, իբր, կանգնած է ԱՄՆ-ը, որը ցանկանում է «Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ»։
Կոբախիձեն փաստացի համաձայնել է այս հայտարարության հետ՝ նշելով․ «Մենք տեսնում ենք որոշակի համակարգում, և եթե այդ համակարգումը հարցեր է առաջացնում, ապա դա, հավանաբար, տրամաբանական է»։
Որպես «համակարգման» օրինակ՝ նա բերել է Ուկրաինայի նախագահի՝ Վրաստանից դեսպանին հետ կանչելու «անտրամաբանական» որոշումը, ինչպես նաև ռուս օլիգարխ, Վլադիմիր Պուտինի հետ մտերիմ, պատժամիջոցների տակ հայտնված Եվտուշենկովի հեռախոսազրույցը Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Ավելի ուշ այս խոսակցության գաղտնալսումը հայտնվեց վրացական լրատվամիջոցներում։
«Գիտեք, որ շվեյցարական բանկային համակարգը տասնամյակներ շարունակ ուներ վստահության բարձր աստիճան, և ամբողջ պետական համակարգը գործնականում աջակցել է դրան, և երբ նման բանկային համակարգի մի մասը, կոնկրետ շվեյցարական բանկ արգելափակում է փոխանցումները մեկ ամսով, սա լրացուցիչ հարցեր է առաջացնում»,- պարզաբանել է Կոբախիձեն։
Ընդդիմություն. «Կոբախիձեն հաստատել է Իվանիշվիլիի հակաամերիկյան դիրքորոշումը»
Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցության ղեկավար Խատիա Դեկանոիձեի խոսքով՝ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը «հաստատում է Բիձինա Իվանիշվիլիի հակաամերիկյան և հակաարևմտյան դիրքորոշումը»։
Մարտի 24-ին Financial Times-ը հրապարակեց տեղեկություն այն մասին, որ շվեյցարական բանկը Բիձինա Իվանիշվիլիի դեմ վեճում պարտվել է Բերմուդյան կղզիների դատարանում։
Նախկին վարչապետը դատի է տվել Credit Suisse-ին՝ մեղադրելով, որ բանկը չի կարողացել կանգնեցնել իր անձնական բանկիրի՝ Պատրիկ Լեսկոդրոնի խարդախությունը, երբ դրա ակնհայտ նշանները կային: Արդյունքում՝ Իվանիշվիլին կորցրել է մոտ 400 միլիոն դոլարի ակտիվներ։