Birja Mafias վրացական ռեփ-դուետը կարող է ցմահ ազատազրկման դատապարտվել մեղքն ապացուցվելու դեպքում:
21-ամյա Գիիորգի Կեբուրիան և 28-ամյա Միշկա Մգալոբլիաշվլին ձերբակալվել են հունիսի 6-ին առավել խոշոր չափի հոգեմետ թմրանյութեր ձեռք բերելու և պահպանելու համար:
Սակայն ձերբակալվածների մտերիմներն ասում են, որ Մգալոբլիշվիլիին և Կեբուրիային թմրանյութ են գցել հենց իրավապահները, իսկ նրանց կալանքի իրական պատճառը երաժշտական տեսահոլովակն է, որում ոստիկանական համազգեստով մարդ է պատկերված՝ վզին շան վզկապ, բերանին՝ ոսկոր:
Իրավապահների խոսքով՝ Կեբուրիայի և Մգալոբլիշվիլիի մոտ 2,3 և 1,5գրամ MDMA ակումբային թմրանյութ է հայտնաբերվել:
Ձերբակալվածները դատապարտվել են երկամսյա նախնական կալանքի: Նրանք իրենց մեղավոր չեն ճանաչում: Դատարանում նրանք հերքել են թմրանյութերի ձեռքբերումն ու հայտարարել, որ կալանքը կապված է նշված տեսահոլովակի հետ:
Մգալոբլիշվիլիի խոսքով՝ իրեն ձերբակալելիս հայհոյել են, միաժամանակ հարցրել, թե արդյոք նա է տեսահոլովակի հեղինակը:
«Ինձ ասացին, որ ես ինչ-որ մեկին խիստ զայրացրել եմ, և այժմ ինձ խելք կսովորեցնեն: Հետո մենք ինչ-որ կաբինետ բարձրացանք, որտեղ ինձ հայհոյանքով և սպառնալիքներով դիմավորեցին՝ «նա, ով չի սիրում ոստիկանությանը…» և այլն», — հայտարարել է Մգալոբլիշվիլին դատական նիստին:
Գիորգի Կեբուրիան ասում է, որ ձերբակալության ժամանակ իրավապահներն իրեն էլ են հիշեցրել տեսահոլովակի մասին. «Ավելի լավ է՝ Ձմեռ պապի մասին երգեիր», — ասում է Կեբուրիան:
Հոդվածը, որով ձերբակալվել են ռեփերները, 8-20 տարվա և անգամ ցմահ ազատազրկում է նախատեսում:
Ձերբակալվածների ընտանիքների անդամներն ասել են, որ տեսանյութը նեղացրել է ոստիկանության աշխատակիցներին: Մգալոբլիշվիլիի կնոջ՝ Էրիկա Քոուփլկենդի խոսքով՝ մի քանի օր առաջ ժամանցային Adjaranet վեբ-պորտալը՝ տեսահոլովակի պատվիրատուն, խնդրել է այն հեռացնել Youtube-ից:
«Միշկային զանգահարել են Adjaranet-ից և հաղորդել, որ խնդիրներ են առաջացել և խորհուրդ են տվել ջնջել այն», — ասում է Էրիկա Քոուփլենդը:
Ռեփերների ձերբակալությունն իրարանցում է առաջացրել Ֆեյսբուքում:
Բավական չէ, որ երկրում հակամարդկային նարկոքաղաքականություն է վարվում, որն իշխանությունն օգտագործում է որպես քաղաքական ընդդիմադիրների հետ պայքարի գործիք, ակնհայտ է գրաքննությունը, կարծում են Ֆեյսբուքի օգտատերերը, որոնք առցանց ռեժիմով բողոքի ակցիա-համերգ են պլանավորել Վակեի այգում:
Կազմվել է նաև առցանց պահանջագիր՝ ռեփերներին ազատ արձակելու պահանջով: