Վրացի գործարարը պատմել է՝ ինչպես է Վրաստանի ոչ ֆորմալ կառավարիչ Իվանիշվիլին իրենից շորթել 4 միլիոն դոլար
Վրաստանի նախկին վարչապետ և Վրաստանի իշխող կուսակցության ներկա առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին տեղի գործարարներից մեկից շորթել է 4 միլիոն դոլար: Այս մասին ««Օմեգա» խումբ» ընկերության հիմնադիր Զազա Օկուաշվիլին պատմել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքին:
Եվ սա դեռ ամենը չէ: Օկուաշվիլին պնդում է, որ նույն Իվանիշվիլիի հանձնարարությամբ նախկին դատախազ Օթար Փարցխալաձեն որոշ ժամանակ առաջ նկուղում փակել է սպորտի նախկին նախարար Լևան Կիպիանիին, որը եղել է դրամաշորթության ականատեսը, և նրան սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդարով:
Օկուաշվիլին այժմ գտնվում է Լոնդոնում ևայնտեղից հարցազրույց տվել: Նա «Ռուսթավի-2»-ին տրամադրել է թաքնված տեսախցիկով արված ձայնագրություն, որում Կիպիանին ինքն է խոսում նկուղի միջադեպի մասին:
Բացի այդ, գործարարը պնդում է և պատրաստ է ապացույցներ տրամադրել, որ Վրաստանի ոչ ֆորմալ առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ճնշում է գործադրում մասնավոր առևտրային բանկերի վրա:
Հարցազրույցը մեծ սենսացիա է դարձել և գրավել է հասարակության ուշադրությունը, առավել ևս, որ սկանդալը տեղի է ունեցել նախընտրական շրջանում. հոկտեմբերի 28-ին Վրաստանում նախագահ են ընտրում:
Այս պահին Օկուաշվիլիի պատմությունները հաստատող այլ աղբյուր չկա: Նրա կողմից տրամադրված թաքնված տեսախցիկի ձայնագրությունների հավաստիությունը, նույնպես դեռ չի հաստատվել:
Պատմենք որոշ մանրամասներ այդ պատմության գլխավոր գործող անձանց ու նաև այն մասին, թե ինչ կարող է դա նշանակել հասարակության համար, և ինչի կարող է հանգեցնել այդ սկանդալը:
____________________
Օկուաշվիլի. «Ես սատարում էի Իվանիշվիլիին, բայց դարձա նրա զոհը»
««Օմեգա» խումբը» Վրաստանում գործում է 1991թ-ից միանգամից մի քանի ոլորտներում: Խմբի մեջ մտնում են «Օմեգա Մոթորսը» (լյուքս դասի ավտոմեքենաների արտահանման հետ կապված բիզնես), OGT-ն (ծխախոտի արտադրություն՝ Philip Morris-ի, Rothmans-ի և R.J.Reynolds-ի հետ գործընկերությամբ) և «Օմեգա Թեգը» (տպարան՝ Heidelberg-ի հետ գործընկերությամբ):
««Օմեգա» խմբին» է պատկանում նաև Թբիլիսիում հեռարձակվող «Իբերիա» հեռուստաալիքը:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարության օրոք ««Օմեգա» խումբը» խնդիրների առաջ էր կանգնել, և Զազա Օկուաշվիլին հեռացավ երկրից:
Դա 2004թ. էր: 2012թ. Վրաստանում սրվեց ներքաղաքական պայքարը, որի արդյունքում իշխանության եկավ Բիձինա Իվանիշվիլին և նրա «Վրացական երազանք» կուսակցությունը: Օկուաշվիլին Սաակաշվիլիի դեմ պայքարում բացահայտ պաշտպանում էր «Վրացական երազանքին» և վերադարձավ երկիր, հենց որ այդ կուսակցությունը եկավ իշխանության:
Կարդացեք նաև: Վեց բան Միխեիլ Սաակաշվիլիի մասին, որ դուք կցանկանայիք հարցնել վրացիներից
Օկուաշվիլիի կինը՝ Նատո Չխեիձեն, 2016թ. դարձավ Վրաստանի խորհրդարանի անդամ ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» կուսակցություներից, որը նույնպես սատարում էր իշխող կուսակցությանը:
Բայց արդեն նույն թվականին տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ««Օմեգա» խումբը» դարձյալ խնդիրներ ունի:
2016թ. սեպտեմբերի 28-ին հարկային ծառայությունը հայտարարեց, որ ««Օմեգա» խումբը» կուտակել է 50 միլիոն լարի պարտք (20,4 միլիոն դոլար), և դրանք մարելու համար ««Օմեգա» խմբի» ունեցվածքը պետք է հանել աճուրդի:
Այդ ժամանակ Զազա Օկուաշվլին գնաց Իվանիշվիլիի մոտ՝ Թբիլիսիի բլրի վրա նրա ապակեպատ դղյակ:
Հեռուստահարցազրույցում նա ասաց, որ եկել է՝ «արդարությունը վերականգնելու»:
Օկուաշվիլին խնդրեց փոխհատուցել իր վնասը, որը, նրա խոսքով, հասցվել էր իր բիզնեսին Սաակաշվիլիի կառավարման տարիներին: Նա վկայակոչում էր Իվանիշվիլիի նախընտրական խոստումը՝ ուսումնասիրել այն գործարարների գործերը, որոնք տարաձայնություններ են ունեցել իշխանությունների հետ, և վերականգնել արդարությունը նրանց նկատմամբ:
Հանդիպմանը մասնակցում էր այդ ժամանակ սպորտի նախարար Լևան Կիպիանին, որը ինքն էր առաջադրվել որպես գործարարի շահերի պաշտպան, ինչի համար, Օկուաշվիլիի խոսքով, պատշաճ հոնորար է ստացել:
Օկուաշվիլին ասում է, որ Իվանիշվիլին իրեն խոստացել է լուծել այդ հարցը:
Ավելի ուշ գործարարի հետ կապվել է այդ ժամանակ գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեն, որը Իվանիշվիլիի մերձավոր շրջապատից է: Դատախազը նրան առաջարկել է խնդրի լուծման դիմաց վճարել «տուգանք»՝ 4 միլիոն դոլար:
Նկուղում փակված նախկին նախարարը
Հետագա իրադարձությունները, ըստ գործարարի, զարգացել են, ինչպես դետեկտիվում:
Օկուաշավիլին չի ցանկացել վճարել տուգանքը: Նրա միջնորդը՝ վերը հիշատակված այն ժամանակվա սպորտի նախարար Լևան Կիպիանին օգնության խնդրանքով դիմել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին:
Պարզվել է, որ վարչապետը տեղեկություն չունի այդ գործից և կապվել է Բիձինա Իվանիշվիլիի հետ: Եվ դա, ըստ գործարարի, խիստ նյարդայանցրել է Իվանիշվիլիին:
Ըստ գործարարի՝ սպորտի նախկին նախարարին փակել են շենքերից մեկի նկուղում, մերկացրել, ծեծի ենթարկել և սպառնացել բռնաբարությամբ:
Օկուաշվիլիի խոսքով՝ Կիպիանին տուն է գնացել միայն հաջորդ օրը և անգամ փորձել է ինքնասպանություն գործել:
Երկրորդ հանդիպումը
Գործարարի երկրորդ հանդիպումն Իվանիշվիլիի հետ տեղի է ունեցել 2016թ. վերջին, և այս անգամ օլիգարխն արդեն անձամբ գործարարից պահանջել է 4 միլիոն դոլար:
Այս հանդիպմանը ներկա է եղել Վրաստանի այժմյան ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան (այն ժամանակ զբաղեցնում էր բիզնես-օմբուդսմենի պաշտոնը) և նույն Լևան Կիպիանին: Բիձինա Իվանիշվիլին բղավում էր և «կտրականապես տարբերվում էր այն մարդուց, որին հանրությունը ճանաչում է էկրանից», պատմել է ««Օմեգա» խմբի» ղեկավարը:
Նրա կարծիքով՝ Իվանիշվիլիին այդ միլիոններն անհրաժեշտ էին տարբեր քաղաքական գործիչների և ընդհանրապես իրեն հավատարիմ մարդկանց ֆինանսական աջակցություն ցույց տալու համար, քանի որ նա չէր ցանկանում դրա համար ծախսել սեփական գումարները
Կարդացեք նաև. Քննություն. ինչու է միլիարդատեր և Վրաստանի ոչ ֆորմալ կառավարիչ Բիձինա Իվանիշվիլին արմատախիլ անում և դուրս հանում դարավոր ծառերն ամբողջ երկրից
Չորս միլիոն՝ օֆշորում
Վրաստանի իշխող էլիտայի նկատմամբ ամենալուրջ մեղադրանքներից մեկը, որը հարցազրույցում առաջ է քաշել Զազա Օկուաշվիլին, վերաբերում է իշխանությունների և մասնավոր առևտրային բանկերի հարաբերություններին:
Նա ասել է, որ արդյունքում ինքն, այնուամենայնիվ, ստիպված է եղել վճարել այդ 4 միլիոն դոլարը:
Այդ գումարը փոխանցվել է օֆշորում գրանցված ինչ-որ ընկերության հաշվին: Ընդ որում՝ այդ ընկերությունը գրանցված է եղել գումարը փոխանցելուց մեկ օր առաջ, և 4 միլիոնն այդ հաշվից դուրս է հանվել նույն օրը՝ Վրաստանի խոշորագույն բանկերից մեկից՝ TBC բանկից:
Օկուաշվիլին ասում է, որ բանկն իրավունք չուներ այդպիսի գումար հանել 24 ժամ առաջ գրանցված ընկերության հաշվից, բայց «բանկի ղեկավարությունը ճնշմանը չի դիմացել»:
Կարդացեք նաև. Ինչու՞ են այդքան շատ մարդիկ դեմ Վրասստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին, որին սատարում են ներկա իշխանությունները
Արձագանք
Բիձինա Իվանիշվիլին արդեն մեկնաբանել է գործարարի հարցազրույցը:
Նա ասել է, որ իսկապես հանդիպել է Օկուաշվիլիին, բայց միայն նրա համար, որպեսզի «օգնի նրա խորտակվող ընկերությանը, որը հարկեր չէր վճարել»:
Իվանիշվիլին առաջարկել է գործարարին հրապարակել իրենց հանդիպումների ձայնագրությունը:
Իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ սենսացիոն հարցազրույցը նախընտրական «սև քարոզչություն» է, որի հետևում կանգնած է «Ազգային շարժումը» [նախկին նախագահ Սաակաշվիլիի կուսակցությունը— JAMnews]:
Ընդդիմությունը և մի շարք անկախ վերլուծաբաններ կարծում են, որ Օկուաշվիլիի ասածների մեծ մասն առանց այդ էլ հայտնի էր: Մասնավորապես, որ Վրաստանում գոյություն ունի ստվերային կառավարություն՝ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, այսինքն իրականում երկիրը ղեկավարում են մարդիկ, որոնք կառավարության անդամ չեն և որևէ պաշտոն չեն զբաղեցնում:
Հատուկ հայտարարություններ են տարածել մի քանի վրացական բանկեր:
Մասնավորապես, առաջատար «Վրաստանի բանկը» հայտարարել է, որ Օկուաշվիլին վաղուց հարկ չի վճարել և բանկին պարտք է մոտ 30 միլիոն լարի [մոտ 12,2 միլիոն դոլար]:
ТВС բանկը հայտարարել է, որ Օկուաշվիլիի նկարագրած իրավիճակն ընդհանրապես չի եղել, և բանկն ընդհանրապես օֆշորում գրանցված ընկերության հաշվից 4 միլիոն դոլար կանխիկ դուրս չի հանել: