Ինչպե՞ս է աշխարհը տեսնում վրացի օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին. կարծիք
«Վրացական երազանքն» ու գլոբալ պատերազմի կուսակցությունը
Չարագործների համաշխարհային սինդիկատը նախատեսում է ամբողջ աշխարհը ներքաշել պատերազմի մեջ: Ոչ ոք չգիտի այս կազմակերպության գոյության կամ նրա մտադրությունների մասին, բացառությամբ մեկ մարդու, ով ապրում է փոքրիկ, գեղեցիկ երկրում` լեռան լանջին գտնվող իր ֆուտուրիստական առանձնատանը:
Այս մարդն իր համախոհների հետ որոշել է դիմակայել նենգ ծրագրին ու աշխարհը փրկել մեծ փորձությունից։
Նման սյուժեից ոգեշնչված՝ Օրսոն Ուելսը կարող էր նկարահանել լավ թրիլլեր՝ հետապնդման բազմաթիվ տեսարաններով, հեգնական երկխոսություններով և չարագուշակ երաժշտությամբ նուար ֆիլմ։
Բայց սա ֆիլմի պատմություն չէ: Գործողությունները տեղի են ունենում մեր ժամանակներում և իրական կյանքում։
Վրաստանը փոքր երկիր է, իսկ Բիձինա Իվանիշվիլին՝ այս երկրի ոչ պաշտոնական կառավարիչը, ով գլոբալ ռազմական սինդիկատի նախաձեռնողն է։
Մինչ օրս գլոբալ ռազմական դավադրության պատմությունը հիմնականում նախատեսված էր ներքին սպառման համար, իշխող «Վրացական երազանք» թիմի անդամներն այդ տերմինն օգտագործում էին բնակչության շրջանում պատերազմի վախ առաջացնելու համար:
Այն բանից հետո, երբ «Վրացական երազանքը» կրկին նախաձեռնեց «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը, չնայած ժողովրդի և արևմտյան գործընկերների հակազդեցությանը, Իվանիշվիլին և նրա թիմն արդեն ամբողջ աշխարհին պատմություններ են պատմում, այսպես կոչված, գլոբալ պատերազմի կուսակցության մասին: Եվ ի պատասխան աշխարհը ցնցված հարցնում է՝ ի՞նչ։
- Օլիգարխի հարազատ գյուղը․ լեգենդ՝ վրացական երազանքի մասին
- «Վրաստանը դառնում է Պուտինի սեփականությունը». կարծիքներ Թբիլիսիից
- Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը 1918 թ․-ին անկախ հանրապետություններ ստեղծեցին․ ինչո՞ւ դրանք անկում ապրեցին
Այս շփոթմունքը հատկապես նկատելի էր ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի մոտ՝ Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումից հետո։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային, ով Թբիլիսի էր ժամանել մայիսի 14-ին՝ կարգավորելու վրաց-ամերիկյան աննախադեպ լարված հարաբերությունները, շռայլորեն հյուրասիրել էին «գլոբալ պատերազմի կուսակցության» մասին պատմություններով։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն չէր թաքցրել, որ ամերիկացի հյուրի հետ հանգամանորեն քննարկել է համաշխարհային դավադրության հարցը և կիսվել ավելի շատ տեղեկություններով, քան նախկինում հրապարակայնորեն հայտարարվել է այս թեմայով։
«Եթե ես ձեզ տրամադրում եմ տեղեկատվության մոտ 20 տոկոսը, ապա պարոն Օ՛Բրայենին եմ հայտնել մոտ 30 տոկոսը»,— հանդիպումից հետո լրագրողներին ասել էր Կոբախիձեն:
Այսպիսով, խոսակցությունը, որի հիմնական թեման պետք է լիներ տխրահռչակ «օտարերկրյա գործակալների մասին օրենքը», ընթացել էր ամերիկացի դիվանագետի համար անսպասելի ուղղությամբ։
Վրաստանից հեռանալուց առաջ հրավիրված ասուլիսում Օ՛Բրայենը բացահայտ հայտարարեց, որ Վրաստանի ղեկավարությունից լսել է դավադրության ապշեցուցիչ տեսություններ։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Վրաստանի խնդիրները չեն սահմանափակվում միայն «օտարերկրյա գործակալների մասին» օրենքով։
«Այս օրենքը մեծ թեմայի միայն մի փոքր մասն է, և այդ թեման վերաբերում է «Վրացական երազանքի» հայտարարություններին», — ասաց Օ՛Բրայենը։
Նա ընդգծեց՝ Թբիլիսիում իրեն ասել են, որ գոյություն ունի «գլոբալ պատերազմի կուսակցություն», և որ Արևմուտքը ցանկանում է տապալել «Վրացական երազանքի» կառավարությունը։
«Լսելով վրացական իշխանություններին՝ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ես լսում եմ ինչ-որ մեկի հորինած դավադրության տեսությունները Reddit սոցիալական ցանցից»,— ասաց Օ’Բրայենը։
Նրա դիտարկմամբ՝ «այս ամենը անհավանական է, սխալ և վկայում է միջազգային հանրության կողմից Վրաստանի՝ բոլորովին ոչ ադեկվատ ընկալման մասին»։
Օ’Բրայենը «կպչուն միտք» էր անվանել Իվանիշվիլիի հայտարարություններն այն մասին, թե նա «արդեն միջազգային պատժամիջոցների զոհ է»։ Հայտնի է դարձել նաև այն, որ Իվանիշվիլին Կոբախիձեի միջոցով ամերիկացի հյուրին փոխանցել է, թե չի պատրաստվում հանդիպել նրա հետ, քանի դեռ Արևմուտքը չի դադարեցրել իր դեմ կիրառված ֆինանսական սահմանափակումները։
Այս ամենից ստեղծվում է տպավորություն, որ օլիգարխը փաստացի պահանջում է վերադարձնել իրեն պատկանող երկու միլիարդ դոլարը։ Իվանիշվիլին անընդհատ կրկնում է, որ այդ գումարը դարձել է միջազգային պատժամիջոցների զոհ։
Նրան հավատարիմ քաղաքական գործիչները նույն բանն են ասում։ Երկրի առաջին դեմքերը պնդում են իրենց կողմից հորինված պատժամիջոցների մասին և առանց ամաչելու քննարկում Իվանիշվիլիի միլիարդները։
Ի՞նչ երկու միլիարդի մասին է խոսքը։ Իրականում այս գումարը ոչ այլ ինչ է, քան անհաջող ներդրում, որը վստահվել էր շվեյցարական բանկին։ Այն այժմ սնանկ է: Օլիգարխը կորցրեց այդ գումարը մոտավորապես այնպես, ինչպես Վրաստանի սովորական քաղաքացիները կորցրեցին իրենց խնայողությունները 1990-ականներին ստեղծված մասնավոր բանկերում, որոնք հայտնվեցին ասես սնկեր անձրևից հետո:
«Credit Suisse» ներդրումային բանկի մյուս ներդրողները և բաժնետերերը նույնպես միլիարդավոր վնասներ են կրել, բայց ոչ ոք չի խոսել պատժամիջոցների և «գլոբալ պատերազմի կուսակցության» մասին, բացի Իվանիշվիլիից։
«Այս պահին Իվանիշվիլիի դեմ սահմանված պատժամիջոցներ չկան։ Ցնցող և վրդովվեցնող է, որ այդչափ ազդեցիկ անձնավորությունը նման սխալ պատկերացումներ ունի»,— ասել է Օ’Բրայենը:
Գլոբալ դավադրության վարկածը խորապես արմատավորված է «Վրացական երազանքի» շարքերում։ Այդ մասին է վկայում նաև պատգամավոր Մարիամ Լաշխիի հարցազրույցը, որը նա տվել է բրիտանացի լրագրողին։
Լրագրողի այն հարցին, թե ինչ է «գլոբալ պատերազմի կուսակցությունը», Լաշխին ժպիտով պարզաբանել է, որ կազմակերպության անդամները, ովքեր պատերազմ են ցանկանում, նման են մասոններին, իսկ մասոնները, ինչպես հայտնի է, հսկայական ազդեցություն ունեն համաշխարհային քաղաքականության վրա։
«Դուք հավատու՞մ եք մասոններին»,— հարցրել է լրագրողին Մարիամ Լաշխին, ով խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահն է։
Բոլորից շատ զարմացել էր եվրահանձնակատար Օլիվեր Վարհելիին։ Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ քաղաքականության պատասխանատու Վարհելին զանգահարել էր Վրաստանի վարչապետին և նրա հետ քննարկել երկրում իրավիճակի սրման սպառնալիքը։ Եվրահանձնակատարը օրինակ էր բերել Սլովակիան, որտեղ սուր քաղաքական առճակատումը հանգեցրեց վարչապետի վրա հարձակման։
Դեէսկալացիայի այս կոչի մեջ Կոբախիձեն «գլոբալ պատերազմի կուսակցության» քողարկված սպառնալիք տեսավ և հայտարարեց. «Եվրահանձնակատարը զանգում է ինձ և սպառնում սպանել»: «Վրացական երազանքն» ու ողջ եղբայրությունը անմիջապես սկսեցին բղավել. «Տեսեք, մեզ հետապնդում են»։
- «Վրաստանի «ռուսականացումը» կբարդացնի ՀՀ՝ ՌԴ-ից պոկվելը»․ կարծիքներ Երևանից
- Վրաստանի վարչապետը պնդում է՝ իրեն սպառնացել են ֆիզիկական հաշվեհարդարով
- «Մեզ հետ շանտաժի լեզվով են խոսում». Վրաստանի արձագանքը ԱՄՆ-ի առաջարկին
Ամերիկացի և եվրոպացի գործընկերների համար դժվար է «Վրացական երազանքին» մեկ միասնական ախտորոշում տալ, նրանք դիտարկում են ստեղծված իրավիճակի պատճառների տարբեր վարկածներ։ Իվանիշվիլիի և նրա կառավարության վախերի վերլուծությունը պետք է սկսել հենց սկզբից։
Այս առումով արժե կարդալ լրագրող Լուկա Պերտայայի հոդվածը։ Նա խորությամբ ուսումնասիրել է «Վրացական երազանքի» կողմից դավադրության տեսության ձևավորման երկար պատմությունը։ Պերտայայի հոդվածը ներկայացնում է արդեն ազգային դարձած դավադրության տեսության ձևավորումը Իվանիշվիլիի ֆինանսական շրջադարձերի և նրա անձնական հայացքների համատեքստում։
«Գլոբալ պատերազմի կուսակցության» մասին լայնամասշտաբ խոսակցությունները սկսվեցին Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման հետ միաժամանակ:
Իշխող վերնախավը դրանով փոխարինեց «արյունոտ ինը տարվա» թեմայով ձայնապնակը և շուտով պատերազմի կուսակցության մեջ ընդգրկեց ընդդիմադիր քաղաքական գործիչներին, ինչպես նաև իր իսկ ընտրած նախագահին և քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներին, այսինքն՝ բոլոր տեղական գործիչներին և խմբերին, որոնք անդրադառնում էին կառավարության գործունեությունը և կշտամբում նրան Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից հեռավորություն պահպանելու համար։
Տեղական մակարդակում անմիջապես ձևավորվեց կուսակցության գլոբալ չարագործների շրջանակ, բայց մինչ օրս սինդիկատի ղեկավար շրջանակը գաղտնի է մնում։
Մենք չգիտենք, թե որտեղ է հավաքվում այս գաղտնի կուսակցությունը, ինչպես են հաղորդակցվում նրա անդամները․ ինչպես են նախատեսում աշխարհը կրակի տալ և ինչպիսի ուժ պետք է հավաքեն այդ մարդիկ պատերազմ սկսելու համար:
Օ’Բրայենի հետ հանդիպումից հետո Կոբախիձեն ասել էր, որ այս հարցը պետք է քննարկել զգուշորեն, մեղմ ձայնով, քանի որ գործ ունենք վտանգավոր մարդկանց հետ։ Տեղեկատվական վակուումը լրացնելու համար կարելի է ենթադրել, որ այս մարդիկ սրածայր գլխարկներով, դիմակներով և սև թիկնոցներով շրջում են աշխարհով մեկ և ինտրիգներ ձեռնարկում բոլորի դեմ։
Համենայն դեպս, նմանատիպ պատկեր է նկարագրել Մարիա Լաշխին։
«Գլոբալ պատերազմի կուսակցության» ներկայացուցիչների հայտնաբերմանը զուգահեռ Վրաստանում հավատարմագրված դեսպանների նկատմամբ վերաբերմունքը կոշտ ձևեր ստացավ։ «Վրացական երազանքը» ստեղծեց «Ժողովրդի ուժը» առանձին խորհրդարանական խումբ և անցավ դիվանագիտական կորպուսին։
Կուսակցության անդամները բառացիորեն ծաղրում են ԵՄ դիվանագետներին։ Ամերիկայի այն ժամանակվա դեսպան Քելի Դեգնանը մեղադրվում էր երկրում տագնապ սերմանելու մեջ։
Իրավիճակն աստիճանաբար վատթարացավ, և «Երազանքը» առանց միջնորդների հարձակվեց Արևմուտքի վրա։ Հենց այդ ժամանակ առաջին անգամ քննարկման դրվեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, որը, ըստ «Վրացական երազանքի», պետք է բացահայտեր «գլոբալ պատերազմի կուսակցության» կողմից Վրաստանում իրականացվող գործակալական գործունեությունը։
Օրենքի հետկանչումն ու դիվանագիտական ասպարեզում պահակախմբի փոփոխությունը մեղմեցին իրավիճակը։ «Երազանքը» մեծ շուքով նշեց Վրաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի շնորհումը։
- «Իվանիշվիլիի վերադարձի որոշման մեջ կան անձնական դրդապատճառներ, վախեր և ռիսկեր»․ վրացի քաղաքագետ
- Ծառեր և ֆլամինգոներ՝ որպես իշխանության խորհրդանիշ։ Ի՞նչ է ստացվել վրացի օլիգարխի «քմահաճույքից»
- «Վերջին նախազգուշացումն էր». վրացի վերլուծաբանները՝ Օ’Բրայենի այցի մասին
Կարճ դադարից հետո օրենքը, հեղաշրջման վախը և ռազմական կուսակցության տեսությունը վերադարձան, բայց ավելի սուր ձևով:
Բարձրաստիճան քաղաքական գործիչները բոլոր մակարդակներով ու ձևաչափերով արդեն խոսում են համաշխարհային ռազմական դավադրության մասին։
Օտարերկրյա հյուրերի հետ հանդիպելիս նրանց հետապնդում է պատերազմի ուրվականը, որը կանգնած է իրենց զրուցակիցների թիկունքում և տեսանելի է միայն իրենց համար։
Ոչ պաշտոնական զրույցներում որոշ եվրոպացի դիվանագետներ ենթադրում են, որ Իվանիշվիլիին իրականում ղեկավարում է պատժամիջոցների և հեղափոխությունների չպատճառաբանված վախը: Իվանիշվիլիի անձնական էքսցենտրիկությունը վստահություն է հաղորդում նրանց տեսակետին:
Ի՞նչ եք ակնկալում մի մարդուց, ով ապրում է Ջեյմս Բոնդին սազական ապակե աշտարակում, ունի էկզոտիկ կենդանիներ և հավաքում է հարյուրամյա ծառեր ամբողջ երկրից (այժմ նաև տարբեր մայրցամաքներից):
Ավելին, այս մարդն ամբողջությամբ մաքրել է իր շրջապատը և իր կողքին չի թողել ոչ մի մարդու, ում կանհանգստացներ նրա տարօրինակ համոզմունքը։ Հնազանդ քաղաքական գործիչները միայն զառ են գցում օլիգարխի հետ, պաշտպանում են նրա տեսակետները և ընկնում են այդ հայացքների ազդեցության տակ։
Անցյալ դարի 1970-ական թվականներին ամերիկացի հոգեբաններն առաջին անգամ նկատեցին ճշմարտության պատրանքի ազդեցությունը, այսինքն՝ հաճախ կրկնվող տեղեկատվությանը հավատալու և այն ճշմարտություն համարելու մարդու հակվածությունը:
Կարելի է մտածել, որ Վրաստանի կառավարությունը վերջապես հավատացել է իր հորինած ուրվականներին։
Մինչդեռ իրական աշխարհում պատրանքային վախերը նյութականացել են. Իվանիշվիլիին և կառավարության անդամներին արդեն սպառնում են միջազգային պատժամիջոցներով:
Իրավիճակին նայելու այլ դիտանկյուն էլ կա։ Ոմանք կարծում են, որ «գլոբալ պատերազմի կուսակցության» պատմությունը ամենևին էլ մեկ օլիգարխի մոլեգին երևակայության արդյունք չէ։
Ըստ այդ կարծիքի՝ Իվանիշվիլին և նրա համախոհները ոչ թե իրենք իրենց են խաբում, այլ իրականում զբաղված են մտածված քաղաքականությամբ։
Կրեմլի հանձնարարությամբ նրանք մտադիր են տորպեդահարել Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման գործընթացը և երկիրը հեռացնել Արևմուտքից։
«Առաջին հայացքից մարդիկ կարող են մտածել, որ Կոբախիձեն բժշկական օգնության կարիք ունի։ Այնուամենայնիվ, այն, ինչ անում է Կոբախիձեն, նպատակաուղղված, լավ մտածված ապատեղեկատվություն է, որը գրվել է Կրեմլում»,— հայտարարել է «Լելո» կուսակցության պատգամավոր Անա Նացվիլիշվիլին։
Այս երկու տարբերակները ներկայացնում են մեկ միլիոն արժեցող խնդիր, ավելի ավելի ստույգ՝ երկու միլիարդ դոլարի խնդիր։ Թեև երկու դեպքում էլ արդյունքը հավասարապես վատ է Վրաստանի համար։
Երկիրը բախվում է միջազգային մեկուսացման, և եթե վրացական և միջազգային հանրությունները ակտիվորեն չգործեն, այն կարող է հայտնվել նոր երկաթե վարագույրի հակառակ կողմում:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
«Վրացական երազանքն» ու գլոբալ պատերազմի կուսակցությունը