«Միասնություն-Ազգային շարժում» և «Հանուն փոփոխությունների» կոալիցիաները դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ խնդրելով չեղարկել պատգամավորական ցուցակները։ Երկու կոալիցիաներն էլ հրաժարվում են մասնակցել 11-րդ գումարման խորհրդարանի աշխատանքներին։
Կոալիցիաների 82 անդամներ են ստորագրել ԿԸՀ-ին ուղղված դիմումը։
«Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդներից Նիկա Գվարամիայի կարծիքով՝ հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանն անօրինական է, ուստի կոալիցիայի համար «այդ խորհրդարանում լինելը կնշանակի հանցակցել անօրինական գործողություններին»։
«Մենք՝ այս ցուցակում ներկայացված բոլոր անձինք, հրաժարվում ենք որևէ կերպ համագործակցել այն ռեժիմի հետ, որը կեղծում է ընտրությունները և մեր հայրենիքում արտահայտում է Ռուսաստանի Դաշնության շահերը։
Այն Ռուսաստանի, որը մեր միակ թշնամին է այս երկրում, այս աշխարհում։
Մենք հասկանում ենք, որ մեր հայտարարությունն իրավաբանորեն ճիշտ է, բայց նաև հասկանում ենք, որ Վրաստանի ԿԸՀ-ն ու խորհրդարանը կարող են սկսել անօրինական որոշումներ ընդունել․ այս ցուցակի բոլոր 82 անդամները կստորագրեն հրաժարական այնքան անգամ, որքան անհրաժեշտ կլինի։
Այս փուլում իրավական տեսանկյունից մենք բոլորս ստորագրում ենք այս հայտարարությունը՝ դրանով ևս մեկ անգամ հաստատելով, որ խորհրդարանն անօրինական է, և մեր մասնակցությունն այնտեղ բացառվում է․ մենք այն լեգիտիմ չենք դարձնի մեր մասնակցությամբ»,- ասել է Նիկա Գվարամիան։
«Միասնություն-Ազգային շարժում» կոալիցիայի առաջնորդներից Թինա Բոկուչավայի խոսքով՝ կոալիցիան չի ճանաչում ընտրությունների օրինականությունը և հրաժարվում է խորհրդարանական մանդատներից։
«Վրաստանի սահմանադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ կուսակցական ցուցակի անդամը, այդ թվում՝ խորհրդարան անցած անձը, իրավունք ունի հրաժարվել պետական պաշտոն զբաղեցնելուց․ անձը զբաղեցնում է պետական պաշտոն միայն իր կամքով։
Սահմանադրության հիշատակված նորմը բացառում է պետական պաշտոն զբաղեցնելուն հարկադրելու ցանկացած ձև։ Մարդն իրավունք ունի հրաժարվել պատգամավորական մանդատը ստանձնելուց, և մենք դա անում ենք հենց այսօր, այդ թվում՝ մեզանից յուրաքանչյուրի կողմից պաշտոնապես վավերացված նամակով, որը կուղարկվի Կենտրոնական ընտրական հանձնաժողով»,- նշել է Բոկուչավան։