Մառնեուլիի նորընտիր քաղաքապետ Տիմուր Աբասովը երեկ առաջին հանդիպումն է անցկացրել բնակչության հետ: Միջոցառմանը, որին ներկա էին միայն տղամարդիկ, քննարկվել է բնակչության ջրամատակարարման հարցը:
«Կանայք այժմ տանը գործ են անում, ի՞նչ անեն այստեղ»:
«Մենք նման մենթալիտետ ունենք. կանայք գյուղի կենտրոնում անելու բան չունեն, և ընդհանրապես նման հարցերը քննարկվում են առանց կանանց»:
«Կանայք գյուղի կենտրոն չեն գալիս: Դա մեր յուրահատուկ մշակույթն է»:
Նման պատասխաններ են ստացել «Մառնեուլի» ռադիոկայանի աշխատակիցները, որոնք հետաքրքրվել են, թե ինչու կանայք ներկա չեն քաղաքապետի հետ հանդիպմանը:
Կաչագի գյուղի տղամարդկանց տեսակետը գենդերային հարցի վերաբերյալ ընդունելի է եղել նոր քաղաքապետի համար: «Ըստ երևույթին, կեսօրին կանայք պետք է ճաշ պատրաստեն իրենց տղամարդկանց համար»:
Հանդիպմանը, որին մասնակցել են միայն տղամարդիկ, քննարկվել է խմելու ջրի մատակարարման հարցը: Ավելի ուշ «Նետգազետի» առցանց վրացական պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Աբասովն ասել է. «Ներկա էին մի քանի տղամարդիկ, կային նաև կանայք, որոնք նստած էին ոչ հեռու»: Սակայն հանդիպման տեսաձայնագրությունում նրանք չեն երևում:
Տեղի ունեցած միջոցառմանն արդեն արձագանքել է Վրաստանի օմբուդսմենը, որը Մառնեուլիի քաղաքապետին կոչ է արել հետագայում զերծ մնալ սեքսիստական արտահայտություններից և աշխատել գենդերային իրավահավասարության ուղղությամբ:
«Զայրացնող է այն հանագամանքը, որ քաղաքապետն աջակցում է գենդերային հիմք ունեցող մարդու իրավունքների ոտնահարման պրակտիկային, այն դեպքում, երբ ստանձնել է իրավահավասարություն հաստատելու պատրաստակամություն»,-ընդգծվում է օմբուդսմենի հայտարարությունում:
Օմբուդսմենի խոսքով՝ կանանց մասնակցությունը սոցիալական և քաղաքական կյանքին շարունակում է մնալ երկրի գլխավոր խնդիրներից մեկը: «Պաշտոնատար անձի նման վերաբերմունքը սպառնալիք է ստեղծում առ այն, որ ապագայում կանանց նկատմամբ գենդերային հիմքով խտրականությունը ավելի կմեծանա,-ասվում է օմբուդսմենի հայտարարության մեջ:
• 2017թ. գենդերային անհավասարության ինդեքսով Վրաստանը քաղաքական հարցերում կանանց մասնակցության ցուցանիշով 144 պետությունների թվում զբաղեցրել է 94-րդ հորիզոնականը: