Վրաստանում կարող են խստացվել արտասահմանցիների աշխատանքի և կացության պայմանները
Վրաստանում, հնարավոր է, փոփոխվեն արտասահմանցիների կացության և աշխատանքի տեղավորման կանոնները:
Խորհրդարանին արդեն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացվել, որի համաձայն, կխստացվի ապօրինի ներգաղթի դեմ պայքարն, ինչպես նաև այլ պետությունների քաղաքացիների աշխատանքի տեղավորման և մշտական կացության կանոնները:
Նախաձեռնության հեղինակն ընդդիմադիր «Ազգային շարժումն» է: «Արտասահմանցիների և առանց քաղաքացիության անձանց իրավական դրության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները պետք է ներառվեն Վրաստանի օրենսդրությունում:
Գլխավոր փոփոխությունը. արտասահմանցիներին աշխատանք կառաջարկվի միայն այն դեպքում, երբ հստակ աշխատատեղի չի հավակնի Վրաստանի քաղաքացի: Կկազմվի նաև այն մասնագիտությունների ցանկը, որոնց տիրապետող արտասահմանցիներն աշխատելու իրավունք կունենան:
«Ազգային շարժումը» կարծում է, որ երկրում, որի շրջաններում գրանցվում են գործազրկության ամենաբարձր ցուցանիշները, պետք է արտասահմանցիներին աշխատանքի տեղավորելու վերաբերյալ կարգավորումներ լինեն, որպեսզի նրանք տեղի բնակչությանը չզրկեն աշխատատեղերից:
«Երկիրը ոչ միայն որակավորում չունեցող աշխատուժի պակաս չի զգում, այլ նաև որակավորում ունեցող, այդ պատճառով էլ Վրաստանում արտասահմանցիներին աշխատանքի տեղավորելու լիբերալ կանոններն արդարացված չեն», — ասված է օրինագծում:
Կարդացեք նաև. Թբիլիսիի քաղաքապետը պահանջում է խստացնել Վրաստանում արտասահմանցիների բնակության պայմանները
Օրինագծի համաձայն՝ խորհրդարանը պետք է հաստատի մասնագիտությունների ցանկը, որոնց պակաս կամ դրանց հանդեպ պետական հետաքրքրություն կա, որոնց պարագայում թույլատրվում է արտասահմանյան որակավորված կադրերի աշխատանքը:
«Անթույլատրելի է աշխատանքային պայմանագիր առաջարկել արտասահմանցուն, եթե այդ աշխատանքին հավակնում է Վրաստանի քաղաքացին, որը համադրելի աշխատանքային որակավորում ունի», — ընդգծվում է օրինագծում:
Դրան զուգահեռ, նախագծի համաձայն, խստացվում են մշտական կացության իրավունք և ներդրումային կացության իրավունք տրամադրելու կանոնները: Ընդ որում, առաջարկվում է լուծարել կարճաժամկետ կացության ինստիտուտը:
Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ մշտական կացության իրավունք ստանալու համար 6 տարվա բնակության ստաժը բավարար չի լինի:
«Ավելանում է տարրական մակարդակում պետական լեզվի իմացությունը, նվազագույնը 200 հազար ԱՄՆ դոլար ներդրումները Վրաստանում և սեփականության ոլորտում», — ասված է օրինագծում:
Ըստ գործող օրենսդրության՝ երկրում 300 հազար լարի ներդրում արած գործարարն անսահմանափակ ժամկետով կացության իրավունք է ստանում: Օրինագծի հեղինակներն անհրաժեշտ են համարում փոխել այդ դրույթը ևս. փոփոխությունների համաձայն՝ ներդրումային վիզան ոչ թե անսահմանափակ ժամկետով կացության իրավունք կտա, այլ միայն 5 տարվա ժամանակավոր կացության իրավունք:
Դրա հետ մեկտեղ, օրինագծի համաձայն, պետք է փոխվեն նաև ներդրումային վիզայի տրամադրման կանոնները: Այն ստանալու համար 300 հազար լարիի ներդրում անելը բավարար չի լինի:
Ներդրումային վիզա կստանա միայն այն ներդրողը, որը նվազագույնը 5 տարի ժամկետով 400 հազար դոլարի պետական պարտատոմսեր ձեռք կբերի և 100 հազար դոլարին համարժեք լարի կամ 300 հազար դոլարի ներդրում կկատարի (դա չպետք է բնակտարածք լինի) և միաժամանակ մշտական հիմքով Վրաստանի 8 քաղաքացու աշխատանքի կտեղավորի», — ասված է օրինագծի մեկնաբանության մեջ:
• 2012-2016թթ-ին Վրաստանում արտասահմանցիներին 70 508 կացության իրավունք է տրվել: 2017 թ-ին՝ 1173 կացության իրավունք (ցանկացողների թվի նվազումը կապված է Վրաստանում գտնվելու համար վիզային պայմանների թեթևացմամբ): Ամենաշատը կացության իրավունք տրվել է Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Հայաստանի, Ուկրաինայի, Հնդկաստանի, Չինաստանի և Իրանի քաղաքացիներին:
• 2012-2016թթ-ին այլ պետությունների քաղաքացիների անունով որպես սեփականություն է գրանցվել 34 024 օբյեկտ:
• Առավել հաճախ (53 տոկոս) Վրաստանում անշարժ գույք են գնում Ռուսաստանի քաղաքացիները: Դրան հետևում են Ուկրաինան, Հայաստանն, Ադրբեջանն, Իսրայելն ու ԱՄՆ-ն: Այս տեղեկատվությունը նախապատրաստվել է «Միգրացիայի պրոֆիլ 2017»-ի տվյալների հիման վրա: