Վրաստանի վարչապետ․ ԼԳԲՏ համայնքի խնդիրները չափազանցված են
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հունիսի 17-ին առաջին մեկնաբանությունն է արել «Թբիլիսի-փրայդի» նախապատրաստման շուրջ իրարանցման և այն սպառնալիքների մասին, որոնք հնչում են միջոցառման կազմակերպիչների հասցեին։
ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները հունիսի 18-23-ը պլանավորում են «Թբիլիսի-փրայդ» անցկացնել։ Վրաստանի պատրիարքարանն իշխանություններին կոչ է արել դա թույլ չտալ։
Մամուկա Բախտաձեի խոսքով՝ Վրաստանում պաշտպանված են բոլոր մարդկանց իրավունքները, իսկ ինքնաարտահայտման իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ։ Նա շնորհակալություն է հայտնել ոստիկանության այն աշխատակիցներին, որոնք ԼԳԲՏ համայնքի հակառակորդներին թույլ չեն տվել ձախողել նրանց ակցիան, կանխել են բախումներն ու «չեն խախտել շատ կարևոր հավասարակշռությունը»։
«Այստեղ էլ հենց որպես շարքային քաղաքացի ցանկանում եմ կիսվել իմ տպավորություններով․ կարծում եմ, որ հարցն արհեստականորեն է սրվել, պարտադրվել վրացական հասարակությանը և ուղղված է Վրաստանում ամենօրյա ագրեսիվ քաղաքական օրակարգի հաստատմանը։ Չեմ կարծում, որ տվյալ հարցը Վրաստանում այսօր խնդրահարույց է», — հայտարարել է Բախտաձեն։
Նրա խոսքով՝ վրացական օրենսդրությունը պաշտպանում է յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները, «սակայն խնդիրն ուռճացված է և պարտադրվում է հասարակությանը»։
ՆԳՆ հետաքննությունը
Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել ապօրինի կազմավորումներ ստեղծելու, ղեկավարելու և դրանց մասնակցելու փաստի առթիվ։
Գործը վերաբերում է գործարար Լևան Վասաձեի՝ «ժողովրդական ջոկատներ» ստեղծելու կոչերին, որոնք կարող են ձախողել ԼԳԲՏ-փրայդի անցկացումը։ Նույն օրը՝ հունիսի 16-ին Վասաձեն սպառնացել էր ոստիկանության հանդեպ ուժ կիրառել, եթե այն սկսի խանգարել այդ «ժողովրդական ջոկատներին»։
ՆԳՆ-ն հասարակությանը հիշեցնում է, որ պետական կառույցներին փոխարինող ինչ-որ կազմավորումներ ստեղծելն ու ղեկավարելն օրենքով արգելված է։
«Ոստիկանության կամ պետական այլ գերատեսչության գործառույթներն իր վրա վերցնելու բոլոր փորձերն անհապաղ կասեցվելու են։ Ոստիկանության դեմ բռնությունը, դրա պահանջներին չենթարկվելը, օրենսդրության խախտման յուրաքանչյուր փաստ չի մնա առանց ՆԳՆ համապատասխան արձագանքի», — ասված է Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարությունում։
Վրաստանի ՆԳ փոխնախարար Նաթիա Մեզվրիշվիլիի խոսքով՝ «գերատեսչությունը կիրականացնի յուրաքանչյուր անձի գործողությունների գնահատման քննչական և գործառնական բոլոր անհրաժեշտ գործողությունները։ Ես ոչ մի ասպետի չեմ ճանաչում [Լևան Վասաձեի կոչումը — JAMews], սակայն յուրաքանչյուրն, ով ձեռք կբարձրացնի ոստիկանի վրա, կպատժվի օրենքի ողջ խստությամբ։ Ոչ ոք իրավունք չունի ճեղքելու ոստիկանական շարասյունը»։
«Իսկական տղամարդկանց հավաք»
Գործարար Լևան Վասաձեն հունիսի 16-ի երեկոյան Թբիլիսիի կենտրոնում հավաք էր կազմակերպել, որին հրավիրել էր բացառապես տղամարդկանց։
Հավաքի մասին հաղորդվել էր այն բանից հետո, երբ Վասաձեն, մի շարք հոգևորականներ և աջ ակտիվիստներ փորձել են հունիսի 14-ին խանգարել ԼԳԲՏ համայնքի ակցիայի անցկացմանը կառավարության վարչակազմի շենքի մոտ։ Ոստիկանությունը կանխել էր ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հանդեպ հաշվեհարդար տեսնելու նրանց բոլոր փորձերը, 28 ագրեսիվ տրամադրված երիտասարդ ձերբակալվել էր։
Վերեյի այգու հիշատակված հավաքի ժամանակ Լևան Վասաձեն հայտարարել էր «ժողովրդական ջոկատների» և «լեգիոնների» ստեղծման մասին, որոնք հունիսի 18-23-ը՝ ԼԳԲՏ-փրայդի անցկացման օրերին, պարեկություն են անելու Թբիլիսիի փողոցներում։
«Քաղաքը թաղամասերի կբաժանենք և հսկողություն կիրականացնենք՝ հանգիստ, լուռ, առանց որևէ զենքի։ Մենք կկապենք նրանց ձեռքերն ու կվտարենք այն վայրերից, որտեղ գտնվում են», — հայտարարել էր Վասաձեն։ Նա չէր մոռացել նաև արտասահմանյան դիվանագետներին, որոնք աջակցում են ԼԳԲՏ համայնքի միջոցառումների անցկացմանը։ Նրա խոսքով՝ արտասահմանցի դեսպանի և նրա անվտանգության բոլոր աշխատակիցների ձեռքերն էլ կկապեն և կտեղափոխեն դեսպանատուն։
Իշխանությունների և ընդդիմության արձագանքը
«Դրանք հանցավոր և ծայրահեղ վտանգավոր քայլեր են։ Նման ագրեսիայի պրոպագանդան միանշանակ անընդունելի է», — այսպիսի գրառմամբ է արձագանքել Լևան Վասաձեի գործողություններին իշխող «Վրացական երազանքի» պատգամավոր Թամար Խուլորդավան։
Նա միաժամանակ ընդգծել է, որ պետությունը թույլ չի տա բռնություն իրականացնել, որ ոստիկանությունը կկատարի իր գործառույթները։
Ընդդիմության ներկայացուցիչներն իրավիճակի համար պատախանատվությունն իշխանությունների վրա են դնում։
««Վրացական երազանքը» մթնոլորտ է ստեղծել, որում պուտինամետ, էքստրեմիստական ուժերը բացահայտ բռնության կոչեր են անում․․․ Կատարվող իրադարձություններին ներողամիտ վերաբերմունքը հանցակցություն է», — հայտարարել է ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Սերգո Ռատիանին։
«Նրանց գործունեությամբ պետք է, առաջին հերթին, հատուկ ծառայությունները զբաղվեն՝ Կրեմլի հետ հնարավոր կապերի հայտնաբերման համար», — կարծում է ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության անդամ Խաթիա Դեկանոյիձեն։