Ուկրաինայի քաղաքացիներին, ովքեր հայտնվել էին Վրաստանի բուֆերային գոտում և Ուկրաինայի ԱԳՆ-ի աջակցությամբ տեղափոխվել հայրենիք, վերադարձից անմիջապես հետո ուղարկել են Հավաքագրման և սոցիալական աջակցության կենտրոն (ռուսական զինկոմիսարիատների նմանակ): Այս մասին «Նովայա գազետա Եվրոպա»-ին պատմել է վերադարձած ուկրաինացիներից մեկը:
Տղամարդու խոսքով՝ իրեն և մյուս ուկրաինացիներին ինքնաթիռով Վրաստանից ուղարկել են Մոլդովա, իսկ այնտեղից ավտոբուսով տարել Ուկրաինա: Այնուհետև այս խմբի բոլոր անդամներին տարել են զինվորական հավաքակայան։
«Նովայա գազետա Եվրոպա»-ի զրուցակիցն ընդգծել է, որ իրեն թույլ չեն տվել տուն գնալ և անմիջապես տարել են Կրիվոյ Ռոգի հավաքակայան: Հետագայում նրան ուղարկել են Դնեպր՝ բժշկական հանձնաժողովի զննության: Ազգականներին թույլ չեն տալիս տեսակցել նրան:
Բժիշկների մեծամասնությունն արդեն տղամարդու համար կատարել է «Պիտանի է ծառայության համար» նշումը (այս փաստը հաստատող փաստաթղթերը նույնպես տրամադրվել են «Նովայա գազետա Եվրոպա»-ին): Եվ սա այն դեպքում, երբ ուկրաինացին պնդում է՝ տեսողական լուրջ խնդիրներ ունի:
«Իմ տեսողությունը շատ վատ է, ես ոչինչ չեմ տեսնում: Աջ աչքս ընդհանրապես չի աշխատում: <…> Եթե պետք է պատերազմել, ես էլ կգնամ, բայց գոնե ժամանակ տվեք իմ գործերը կարգավորելու համար»,- ասել է «Նովայա գազետա Եվրոպա»-ի զրուցակիցը:
SOTA-ն գրում է նաև վրացական սահմանից տեղափոխված ուկրաինացիներին Օդեսայի հիվանդանոցից միանգամից հավաքակայան ուղարկելու դեպքերի մասին:
Խոսքն այն ուկրաինացիների մասին է, որոնց մեծամասնությունը նախկին բանտարկյալներ են, Ռուսաստանից արտաքսվել են պատիժը կրելուց հետո: Նրանց ուղեկցել էին Վրաստանի հետ սահման: Սակայն փաստաթղթերի հետ խնդիրների պատճառով վրացական սահմանապահները թույլ չէին տվել երկիր մուտք գործել:
Ընդհանուր առմամբ հուլիս-օգոստոս ամիսներին Վերին Լարսի անցակետում գտնվում էր մոտ 100 ուկրաինացի: Բոլորը ստիպված էին ապրել բուֆերային գոտու նկուղում: Նրանք բազմիցս բողոքի ակցիաներ կազմակերպեցին և սպառնացին, որ ինքնասպանության կդիմեն: Բացի այդ, նրանք նաև հացադուլ հայտարարեցին:
Օգոստոսի 22-ին Ուկրաինայի իշխանությունները հայտնեցին, որ վերադարձրել են 65 քաղաքացիների, ովքեր Ռուսաստանից արտաքսվելուց հետո հայտնվել էին Վերին Լարսի անցակետում: Ուկրաինա տեղափոխվածների շարքում 10 կանայք և 8 ծանր առողջական խնդիրներ ունեցող անձինք կան: