«Ռուսական օրենքի» ընդունման պատճառով Վրաստանի շրջաններից մեկը զրկվել է ԵՄ դրամաշնորհից
Վրաստանի շրջանները զրկվում են ԵՄ դրամաշնորհից
Վրաստանի որոշ համայնքներ, այդ թվում՝ նաև Ծալենջիխան, զրկվել են Եվրամիության դրամաշնորհից իշխանությունների կողմից «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման պատճառով։ Այդ մասին հայտնել է Ծալենջիխայի քաղաքապետ Գիա Խարչիլավան: Նա նշել է, որ համայնքն արդեն ստացել էր դրամաշնորհը, սակայն, քանի որ «իշխանությունները համառորեն ընդունեցին օրենքը», ֆինանսական օգնությունն ի վերջո հետ կանչվեց:
«Ծալենջիխայում զբոսաշրջության ռազմավարությունը չեղարկվել է: Մենք կորցրել ենք կապը Եվրոպայի, մեր ընկերների հետ, զրկվել ենք ֆինանսավորումից, և առաջին զգալի հետևանքն արդեն կա: Մյուս համայնքներն այդ մասին չեն խոսում:
Ես ձեզ ասում եմ, որ Ծալենջիխան կորցրել է եվրոպական ֆինանսավորումը՝ դրամաշնորհը այն պատճառով, որ «ռուսական օրենքը» գործում է Վրաստանում»,- հայտարարել է Ծալենջիխայի քաղաքապետը:
Խարչիլավայի պնդմամբ՝ իշխանությունը «թաքցնում է օրենքի ընդունման բոլոր բացասական հետևանքները», և միակ համայնքը, որը բարոյական արժեքներից ելնելով կարող է խոսել այդ մասին, Ծալենջիխան է:
Խոսքը վերաբերում է «Ստեղծագործական կողմնացույց» քառամյա ծրագրին, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Վրաստանի Գյոթե ինստիտուտի համաֆինանսավորմամբ: Ծրագիրն ուղղված է Վրաստանի շրջաններում մշակույթի և ստեղծագործական ոլորտների ամրապնդմանը: Ծրագիրը մեկնարկել էր 2023 թվականին և պետք է ավարտվեր 2027 թվականին:
ԵՄ կայքում նշված է, որ «հաշվի առնելով Վրաստանում քաղաքական իրավիճակը և Եվրոպական խորհրդի՝ 2024 թվականի հունիսի 24-ին հրապարակած եզրակացությունները իրավիճակի՝ ԵՄ օգնության վրա ունեցած ազդեցության մասին, այս ծրագրի շրջանակներում վրացական շրջանների համար դրամաշնորհային նոր հնարավորությունների առաջարկը ժամանակավորապես դադարեցված է: «Ստեղծագործական կողմնացույց Վրաստան» ծրագիրը կշարունակի Վրաստանի շրջաններում ստեղծագործական և մշակութային ոլորտին կայուն աջակցության ցուցաբերելուն ուղղված իր գործունեությունը»:
Ի՞նչ է պետք իմանալ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի մասին՝ հակիրճ
● «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից երրորդ ընթերցմամբ ընդունվել է մայիսի 28-ին։
● Իշխանությունները ընդունել են օրենքը՝ չնայած հազարավոր քաղաքացիների բողոքի ցույցերին, Վրաստանի արևմտյան գործընկերների համառ կոչերին և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի խիստ եզրակացությանը:
● Օրենքի ընդունումից հետո ԱՄՆ-ում սկսեցին խոսել «Վրացական երազանքի» կառավարության դեմ պատժամիջոցների մասին։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 23-ին հրապարակեց որոշում՝ ասելով, որ «կհայտարարեն վիզային սահմանափակումների մասին այն անձանց նկատմամբ, որոնք խոչընդոտում են Վրաստանի ժողովրդավարությանը, ինչպես նաև կանցկացնեն ԱՄՆ-Վրաստան համագործակցության համապարփակ վերանայում»: Ֆինանսական պատժամիջոցները կներառվեն նաև Սենատի և Կոնգրեսի կողմից մշակված փաստաթղթերում։
● Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Եվրամիությունը պատրաստվում է նաև պատասխան քայլեր ձեռնարկել։ Մինչ այս եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս նշել էին, որ օրենքը Վրաստանը հեռացնում է Եվրամիությունից։
● Կառավարության հիմնական փաստարկն այն է, որ Ամերիկայում և եվրոպական մի քանի երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, գործում են նմանատիպ օրենքներ։ «Վրացական երազանքի» սահմանման համաձայն՝ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքն իրեն պաշտպանել արտաքին ազդեցությունից և կազմակերպություններից թափանցիկություն պահանջել։
«Վրացական երազանքի» ընդունած օրենքը ամերիկյան և եվրոպական օրենքների հետ համեմատելը ճիշտ չէ, և ահա թե ինչու։ Ստորև ներկայացնում ենք կոնկրետ փաստարկներ՝
Ամերիկյան FARA (Օտարերկրյա գործակալների գրանցման ակտ) օրենքը, որին հղում է անում «Վրացական երազանքը», ընդունվել է 1938 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ։ Այդ օրենքի նպատակն էր պաշտպանել ամերիկյան բնակչությանն այն ժամանակվա թշնամու՝ նացիստական Գերմանիայի քարոզչությունից։ Ոչ այն ժամանակ, ոչ հիմա FARA-ն չի տարածվում Ամերիկայի դաշնակիցների ու բարեկամ երկրների վրա։
Նույնը տեղի է ունենում Ֆրանսիայում, որտեղ նույնպես կա «օտարերկրյա ազդեցության մասին» օրենք, կա կոնկրետ երկրների ցանկ, որոնց վրա տարածվում է այդ օրենքը։ Եվ այդ ցուցակում են այն երկրները, որոնց ազդեցության մեծացումը Ֆրանսիան սպառնալիք է համարում։ Դրանք են Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան և Իրանը։ Ֆրանսիայի օրենսդրության մեջ կա առանձին դրույթ, այսինքն՝ սահմանափակող մեխանիզմ այն մասին, որ այս օրենքը չի կարող տարածվել ԵՄ երկրների վրա։ «Վրացական երազանքի» օրենքում նման դրույթ նախատեսված չէ, և, համապատասխանաբար, այդ օրենքն ուղղակիորեն հարվածում է Վրաստանի բարեկամ և գործընկեր երկրների՝ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ֆինանսավորվող կազմակերպություններին, որոնց օգնությամբ երկրում ժողովրդավարական գործընթացներ են զարգանում։
Սահմանափակող մեխանիզմի երկրորդ տեսակը, որը հաճախ ուղեկցում է օտարերկրյա ազդեցության օրենքներին այլ երկրներում, գործունեության սահմանափակումներն են: Օրինակ` նույն FARA-ն, որին հղում է անում «Երազանքը», նշում է, որ օրենքը չի տարածվում լրատվամիջոցների կամ հասարակական կազմակերպությունների վրա, այլ բացառապես լոբբիստական կազմակերպությունների վրա։ «Վրացական երազանքի» տարբերակում այս հստակեցումը չկա։
Ստացվում է՝ «Վրացական երազանքի» ընդունած օրենքը նման է ռուսականին։ Այդ իսկ պատճառով Վրաստանում այն անվանում են «ռուսական օրենք»։ Ռուսական տարբերակը, առաջին հերթին, տարածվել է ԶԼՄ-ների և ոչ կառավարական հատվածի վրա։ Այսօր Ռուսաստանում փակվել են բոլոր այն հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնք չեն վերահսկվում Կրեմլի կողմից։
Կարևոր է նաև նշել, որ այս օրենքը հակասում է ԵՄ օրենսդրությանը: Երբ Հունգարիայում ընդունվեց նմանատիպ օրենք, այն չեղյալ հայտարարվեց Մարդու իրավունքների միջազգային դատարանի կողմից։ Հունգարիայում այս օրենքը ուղղակիորեն ուղղված էր լրատվամիջոցներին լռեցնելուն, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին վիրավորելուն ու զրպարտելուն։
Բարեկամ և գործընկեր երկրների նկատմամբ նման սահմանափակումների սահմանումը կասկածներ է առաջացնում, որ երկիրը փոխում է իր արտաքին կուրսը, ինչի մասին այսօր Վրաստանում խոսում են անկախ փորձագետները, քաղաքական գործիչներն ու քաղհասարակության ներկայացուցիչները։
Բազմահազարանոց ցույցերի գլխավոր կարգախոսն էր՝ «Այո Եվրոպային, ոչ Ռուսաստանին»։
«Վրացական երազանքի» ընդունած օրենքը հավանաբար ուժի մեջ կմտնի սեպտեմբերին, երբ պատրաստ կլինի հատուկ ռեեստրը, որտեղ պետք է գրանցվեն «օտարերկրյա գործակալ» կազմակերպությունները։
«Օտարերկրյա գործակալ» են հայտարարվելու այն բոլոր կազմակերպությունները, որոնց եկամտի 20 տոկոսից ավելին կազմում են օտար երկրների դրամաշնորհները։ Փոքր, աղքատ երկրում՝ Վրաստանում, դա ոչ կառավարական կազմակերպությունների գրեթե բացարձակ մեծամասնությունն է։
Եվրամիության և Միացյալ Նահանգների օգնությամբ 33 տարվա ընթացքում երկրում իրականացվել են կենսական նշանակության ծրագրեր բոլոր բնագավառներում՝ առողջապահությունից և ենթակառուցվածքներից մինչև քաղհասարակության հզորացում:
Շատ հասարակական կազմակերպություններ և լրատվամիջոցներ հրաժարվում են գրանցվել որպես «օտար տերությունների շահերը սպասարկող», ինչպես պահանջում է օրենքը: Նման պիտակը վիրավորական է կազմակերպությունների և մարդկանց համար. «Մենք ազնիվ ենք աշխատում մեր երկրում, ինչո՞ւ պետք է մեզ անվանեն «օտար տերությունների շահերը սպասարկող»։
Որոշ փոքր կազմակերպություններ արդեն իսկ հայտարարել են իրենց մոտալուտ փակման մասին։ Օրինակ՝ Fair Trees Foundation ՀԿ-ն հայտնել է, որ օրենքի ընդունման պատճառով կասեցվում է անվճար մանկական ատամնաբուժական կլինիկայի նախագիծը։
Բացի այդ, Վրաստանում կենդանիների պաշտպանությամբ զբաղվող գրեթե բոլոր կազմակերպությունները գործում են օտարերկրյա դրամաշնորհներով, ուստի օրենքի ընդունումը կարող է հանգեցնել դրանց զգալի մասի փակմանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Վրաստանի շրջանները զրկվում են ԵՄ դրամաշնորհից