Վրաստանի 109 դպրոցում անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ ընդհանուր առմամբ երկրի կրթական հաստատություններում մանկավարժների կողմից աշակերտների հանդեպ բռնի գործողությունների, ինչպես նաև հասակակիցների միջև բուլինգի (հոգեբանական ճնշում) դեպքերը հաճախակի են:
Մոնիթորինգն իրականացվել է օմբուդսմենի աշխատակազմի նախաձեռնությամբ ՄԱԿ Մանկական հիմնադրամի՝ UNICEF աջակցությամբ: Օմբուդսմենի աշխատակազմը սկսել է մանրամասն ուսումնասիրել մոնիթորինգի ընթացքում հայտնաբերված 24 դեպք:
Մոնիթորինգի արդյունքում տարբեր տեսակի բռնությանը զուգահեռ հաճախ է հանդիպում բղավոցը դպրոցականների վրա, նվաստացուցիչ արտահայտությունները նրանց հասցեին, որոնք վերաբերում են պատվին և արժանապատվությանը:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կոմունիկացիայի գծով ղեկավար Մայա Կուրցիկիձեն հակված է համարել, որ դպրոցները միասնական քաղաքականություն չունեն բռնության հարցերի վերաբերյալ, իսկ դպրոցների աշխատակիցներն իրազեկված չեն աշակերտների՝ բռնի գործողություններից պաշտպանելու պետական մեխանիզմների առկայության մասին:
Մյուս կողմից, ցածր է նաև իրենց իրավունքների և բռնության ձևերի մասին աշակերտների գիտելիքները: Երեխաներն ուսուցչի կողմից բռնություն չեն համարում, երբ քաշում են նրանց ականջները, մազերը կամ անգամ ծեծում են:
Մոնիթորինգի ընթացքում երեխաները հիշել են ուսուցիչների որոշ արտահայտություններ.
«Փղի ականջներ ունես»; «Ճխլված գորտի ես նման», «Ինձ ուսուցչուհիս մի քանի անգամ ասել է, թե որքան փոքր եմ ես համադասարանցիների համեմատ, և ամեն անգամ ամբողջ դասարանը ծիծաղում էր»;«[Մանկավարժն], իմանալով, որ աշակերտը լավ պատրաստ չէ, ծիծաղելով ողջ դասարանին ասում է. «Երեխաներ, իսկ հիմա նա կկարդա [առաջադրանքը] բոլորից լավ»:
Դրա հետ մեկտեղ աշակերտների մեծ մասը տեղեկացված չէ, թե ում դիմել, եթե իր հանդեպ բռնի գործողություններ են իրականացվել:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի խորհրդի համաձայն՝ դպրոցներում անվտանգ միջավայր ստեղծելու համար պետք է խրախուսել բռնության դեմ կանխարգելիչ գործողությունները, այլ ոչ թե պատժիչ մեխանիզմներ ներդնել, անհրաժեշտ է բարձրացնել մանկավարժների ինքնակարգապահությունը երեխաների հանդեպ բռնություն չկիրառելու ուղղությամբ: Երեխաների հետ աշխատող պրոֆեսիոնալները ժամանակին պետք է հայտնաբերեն բռնության փաստերը, նույնականացնեն և արձագանքեն դրանց:
Կարևոր է դպրոցների տնօրենների, մանկավարժների և այլ աշխատակիցների տեղեկացվածությունը և երեխաների պաշտպանությանն ուղղված ընթացակարգերի հարցերում վերապատրաստումը: Իր հերթին, աշակերտները պետք է տեղեկացված լինեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին: Ուսումնական ծրագրի միջոցով երեխաները պետք է հանդուրժողականություն, հավասարություն, համագործակցություն և այլախոհության սկզբունքները հարգել սովորեն: