Վրաստանի Գերագույն դատարանում սկսվել է «Ռուսթավի-2» ընդդիմադիր հեռուստաընկերության գործի քննությունը
Կիսվել
Կիսվել
Վրաստանի Գերագույն դատարանի մեծ կոլեգիան մարտի 2-ին սկսել է քննել «Ռուսթավի-2» խոշորագույն ընդդիմադիր հեռւոստաընկերության պատկանելիության մասին գործը: Գործի քննումը տեղի է ունենում առանց լսումների, փակ ռեժիմով, նիստին ներկա չեն կողմերի ներկայացուցիչները: Հայտնի չէ, թե երբ է հայտարարվելու դատարանի որոշման մասին: Գերագույն դատարանը վերջնականապես պետք է վճռի՝ արդյոք հեռուստաընկերությունը կվերադառնա նախկին սեփականատիրոջը, թե կմնա ներկայիս սեփականատերերի վերահսկողության տակ:
Այդ ընթացքում Գերագույն դատարանի շենքի առջև բողոքի ակցիա է անցկացվում, որը կազմակերպվել է հեռուստաընկերության ղեկավարության և դրա կողմնակիցների կողմից: «Ռուսթավի-2»-ը հայտարարում է, որ ցուցարարները չեն ցրվելու, մինչև դատարանի վճիռը չհայտարարվի: Ելույթ ունեցող լրագրողները, տարբեր քաղաքական կուսակցությունների և հասարակության ներկայացուցիչներն իշխանություններին մեղադրում են խոսքի ազատության սահմանափակման փորձի համար և դատավորներին կոչ են անում չկատարել կառավարության պատվերը:
«Ռուսթավի-2» գլխավոր ընդդիմադիր հեռուստաընկերության շուրջ ընթացող վեճն արդեն շարունակվում է 2 տարի: Հեռուստաընկերության նախկինսեփականատեր Քիբար Խալվաշին պահանջում է վերադարձնել այն, քանի որ նա վաճառել է հեռուստաընկերությունը նախկին իշխանությունների ճնշման տակ:Հունիսին Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել քաղաքային դատարանի որոշումը հեռուստաընկերությունը Խալվաշիին վերադարձնելու մասին: «Ռուսթավի-2»-ի փաստաբանները բողոքարկել են այդ որոշումը Գերագույն դատարանում: