Վլադիկավկազում քրեական գործ է հարուցվել աուտիզմ ունեցող աղջկա խմբակային բռնաբարության վերաբերյալ
Վլադիկավկազում քրեական գործ է հարուցվել աուտիզմ ախտորոշմամբ 18-ամյա աղջկա ենթադրաբար խմբակային բռնաբարության փաստի առնչությամբ: Դրան հասել են տեղացի ակտիվիստները, որոնք համապատասխան հանրագիրը տեղադրել են Change.org-ում:
Ինչ է տեղի ունեցել
Պատմությունը տեղի է ունեցել 2017թ-ին: Ոչ միայն Վիկա Ձեստելովան, այլ նաև նրա երկու երղբայրներն աուտիզմ ախտորոշում ունեն: Մայրը ստիպված է եղել մի քանի ամսով Մոսկվա մեկնել՝ տղաներից մեկին հոսպիտալացնելու:
18-ամյա Վիկան տանը մենակ է մնացել: Նա համացանցով տղամարդկանց հետ է ծանոթացել, որոնք հետո նրան բռնաբարել են և ստիպել մարմնավաճառությամբ զբաղվել:
Երբ նրա մայրը՝ Զալինա Դուդուևան տուն է վերադարձել և իմացել կատարվածի մասին, ոստիկանություն հաղորդում է ներկայացրել: Սակայն Հյուսիսային Օսիայի-Ալանիայի քննչական կոմիտեն հրաժարվել է քրեական գործ հարուցել գրեթե երկու տասնյակ տղամարդու դեմ, որոնց անուները նշված են եղել հայցում:
Քրեական գործի կարճման մասին որոշման մեջ ասված է, որ Վիկտորյայի և տղամարդկանց միջև ինտիմ հարաբերությունները տեղի են ունեցել նրա համաձայնությամբ:
Այդ եզրակացությունը հիմնված էր նրա հետ ինտիմ կապ ունեցած տղամարդկանց վկայությունների վրա: Ի սկզբանե տղամարդիկ հարցաքննվել են որպես վկա, այլ ոչ թե կասկածյալ և պնդել են, որ չեն իմացել Ձեստելովայի «հոգեկան անլիարժեքության» մասին:
Ընդ որում, գործում առկա էր հոգեբուժական փորձաքննության տեղեկանք՝ Վիկտորյա Ձեստելովայի մոտ «ներշնչման բարձր աստիճանով և հիպերսեքսուալությամբ վայրկենական խանգարման» առկայության մասին:
Հասարակության բողոքն ու հանրագիրը
Պատմությունը լայնորեն տարածվել է Հյուսիսային Օսիայում այն բանից հետո, երբ Զալինա Դուդուևան այդ մասին պատմել է լրագրողներին:
Ազատություն ռադիոկայանի այս կարճ ֆիլմում հարևաններն ընդհանուր առմամբ մեղադրում են հենց Վիկտորյային և նրա մորն ու ասում, որ աղջկա հանդեպ ոչ մի բռնություն չեն տեսել: Սակայն նրանցից ոչ ոք նույնիսկ չի հիշատակում Վիկա Ձեստելովայի ծանր աշխտորոշումը:
Սակայն, ընդհանուր առմամբ, հասարակությունն այս թեմային ծայրահեղ բացասական է արձագանքել:
«Անձամբ ինձ համար այս պատմությունը ոչ այնքան բռնության մասին է, որքան մեր հասարակության: Այնքան բան է դրանում սխալ, այնքան անտարբերություն, բռնություն և երեսպաշտություն կա դրանում», — գրել է «Կավկազսկի ուզել» առցանց պորտալի բլոգեր Ալան Ցխուրբատին:
Քրեական գործ չհարուցելու քննչական կոմիտեի որոշումը մեծ բողոք է առաջացրել: Հանրագիր է ստեղծվել Change.org կայքում, որը տասնյակ հազարավոր ստորագրություններ է հավաքել:
Արդյունքում՝ կատարվածից գրեթե մեկուկես տարի անց քրեական գործ է հարուցվել, և այն այս անգամ փոխանցվել է Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի գլխավոր քննչական վարչություն:
Աղջիկը հիմա գտնվում է Դաղստանում, որտեղ նրան օգնում են ճգնաժամային վերականգնողական կենտրոնի հոգեբանները:
Նրա մայրը՝ Զալինա Դուդուևան ասում է, որ ոստիկանություն դիմելուց հետո իրեն սկսել են սպառնալ: Այժմ նա պետական պաշտպանության տակ է:
Այն մասին, թե ինչպես է ընթանում քննությունը, դեռևս ոչինչ հայտնի չէ: Զալինա Դուդուևան JAMnews-ի հետ զրույցում չի մեկնաբանել գործընթացն՝ ասելով, որ փաստաբանը «խորհուրդ է տալիս խուսափել մամուլի հետ շփումներից գործին չվնասելու համար»: