«ՀՀ Զինված ուժերը շարունակելու են սպառազինվել նորագույն տեխնիկայով»․ Պաշտպանության նախարար
Սուրեն Պապիկյանի 2025 թ․-ի ամփոփիչ ասուլիսը
«Հայաստանի Զինված ուժերը շարունակելու են սպառազինվել նորագույն տեխնիկայով»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու հավելել՝ առանց սպառազինման հնարավոր չէ ունենալ ժամանակակից բանակ։
Նախարարը զենքի գնումների մասին տեղեկատվություն չի հրապարակել։ Միայն նշել է, որ սպառազինությունը ձեռք է բերվում՝ համաձայն հնգամյա պլանի և Գլխավոր շտաբի առաջարկների։
«Այն, որ մենք նորագույն տեխնիկա ենք ձեռք բերում, նաև փորձում ենք այնպես անել, որ դա լինի ժամանակակից, այդ թվում՝ ՆԱՏՕ ստանդարտների սպառազինություն, չի նշանակում, թե հրաժարվել ենք նախկինում ունեցած սպառազինությունից»,- արձանագրել է Պապիկյանը։
Նրա խոսքով՝ զինանոցում առկա զենքերը նույնպես իրենցից արժեք են ներկայացնում, ուստի դրանց արդիականացումն ունի մեծ նշանակություն։
2025 թ․-ին իրականացված աշխատանքներն ամփոփող ասուլիսում նախարար Պապիկյանը նախորդ տարին «գերարդյունավետ» է որակել։ Նշել է, որ ոլորտը մեծապես շահել է։ Մատնանշել է, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտի ծախսերը՝ 664 միլիարդ դրամ։ Այդ թիվն, ըստ նրա, խոսուն է, հատկապես համեմատած նախահեղափոխական՝ 2018 թվականի ծախսերի՝ 245 միլիարդ դրամի հետ։
Ասուլիսի կարևոր դրվագները՝ հակիրճ
- «Հասունանում է ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների վերանայման գործընթաց»․ հայ քաղաքագետ
- «Հայաստանի առաջ շատ դռներ են բացվում»․ փորձագետը՝ ռազմարդյունաբերության ոլորտի մասին
- «Որոշել ենք դուրս գալ «գրպանից» և լինել անկախ պետություն». Փաշինյան
«Որևէ երկրի հետ սպառազինության մրցավազքի մեջ չենք մտնելու»
Պաշտպանության նախարարը հայտարարել է՝ Հայաստանը չի դադարեցնելու զենք-զինամթերքի և ռազմական տեխնիկայի գնումը կամ բանակի արդիականացումը, չի հրաժարվելու իր պաշտպանական կարողությունների զարգացումից։
Միևնույն ժամանակ նկատել է՝ կառավարությունը որդեգրել է հստակ դիրքորոշում՝ հրաժարվել մրցավազքից․
«Մենք չենք պատրաստվում մրցավազքի մեջ մտնել որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի հետ»։
«Ադրբեջանական ուժերը դուրս կբերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից»
Լրագրողները նախարարից հետաքրքրվել են՝ ե՞րբ և ինչպե՞ս են երկրի ինքնիշխան տարածքից դուրս բերվելու ադրբեջանական ստորաբաժանումները։ Պապիկյանը հերթական անգամ նշել է, որ դուրսբերումը պետք է տեղի ունենա ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման աշխատանքների արդյունքում։
«Սա կառավարության դիրքորոշումն է, և այն լուծումն է, որը կապահովի երկարաժամկետ խաղաղություն մեր տարածաշրջանում»,- ընդգծել է նախարարը։
«Զինված ուժերում մահվան դեպքերը նվազել են 40%-ով»
Նախարարի փոխանցմամբ՝ 2024 թ․-ի համեմատ 2025 թ․-ին Զինված ուժերում մահվան դեպքերը նվազել են 40%-ով։ Մասնավորապես՝ մահացել է 30 զինծառայող, որից 24-ը ծառայության հետ չկապված հանգամանքներում՝ ավտովթար, հիվանդություն և այլն։
Պապիկյանի խոսքով՝ ծառայության հետ կապված հանգամանքներում մահվան 6 դեպք է արձանագրվել։
«Մահվան դեպքերից մեկը գրանցվել է կայծակնահարության պատճառով, մյուսը՝ հոսանքահարման, երկուսը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, ևս երկուսը` առողջական խնդիրների։ Ընդ որում` այս թվերը միայն ժամկետային զինծառայողների մասին չեն, այլ տարիքային տարբեր խմբերի ծառայողների»,- մանրամասնել է նա։
Պաշտպանության նախարարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախորդ տարի կանոնադրական հարաբերությունների խախտման և դրա հետևանքով սպանության որևէ դեպք չի արձանագրվել, այնինչ «նախկինում ունեցել ենք այդպիսի բազում դեպքեր»։ Վստահեցրել է՝ շարունակում են քայլեր ձեռնարկել ԶՈՒ-ում կարգապահության բարելավման ուղղությամբ:
«Պարտադիր զինծառայության ժամկետի կրճատումը շրջադարձային փոփոխություն էր»
2026 թ․-ի հունվարի 1-ից հետո բանակ զորակոչվող ժամկետային զինծառայողները նախկին 2 տարվա փոխարեն կծառայեն 1․5 տարի։ Ընդդիմադիրները պնդում են, թե սա նախընտրական քայլ է՝ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Իշխանությունները չեն կիսում այդ տեսակետը։
«Ժամկետային զինծառայության ժամկետի կրճատումը՝ մինչև 1,5 տարի, առանցքային և շրջադարձային փոփոխություններից մեկն է Երրորդ հանրապետության պատմության մեջ»,- շեշտել է Պապիկյանը։
Պաշտպանության նախարարի գնահատմամբ՝ ժամկետային զինծառայության ժամկետի կրճատումը չի ենթադրում բանակի կրճատում։
Ասում է՝ աստիճանաբար ավելանալու է պայմանագրային զինծառայողների մասնաբաժինը, հայկական բանակը վերափոխվելու է պրոֆեսիոնալ բանակի:
Հիշեցնում է՝ 1․5 տարվա ժամկետային զինծառայության անցնելու մասին դրույթներ կային դեռևս ՀՀ կառավարության 2021–2026 թթ․ ծրագրում, որը հաստատվել է 2021 թ․-ին։ Պապիկյանի փոխանցմամբ՝ այդ որոշումը պաշտպանության ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունք է։
«Աշխատանքից ազատել եմ ՊՆ այն աշխատակիցներին, որոնց տղաները այլ երկրի քաղաքացի են»
Խոսելով պարտադիր ժամկետային ծառայությունից խուսափելու դեպքերի մասին՝ Սուրեն Պապիկյանը հիշեցրել է՝ ՊՆ-ն դրանք կանխելու համար միջոցներ է ձեռնարկում, հանդես գալիս օրենսդրական տարբեր նախաձեռնություններով։ Մասնավորապես՝ պարբերաբար վերանայվում է այն հիվանդությունների ցանկը, որոնց հայտնաբերման դեպքում արական սեռի քաղաքացիները ենթակա չեն զորակոչի։
Նախարարի խոսքով՝ շարունակում է խնդրահարույց լինել նաև այն, որ իրենց երեխաներին ծառայությունից ազատելու համար ծնողները նրանց ապահովում են մեկ այլ երկրի քաղաքացիությամբ։
Պապիկյանը հայտնել է, որ աշխատանքից ազատել է իր ղեկավարած գերատեսչության այն աշխատակիցներին, որոնք ունեն այլ երկրի քաղաքացի հանդիսացող զավակներ:
«Անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ ես չեմ կարող դա տարածել նաև այն աշխատակիցների վրա, որոնց զավակներն ազատվել են ծառայությունից հիվանդություն հիմքով, բայց կասկածի որդն ինձ շարունակում է ներսից կեղեքել և ճնշել, որ ես նրանց նկատմամբ նույնպես ուշադիր լինեմ»,- հայտարարել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Սուրեն Պապիկյանի 2025 թ․-ի ամփոփիչ ասուլիսը