Սուխումիի անկման օրը Վրաստանի վարչապետը դիմել է աբխազ ժողովրդին
24 տարի է անցել այն օրվանից, երբ վրաց-աբխազական հակամարտության արդյունքում վրացի ռազմական կազմավորումները լքել են Սուխումին: Թբիլիսիի Հերոսների հուշարձանի մոտ և Վրաստանի այլ քաղաքներում իշխանության և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել զինված հակամարտության ընթացքում զոհվածների հիշատակին:
Սուխումիի անկման 24-րդ տարելիցի օրը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարությամբ է հանդես եկել վրացերեն և աբխազերեն լեզուներով:
«1993թ-ի սեպտեմբերի 27-ը մեր երկրի ամենաողբերգական օրերից մեկն է: Այդ օրը հիշեցնում է պատերազմի ավերիչ և ոչնչացնող ուժի մասին», — ասված է վարչապետի հայտարարությունում:
Գիորգի Կվիրիկաշվիլին աբխազական պատերազմը եղբայրասպանություն է անվանում: Նրա խոսքով՝ դա պատերազմ էր աբխազների և վրացիների դեմ, և հաղթողներ դրանում չկան:
Վարչապետի հայտարարությունում ասվում է, որ վրացիները պատրաստ են աբխազների հետ հարաբերությունները նոր էջից սկսել:
«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի վերականգնենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը խաղաղ ճանապարհով, վերականգնենք եղբայրությունն ու սերը, առանց որի հնարավոր չէ առաջ շարժվել: Ես ուզում եմ վստահեցնել աբխազ և օս եղբայրներին, որ մենք ընդհանուր ապագա ունենք, միայն համատեղ ջանքերով մենք կարող ենք այնպիսի երկիր կառուցել, որտեղ մեր երեխաները կապրեն խաղաղության, համաձայնության և բարեկեցության մեջ: Մենք միասին կարող ենք լավագույն երկիրը կառուցել», — ասված է Կվիրիկաշվիլիի հայտարարությունում:
Թբիլիսիի Հերոսների հուշարձանին այսօր ծաղիկներ է դրել նաև Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելին: Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ վրացական կառավարությունը ճիշտ մոտեցում ունի աբխազական հարցին:
«Կարծում եմ, որ վրացական կառավարությունը ճիշտ մոտեցում ունի, պետք է ձայնը հասցնել աբխազներին, որպեսզի սկսվի նրանց վերաինտեգրացիան վրացական հասարակություն: ԱՄՆ-ն սատարում է նման մոտեցմանն այնպես, ինչպես աբխազների հետ կապերն առողջապահության և կրթության ոլորտում: Մենք դա դրական ենք գնահատում», — հայտարարել է Յան Քելին:
- Աբխազիայում զինված հակամարտությունը սկսվել է 1992թ-ի օգոստոսի 14-ին, շարունակվել 13 ամիս և 13 օր և ավարտվել 1993թ-ի սեպտեմբերի 27-ին վրացական զինված ուժերի պարտությամբ: Ըստ որոշ տվյալների՝ զինված հակամարտությունը ավելի քան 13 հազար մարդու կյանք է խլել, փախստական է դարձել մոտ 300 հազար մարդ:
Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն: