Ոստիկանները խոշտանգել են Սոյուդլուի դեպքերը լուսաբանող լրագրողին
Սոյուդլուի դեպքերը՝ ոստիկանական բռնություն
Լրագրող Էլմադդին Շամիլզադեն, ով լուսաբանել է հունիսի 20-21-ը Ադրբեջանի Գադաբայի շրջանի Սոյուդլու գյուղում տեղի ունեցած բողոքի ցույցերը, ապա բերման ենթարկվել ոստիկանների կողմից, հայտարարել է, որ բաժանմունքում իրեն խոշտանգել են։ «Ինձ ասացին, որ տղամարդու խոսք տամ և ոչ մեկին չպատմեմ այնտեղ տեղի ունեցածի մասին։ Դուրս գալով շոկից՝ հասկացա, որ նրանց գործողությունները չեն համապատասխանում «տղամարդու խոսք» հասկացությանը, որոշեցի պատմել ամեն ինչ»,- ասել է լրագրողը։
- «Լռեք 2 ամիս, հնարավորություն տվեք ինձ»․ Օսկանյանը ՀՀ իշխանություններին
- «Դեսպանը կգա, կխոսեն, բայց Սաակաշվիլիին ազատ չեն արձակի». Ուկրաինայից Վրաստանի դեսպանի արտաքսման մասին
- «Հայաստանը ԼՂ-ում զինվոր չունի»․ Փաշինյանը՝ Ալիևի մեղադրանքների մասին
«Լուսանկարել եմ ոստիկանների դեմքերը»
«Նկարահանումներ էինք անում Սոյուդլուում։ Բռնության մեջ ներգրավված ոստիկանական ջոկատի անդամներին բաց դեմքերով «բռնացրել եմ» և լուսանկարել։ Բաքու ժամանելուն պես գիշերը տարածեցի նյութը, իսկ հաջորդ օրը Mikroskop Media-ն ինձնից վերցրեց այն, տարածեց՝ «փնտրում ենք այս մարդկանց անունները» մակագրությամբ և ինձ՝ որպես հեղինակ նշելով»,- «Ամերիկայի ձայն»-ին ասել է Էլմադդին Շամիլզադեն:
Լրագրողն անհետացել է հունիսի 23-ի կեսօրին։ Նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է մեկ բառից բաղկացած գրառում՝ «խոշտանգում»։ Մի քանի րոպե անց այդ գրառումը ջնջվել է, և նրա հետ կապ հաստատել չի հաջողվել։ Ավելի ուշ նրա օգտահաշվից ջնջվել են նաև ոստիկանությանը քննադատող մի քանի այլ գրառումներ՝ կապված Սոյուդլուի դեպքերի հետ։
Ներքին գործերի նախարարության վարչության պետ Էլշադ Հաջիևը հաստատել էր լրագրողի կալանավորման փաստը։ Նա, սակայն, չէր հայտնել, թե ինչու են նրան բերման ենթարկել և որտեղ են պահում։
Լրագրողն ազատ է արձակվել նույն օրը՝ ժամը 22-ի սահմաններում։
«Նախ զանգել են զինկոմիսարիատից»
Էլմադդին Շամիլզադեի խոսքով՝ սոցցանցերում իր արած լուսանկարների հրապարակումից հետո իրեն զանգահարել են Լենքորանի շրջանի զորահավաքի և զորակոչի պետական ծառայությունից, որտեղ նա հաշվառված է։
«Ինձ ասացին, որ ամեն տարվա վերջ պետք է իրենց փաստաթուղթ ներկայացնեմ այն մասին, որ տեղափոխվել եմ հաջորդ կիսամյակ: Բայց դա անօրինական է: Քանի որ 2021 թվականին ընդունվել եմ դոկտորանտուրա, սովորում եմ Թուրքիայի համալսարաններից մեկում և չորս տարով տարկետում ունեմ զինծառայությունից»։
Ավելի ուշ, երբ լրագրողը դուրս էր գալիս իր տան բակից, նրան են մոտեցել երկու քաղաքացիական հագուստով տղամարդիկ և խնդրել հետևել իրենց։ Երբ նա փորձել է զանգահարել հարազատներին և զգուշացնել, հեռախոսը կոպտորեն խլել են, լրագրողը ստիպված է եղել կատարել նրանց պահանջը։
«Ասաց՝ եթե գաղտնաբառդ չտաս, քեզ կբռնաբարենք»
Էլմադդին Շամիլզադեի խոսքով՝ այդ մարդիկ իրեն մեքենա են նստեցրել ու տարել ոստիկանության 29-րդ բաժին։ Այնտեղ նրանից հեռախոսի գաղտնաբառն են խնդրել։ Երբ նա ասել է, որ չի տա, սկսել են խոշտանգել։
«Ինձ տարան օպերատիվ աշխատակցի սենյակ, որտեղ կրկին, ըստ իրենց, տեղի ունեցավ կանխարգելիչ զրույց։ Երբ ասացի, որ չեմ տալու իմ գաղտնաբառը, ոստիկաններից մեկը բռունցքով հարվածեց դեմքիս։ Ձեռքերով փակեցի դեմքս, երկուսով սկսեցին փորիս ու ոտքերիս հարվածել։ Երբ ասացի, որ դեմքիս չխփեն, սկսեցին հայհոյել։ Հարվածներից ես ընկա հատակին, նրանց միացավ երրորդ ոստիկանը՝ մահակով։ Նա ինձ մահակով էր հարվածում, մյուսները՝ ոտքերով, նրանցից մեկը նստել էր վրաս ու բռունցքով խփում էր փորիս։ Մեկ այլ ոստիկան էլ տեսագրում էր ամբողջ ընթացքը»։
Լրագրողի խոսքով՝ չդիմանալով խոշտանգումներին՝ համաձայնել է հեռացնել ոստիկաններին անհանգստացնող գրառումները, չնայած չի տվել իր գաղտնաբառը։ Երբ ոստիկանները նրան հեռախոս են տվել՝ գրառումները ջնջելու համար, նա հնարավորություն է ունեցել ֆեյսբուքում գրել «Խոշտանգում» բառը և տարածել այն։ Դրանից հետո ոստիկանությունը դադարեցրել է խոշտանգումները՝ իմանալով, որ գործը հրապարակայնացվել է, գործընկերներն ու հարազատները սկսել են փնտրել Էլմադդին Շամիլզադեին։
«Նրանք նորից սկսեցին կանխարգելիչ զրույց վարել ինձ հետ։ Ասացին, որ ինքս կարող եմ ջնջել իմ գրառումները։ Հետո ինձ բաց կթողնեն։ Մտածեցի, որ դա կարող է ճիշտ լինել, վերցրի հեռախոսը, ջնջեցի «խոշտանգում» բառով գրառումը և ոստիկանության մասին այլ գրառումներ։
Դրանից հետո ինձ տարան կալանավայր։ Մութ, գարշահոտ, նեղ, կեղտոտ տեղ էր։ Լույսն ընկնում էր միայն ճաղերի միջով։ Ինձ այնտեղ պահեցին մոտ մեկ ժամ։ Այնուհետև տարան նույն աշխատասենյակ։ Մտածում էի, որ ինձ կազատեն, բայց այդպես չեղավ։ Օպերատիվ աշխատակիցը եղբորորդու հետ մտավ սենյակ, սկսեց մերկանալ՝ ասելով «Ես կբռնաբարեմ քեզ, եթե չասես քո գաղտնաբառը»:
Շամիլզադեն ասում է, որ այս սպառնալիքից հետո ստիպված է եղել տալ գաղտնաբառը։ Հեռախոսը երկու ժամ եղել է ոստիկանների ձեռքում։
«Ես չգիտեմ՝ ինչ են արել իմ հեռախոսով այդ երկու ժամվա ընթացքում»։
«Տղամարդու խոսք տուր ․․․ »
Դրանից հետո Բաքվի գլխավոր ոստիկանական բաժանմունքի երկու ոստիկան վերցրել են լրագրողին ու տարել։
«Ինձ տարան Թարխան անունով ոստիկանության գնդապետի սպասասրահ։ Երկար խոսակցությունից հետո նա ինձ դուրս հանեց, մոտ հինգ րոպե հետո նորից հրավիրեց, ասաց. «Արի քեզ հետ տղամարդավարի խոսենք, դու մեզ տղամարդու խոսք տուր, որ գնալուց հետո ոչ մի տեղ խոշտանգումների մասին չես պատմի, և մենք քեզ 30 ժամ կալանքի տակ չենք պահի։
Շամիլզադեն նաև նշել է, որ Բաքվի քաղաքային ոստիկանական բաժանմունքն իր դեմ արձանագրություն է պատրաստել, որի հոդվածը չի ենթադրում ոչ տուգանք, ոչ վարչական կալանք, իսկ ինքը նաև ստորագրված փաստաթուղթ է ներկայացրել։
«Ինձ խնդրեցին, որ փաստաթղթի մեջ գրեմ, որ ներողություն եմ խնդրում, զղջում եմ իմ արարքների համար և այլևս նման գործողություններ չեմ անի, և ես այս ամենը գրել եմ և ստորագրել։ Թարխան անունով մի ոստիկան ինձ տվեց իր համարը, որպեսզի խնդիրների առաջացման դեպքում դիմեմ իրեն։ «Այսուհետ դու մեր եղբայրն ես, մեր ընկերը և այլն»,- ասաց նա: Գտնվելով շոկի մեջ՝ ընդունում էի այն ամենն, ինչ ինձ ասում էին։ Եվ այն բանից հետո, երբ ես դուրս եկա այնտեղից և ուշքի եկա, հասկացա, որ նրանց պահվածքը չէր համապատասխանում «տղամարդու խոսք» հասկացությանը, ինչի մասին խոսում էին։ Որոշեցի լրատվամիջոցների հետ կիսվել այն ամենով, ինչ տեղի է ունեցել ինձ հետ»,- պատմել է լրագրողը։
Այդ չարաբաստիկ օրվա ավարտին ոստիկաններից մեկը Էլմադդին Շամիլզադեին տուն է տարել և վերադարձրել նրա հեռախոսը։