Սահակաշվիլին տուգանվել է 130 դոլարով ուկրաինական սահմանի ապօրինի հատման համար
Կիսվել
Կիսվել
Վրաստանի նախկին նախագահ և ուկրաինական «Նոր ուժերի շարժում» ընդդիմադիր կուսակցությանառաջնորդ Միխայիլ Սահակաշվիլին պետք է վճարի 3400 գրիվնայի չափով (130 դոլար) տուգանք և 320 գրիվնա (12 դոլար) դատական ծախսերի համար:
Այդպիսի որոշում է կայացրել Ուկրաինայի Լվովի շրջանի Մոստիսկայի շրջանային դատարանը: Միխայիլ Սահակաշվիլին մեղավոր է ճանաչվել պետական սահմանի ապօրինի հատման համար:
Ինչպես հաղորդում է ուկրաինական «Հրոմադսկոյե» հեռուստաալիքը, դատական նիստին Սահակաշվիլին ներկա չէր. նա հանդիպումներ էր անցնացնում Չերկասի շրջանում:
Հուլիսի 26-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր հրամանով Սահակաշվիլիին զրկեց ուկրաինական քաղաքացիությունից: Պատճառն այն էր, որ քաղաքացիության համար դիմելիս Սահակաշվիլին սխալ տեղեկատվություն էր նշել իր մասին, մասնավորապես չէր նշել, որ Վրաստանում նրա դեմ քննություն է տարվում:
Քաղաքացիությունից զրկելու պահին Սահակաշվիլին ԱՄՆ-ում էր: Վրաստանի նախկին նախագահը Պորոշենկոյին մեղադրեց քաղաքական հետապնդման համար: Սահակաշվիլիին ուներ միայն ուկրաինական քաղաքացիություն, հետևաբար, Պորոշենկոյի որոշումից հետո նա առանց քաղաքացիության անձ է դարձել: Ուկրաինական իշխանությունները հայտարարեցին նրա անձնագրի չեղարկման մասին, ինչը չխանգարեց Սահակաշվիլիին ԱՄՆ-ից Լեհաստան գալ, այնուհետև՝ Եվրոպայում տեղաշարժվել:
Սեպտեմբերի 10-ին Սահակաշվիլին մի քանի անհաջող փորձերից հետո հատեց լեհ-ուկրաինական սահմանը, երբ կողմնակիցների ամբոխը նրան անցկացրեց ուկրաինական կողմ՝ ճեղքելով իրավապահների շղթան: Վրաստանի նախկին նախագահն ու նրա կողմնակիցները հայտարարեցին, որ հենց իշխանություններն են խախտել օրենքը, երբ փորձել են նրան թույլ չտալ սահմանային վերահսկողություն անցնել, ինչպես նաև Սահակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնել որոշումը դատարանում բողոքարկելու համար:
Ուկրաինայի ՆԳՆ-ում հայտարարել են, որ 11 ոստիկան և 5 սահմանապահ է տուժել Սահակաշվիլիի կողմից սահմանը հատելու պահին: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ոստիկանությունը սահմանին տեղի ունեցած բախումների պատճառով 5 մարդ է ձերբակալել: