Սաակաշվիլին պատրաստվում է մոտ ամիսներին լքել Ուկրաինան՝ Վրաստանն Իվանիշվիլիից ազատելու համար
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին մարզպետ Միխեիլ Սաակաշվիլին ասում է, որ իր քաղաքական պլանները կապված են Վրաստանի, այլ ոչ թե Ուկրաինայի հետ։
Վրացական «Մտավարի արխի» ընդդիմադիր ալիքին տված հարցազրույցում Սաակաշվիլին հայտարարել է, որ մոտակա ամիսներին՝ նախքան խորհրդարանական ընտրությունները, որոնք Վրաստանում կանցկացվեն 2020թ-ի աշնանը, նա պատրաստ է լքել Ուկրաինան և Թբիլիսի տեղափոխվել՝ Իվանիշվիլիի կառավարմանը վերջ տալու համար։
Ուկրաինայում իր «Նոր ուժերի շարժում» կուսակցության պլանների վերաբերյալ Սաակաշվիլին ասել է, որ ինքն առաջատար է բոլոր վարկանիշներում, «սակայն չի կարող այլ բաներով զբաղվել․․․ այնքան ժամանակ, քանի դեռ չենք կանգնեցրել այդ փլուզումն ու երկրի [Վրաստանի] քանդումը»։
Սաակաշվիլին ասել է, որ Ուկրաինայում իրեն լավ է զգում, «սակայն մենք հայրենիք ենք կորցնում»։
«Եթե ինձ հետ զբոսնեք Օդեսայի փողոցներում, որտեղ ես հիմա գտնվում եմ, կտեսնեք, որ ինձ է մոտենում յուրաքաչնյուր երկրորդն ու խնդրում մասնակցել քաղաքապետի ընտրություններին», — հայտարարել է նա։
Սաակաշվիլիի խոսքով՝ ինքը մտադիր է «վերջ տալ» «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կառավարմանը «վրացի ժողովրդի հետ միասին»։
Այն հարցին, թե արդյոք դա հեղափոխական սցենար է, Սաակաշվիլին պատասխանել է, որ «դա սցենար է այն բանի համար, որ վրացիները չոչնչացվեն»։
«Ես վրացի ժողովրդի հետ եմ։ Եկեք քաղաքական գործիչներին մի կողմ թողնենք։ Ես քաղաքական գործիչ չեմ, ես վրացական ժամանակակից պետականության ստեղծողն եմ, հայրենասեր եմ, ձեզնից մեկը, նրանցից, ում սիրտը ցավում է դրա համար, որ հայրենիքը քանդվում է», — ասել է նա։
Սաակաշվիլին, որի դեմ Վրաստանում միանգամից մի քանի քրեական գործ է հարուցված, չի բացառում, որ հայրենիք վերադառնալուց հետո իրեն ձերբակալեն․
«Կձերբակալեն, թե ոչ, կախված է վրացի ժողովրդից․․․ Ես չվախեցա ուկրաինական բանտից, առավելևս չեմ վախենում բանտից իմ երկրում․․․ Նրանք այնքան թույլ են, որ չեն դիմադրի վրացի ժողովրդին», — ասել է նա։
•2020թ-ին Վրաստանում կարևոր խորհրդարանական ընտրություններ են։ Քանի որ Վրաստանը խորհրդարանական հանրապետություն է, 2020թ-ի ընտրություններում հաղթած կուսակցությունը երկիրը կղեկավարի հետագա չորս տարում։
•Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին լքել է Վրաստանը 2013թ-ին՝ իր նախագահության երկրորդ ժամկետի ավարտից հետո։ Դրանից հետո նա արդեն 6 տարի է՝ չի կարողանում երկիր վերադառնալ, քանի որ նրա դեմ չորս դրվագով քրեական գործեր են հարուցվել․ ծառայողական լիազորությունների չարաշահում, խաղաղ ցույցի ցրում և հեռուստաընկերության ավերում, պատգամավորի ծեծ և բյուջետային միջոցների մսխում։
•Սաակաշվիլին զրկվել է վրացական քաղաքացիությունից։ Տվյալ պահին նա Ուկրաինայի քաղաքացի է։
•Սաակաշվիլին Ուկրաինայի «Նոր ուժերի շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդն է, ինչպես նաև Վրաստանի «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդը։ Վերջին սոցհարցումների համաձայն, որն անցկացվել է Վրաստանում, Սաակաշվիլիի կուսակցությունը 9 տոկոս աջակցություն ունի։