Սաակաշվիլիի առողջական վիճակը վատթարացել է։ Ի՞նչ են ասում բժիշկներն ու օմբուդսմենը
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը, որը կալանքի տակ է հոկտեմբերի 1-ից և հացադուլ է հայտարարել, կտրուկ վատթարացել է։ Իրավաբան Դմիտրի Սաձագլիշվիլիի խոսքով՝ Սաակաշվիլիի անալիզներում մի կարևոր ցուցանիշ է նվազել, և ռեանիմատոլոգի օգնություն է անհրաժեշտ։ Փաստաբանը նաև նշում է, որ հացադուլի ֆոնին նախկին նախագահի առողջական վիճակը կարող էր վատթարանալ ցանկացած պահի։
Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հացադուլի մեջ է արդեն 25 օր։ Մի քանի օր առաջ բանտ են այցելել մի խումբ բժիշկներ, որոնք նրան խորհուրդ են տվել կանխարգելիչ հոսպիտալացում բազմաֆունկցիոնալ բուժհաստատությունում, սակայն Վրաստանի արդարադատության նախարարն ասում է, որ եթե երրորդ նախագահի առողջական վիճակը վատթարանա, նրան կտեղափոխեն միայն բանտային հիվանդանոց։
Արդարադատության նախարար Ռաթի Բրեգաձեի խոսքով՝ բանտի հիվանդանոցը համապատասխանում է բազմապրոֆիլ հիվանդանոցի չափանիշներին և կարող է հետևել հացադուլ հայտարարած բանտարկյալի առողջությանը։
Սրտաբան Զուրաբ Պագավան լքել է բժիշկների խորհուրդը, որը ստեղծվել է Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակին հետևելու համար։ Բժիշկն ասել է, որ կոնսիլիումից հեռանալու պատճառը նախկին նախագահի առողջության վատթարացումն է։
Ի՞նչ է ասում Վրաստանի ժողովրդական պաշտպանը
Ժողովրդական պաշտպանի հատուկ ներկայացուցիչը երեկ ստուգել է բանտի հիվանդանոցի պատրաստվածությունը, ուր պետք է տեղափոխվի երրորդ նախագահը։
Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիայի հայտարարությունում նշվում է, որ բանտային հիվանդանոցում իրավիճակը ոչ լիովին է համապատասխանում բժիշկների թիմի եզրակացություններին և խորհուրդներին, և այնտեղ որոշակի ռիսկեր կան Սաակաշվիլիի անվտանգության համար։
Ըստ Նինո Լոմջարիայի եզարակացությունների՝ N18 հաստատության վարչակազմի և բուժանձնակազմի հետ զրույցից, ինչպես նաև ենթակառուցվածքի և բուժսարքավորումների զննումից հետո պարզ է դարձել, որ հաստատությունն անհրաժեշտ ռեսուրսներն ունի բանտարկյալների (այդ թվում՝ հացադուլի մեջ գտնվող) բժշկական պահանջները բավարարելու համար։
Սակայն բժիշկների բազմաֆունկցիոնալ խմբի հաշվետվությունը Միխեիլ Սաակաշվիլիի բժշկական կարիքների մասին ուղղակիորեն նախատեսում է որոշակի բժշկական պրոցեդուրաներ, որոնք, ցավոք, անհնար են N18 հաստատությունում։ Օրինակ՝ հնարավոր չէ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա, դուպլեքս սկանավորում իրականացնել։ Ինչպես նաև հաստատությունում այս պահին ռեանիմատոլոգ չկա, սակայն, վարչակազմի պնդմամբ, մոտ ժամանակներս ակնկալվում է համապատասխան մասնագետների ներկայություն։
Հայտարարությունում նաև նշվում է, որ ժողովրդական պաշտպանի աշխատակազմը ստուգել է հիվանդասենյակը, որում պլանավորում է տեղավորել Միխեիլ Սաակաշվիլիին։ Օմբուդսմենի խոսքով՝ այդ հաստատությունում պահվում են այնպիսի կատեգորիայի բանտարկյալներ, որոնք շահերի որոշակի բախում ունեն մյուս բանտարկյալների հետ (նախկին ոստիկաններ, զինվորականներ, պաշտոնատար անձինք)։ Հետևաբար, նրանց շփումը մյուս բանտարկյալների հետ անվտանգության սպառնաիք է պարունակում, որից քրեակատարողական հիմնարկը պետք է խուսափի, այլապես կխախտվեն բանտարկյալի իրավունքները։
«Ենթակառուցվածքներն ու միջավայրը չեն բացառում ագրեսիայի և աղմուկի, հայհոյանքների կամ հոգեբանական ճնշման ռիսկը բանտարկյալների որոշ խմբերի կողմից։ Այցելուների համար նույնպես խնդրահարույց կլինի այցելել Միխեիլ Սաակաշվիլիին, քանի որ ցանկացած այցելու, այդ թվում՝ իրավաբանները, պետք է անցնեն այլ բանտարկյալների բանտախցերի մոտ գտնվող N8 մեկուսարանի բակով, ինչն ավելացնում է վերբալ բախման կամ հայհոյանքների ռիսկը», — ասված է հայտարարությունում։
Օմբուդսմենի կարծիքով՝ արդարադատության նախարարությունը պետք է ընտրի այլընտրանքային բուժհաստատություն, որում հնարավոր կլինի ցուցաբերել համապատասխան բժշկական ծառայություններն ու ապահովել անվտանգությունը։
Սաակաշվիլին կալանավորվել է հոկտեմբերի 1-ին, Թբիլիսիում, գաղտնի կերպով հայրենիք վերադառնալուց հետո։
Վրաստանի երրորդ նախագահի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել, դրանցից մեկով նա դատապարտվել է վեց տարվա ազատազրկման։ Նախկին նախագահը, որպես հետախուզվող անձ, կալանքից հետո տեղափոխվել է Ռուսթավիի համար 12 բանտ։ Նույն օրը նա հացադուլ է հայտարարել։