Ռուսթավիի էքստրեմալները
Ռուսթավիում մի քանի ամիս առաջ սքեյթ-այգի է բացվել: Այդ պահից ամեն օր այստեղ հավաքվում են էքստրեմալ հեծանվասպորտի սիրահարները: Ամենաէքստրեմալ հեծանվասպորտի՝ BMX-ի երկրպագուները պատմում են, որ մի քանի տարի է քաղաքապետարան են դիմում սքեյթ-այգին բարեկարգելու խնդրանքով, և վերջապես դա իրականացվել է:
BMX-ը էքստրեմալ հեծանվասպորտի ամենատարածված տեսակներից մեկն է: Այն ենթադրում է հեծանիվով բարդ սպորտային-ակրոբատիկ հնարքների կատարում կամ/և խոչընդոտների շղթայի հաղթահարում:
Տասնյոթամյա Գուգա Փերանիձեն ասում է, որ էքստրեմալ հեծանվասպորտի սիրահարների հետ առաջին անգամ ծանոթացել է մի քանի տարի առաջ, այդ պահից ի վեր նա մարզվում է:
«Սա էքստրիմ է, բացի այդ, անընդհատ նոր հնարքներ ես սովորում: Մեկը սովորելուց հետո անցնում ես մյուսին, պետք է անընդհատ սովորել և մարզվել», — ասում է Գուգան:
18-ամյա Թոռնիկե Խումարաշվիլին երկու տարի առաջ նույնպես սկսել է հետաքրքրվել BMX-ով:
«Ես փողոցում հանդիպեցի տղաների, ովքեր զբաղվում էին էքստրեմալ հեծանվասպորտով և դա ինձ շատ դուր եկավ: Սկսեցի մարզվել և աստիճանաբար կատարելագործել տեխնիկաս: Ամռանն ամեն օր եմ գալիս այստեղ, դասերի ընթացքում՝ շաբաթ-կիրակի»:
Էքստրեմալ հեծանվասպորտի սիրահարներն ասում են, որ BMX-ը Վրաստանում դեռ այնքան էլ զարգացած չէ, այդ պատճառով էլ նրանք դժվարությամբ են կարողանում այս հատուկ հեծանիվի անհրաժեշտ մասերը գտնել, բացի այդ մրցույթներ շատ քիչ են անցկացվում, հեծանվուղու անվտանգության միջոցները բավարար չափով պահպանված չեն:
«Մենք քաղաքապետարան էինք դիմում ամեն ամիս: Հետո մրցույթ անցկացրեցիին և բարեկարգեցին այս սքեյթ-այգին: Սա էքստրեմալ է և հետաքրքիր, քանի որ միշտ նոր հնարքներ ես սովորում: Եվ երբ նոր հնարքն արդեն գիտես, պետք է անցնել հաջորդին և միշտ նոր բան սովորել»:
«Ինձ դուր է գալիս էքստրեմալ հնարքներ անել: Ես պետք է ընտրեի՝ կամ զբաղվել լեռնային հեծանվասպորտով, որի ուղին լրիվ այլ է, կամ սրանով: Այնպես որ, որոշեցի ընտրել այս սպորտաձևը, քանի որ մեզ մոտ շատ քչերն են զբաղվում լեռնային հեծանվասպորտով»:
«Տեսա, թե ինչպես են տղաները էքստրեմալ հեծանվասպորտով զբաղվում փողոցում և շատ հետաքրքրվեցի դրանով: Սկսեցի մարզվել ու զարգանալ, իսկ հեծանվասպորտը զարգանում էր ինձ հետ միասին: Էքստրիմն իմ ընկերն է»:
«Մենք ինքներս պետք է պահպանենք անվտանգության կանոնները՝ հեծանվային սաղավարտներ կրենք, պաշտպանիչ ձեռնոցներ, սակայն դրանք մեզ խանգարում են, և մենք նախընտրում ենք առանց դրանց մարզվել: Ահա նա վերջերս երեք մատ էր կոտրել: Օրինակ, արտասահմանում հատուկ սպունգով արկղեր կան որոնց վրա ընկնում ես վերևից ցատկելիս և անվնաս մնում: Վրաստանում այդպիսի բաներ չկան, սակայն նման սարքավորումներ կան ամբողջ աշխարհում»:
«Ցանկալի է, որ հեծանվուղին փայտե, իսկ տարածքն ընդարձակ լինի, որպեսզի խուսափենք վնասվածքներից, այստեղ տեղը փոքր է և նեղվածք է»:
«Լավ կլիներ, եթե տանիք լիներ, երբ անձրև է գալիս, երեք օր է պետք, որ տեղը չորանա, և մոտ չորս օր չենք կարողանում քշել»:
«Ընդհանուր առմամբ, այս սպորտաձևը Վրաստանում մեծ հնարավորություններ չունի»:
«Մենք հովանավորներ չունենք: Ոչ ոք չի ուզում մեզ հովանավորի, որպեսզի մենք էլ հայտնի դառնանք այլ երկրներում»:
«Մեզնից մի տարի պահանջվեց, որպեսզի նրանց համոզենք կառուցել այս սքեյթ-այգին: Հովանավորները բոլորովին այլ թեմա է»:
«Ամեն ինչից զատ, մեզնից ոչ ոք չի ծխում:
Երիտասարդ սերունդը կարող է այս սպորտով զբաղվել: Երեխաներն ուզում են հեծանիվ քշել մանուկ հասակից, իսկ եթե մեզ տեսնեն ավելի կոգևորվեն: Այս սպորտաձևը երկրպագուներ ունի նաև Թբիլիսիում, Քութաիսիում և այլ քաղաքներում: Մենք աստիճանաբար զարգացնելու ենք այն»: