«Ռուսթավի-2»-ի գործը շարունակվում է․ նախկին գլխավոր տնօրենին դատարան են կանչել հարցաքննության
Կիսվել
Կիսվել
«Ռուսթավի-2» հայտնի հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվամարիային օգոստոսի 2-ին հարցաքննել են Թբիլիսիի քաղաքային դատարանում որպես վկա Վրաստանի գլխավոր դատախազության պահանջով։
Գվամարիան կասկածվում է «ծառայողական լիազորությունների չարաշահման» և «հեռարձակող ընկերության միջոցների յուրացման» համար։
Գվամարիայի դեմ գործը սկանդալային իրադարձությունների շարունակությունն է, որոնք վերջին շաբաթների ընթացքում կատարվում են այդ ամենապոպուլյար ընդդիմադիր վրացական հեռուստաալիքի շուրջ։
Նիկա Գվամարիան, որը հեռուստաալիքը գլխավորում էր յոթ տարի շարունակ, հեռացվել է իր պաշտոնից հեռուստաընկերության նոր սեփականատիրոջ, իշխանություններին մոտ գործարար Քիբար Խալվաշիի կողմից։
Ընդդիմադիր ալիքի տերերի միջև դատավարությունը սկսվել է Վրաստանում 2012թ-ի իշխանափոխությունից հետո։ Իշխանություններն այդ գործընթացը ներկայացնում էին որպես «մասնավոր անձանց վեճ», սակայն դիտորդների համար ակնհայտ էր, որ «մասնավոր անձնաց» հետևում կանգնած է երկրի գործող ղեկավարությունը, որը ձգտում էր ազատվել ուժեղ ընդդիմադիր լրատվամիջոցից։
«Ռուսթավի-2»-ի նախկին գլխավոր տնօրենը դատարանից ծանուցագիր է ստացել մի քանի օր անց այն բանից հետո, երբ հայտարարել է նոր քննադատական հեռուստատեսության ստեղծման մասին։
Գվամարիան կարծում է, որ դատախազության կողմից մեղադրանքների ի հայտ գալու պատճառը հենց նրա ապագա հեռուստատեսությունն է։
Երկրորդ պատճառը, նրա խոսքով, «Ռուսթավի-2»-ի հետ կապված իրավիճակն է։ Գվամարիան կարծում է, որ նոր սեփականատերերը պատրաստվում են հայտարարել հեռուստաընկերության սնանկության մասին, «քանի որ այլ կերպ չեն կարող աշխատանքից ազատել աշխատակիցներին, նրանց փոխարեն նորերին ընդունել և այդպիսով փոխել ալիքի քննադատական խմբագրական քաղաքականությունը»։
«Նրանք իրապես ուզում են սնանկացնել «Ռուսթավի-2»-ը, և դրա համար նրանք պետք է ապացուցեն, որ ես փողերն ինչ-որ բան եմ արել։ «Ռուսթավի-2»-ից ոչ թե պետք էր փող վերցնել, այլ փող բերել, որպեսզի ընկերությունը գոյատևի։ Սա «ֆեյք» գործ է», — ասել է Գվամարիան։