ՌԴ ԱԳՆ․ «Վրաստանի հետ քաղաքական երկխոսությունը վերսկսելու որևէ նախադրյալ չկա»
Կիսվել
Կիսվել
Ռուսաստանի և Վրաստանի միջև երկխոսության մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «Իզվեստիա» պարբերականին հայտնել է, որ Կրեմլը ներկայումս որևէ նախադրյալ չի տեսնում Վրաստանի հետ քաղաքական երկխոսությունը վերսկսելու համար։
Ռուսաստանի ԱԳՆ-ն կարծում է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հրաժարվելու Վրաստանի պահանջը անիրատեսական է և վնասակար հենց Վրաստանի համար։
Այնուամենայնիվ, արտաքին գործերի նախարարությունը հավելում է, որ Մոսկվան բաց է Թբիլիսիի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ ձեռնարկելու քայլեր՝ այնքանով, որքանով դրան պատրաստ է Վրաստանը։
«Ռուսաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության վերսկսման համար նախադրյալներ չկան, քանի որ Թբիլիսին պահպանում է Սաակաշվիլիի ռեժիմի ժամանակ որդեգրած դիրքորոշումը, այն է՝ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը կապել Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումից հրաժարվելու հետ։
Այս պահանջն անիրատեսական է և վնասակար հենց Վրաստանի համար։ Մոսկվան ընդգծել է, որ հանրապետությունների պետականությունը ճանաչելու որոշումներն անշրջելի են։
Գնդակը Վրաստանի դաշտում է, որը, մեր կարծիքով, պետք է ավելի շատ հետաքրքրված լինի դրանով, քան որևէ մեկը»,— հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։