Ռուսաստանի և Արևմուտքի փոխադարձ մեղադրանքներում անսպասելիորեն հայտնվել է Վրաստանը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ին մեղադրել է Վրաստանի տարածքում գաղտնի կենսաբանական լաբորատորիա հիմնելու համար:
Ըստ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ռուսական զորքերի հրամանատար Իգոր Կիրիլովի՝ խոսքը գնում է Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Ռիչարդ Լուգարայի անվան հասարակական առողջության պահպանման կենտրոնի մասին:
Գեներալ Կիրիլովը պնդում է, որ կենտրոնն ամբողջությամբ վերահսկվում է ամերիկյան իշխանությունների կողմից և Ռուսաստանի ու Չինաստանի սահմանին նրանց կողմից ստեղծած բազմաթիվ գաղտնի կենսաբանական լաբորատորիաներից մեկն է:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքել է այդ լուրը:
The New York Times թերթն իր հրապարակման մեջ ուշադրություն է հրավիրում հետևյալ համընկնման վրա:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը եղավ միանգամից այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Նիդերլանդները ռուսական իշխանություններին մեղադրեցին «բազմաթիվ և անպատասխանատու կիբերհարձակումների» համար:
Դրանից առաջ Ռուսաստանի 4 քաղաքացի արտաքսվեցին Նիդերլանդներից։ Այնտեղ նրանք, մասնավորապես, փորձել են կոտրել «Քիմիական զենքն արգելող կազմակերպության» համակարգչային ցանցը: Կազմակերպությունը զբաղվում է Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետաքննությամբ և Մեծ Բրիտանիայում ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման դեպքով:
Վրաստանի արձագանքը
Թբիլիսիի Լուգարա կենտրոն լրագրողներն այցելեցին 2018թ-ի հոկտեմբերի 5-ին: Կենտրոնի ղեկավարությունը որոշել է այդ կերպ պատասխանել Ռուսաստանի մեղադրանքներին՝ լրագրողներին ցույց տալով, որ կենտրոնի լաբորատորիաներում գաղտնի ոչինչ չկա:
Վրաստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչները հերթական անգամ լրագրողներին հայտարարել են, որ լաբորատորիայում զբաղվում են վարակիչ հիվանդությունների համաճարակային վերահսկողությամբ, և հերքել են այն լուրերը, թե այդտեղ կենսաբանական և քիմիական զենք է մշակվում:
Լուգարա լաբորատորիայի շուրջ հերթական իրարանցումը սկսվել է դեռևս 2018թ-ի սեպտեմբերի 11-ին Մոսկվայում Վրաստանի պետանվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեի սկանդալային հայտարարությունից:
Գիորգաձեն հայտարարել է, որ կենտրոնը կենսաբանական զենքի մշակման գաղտնի լաբորատորիա է: Ավելի ուշ նա փաստաթղթեր է հրապարակել, որոնք իբր հաստատում են իր ասածը:
Այդ առթիվ հատուկ հայտարարություն է տարածել Վրաստանի ԱԳՆ-ն: Արտգործնախարարությունը կարծում է, որ Ռուսաստանն աբսուրդային մեղադրանքներով փորձում է «վարկաբեկել մեր համագործակցությունը մեր գլխավոր ռազմավարական գործընկեր Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ», — այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Վլադիմիր Կոնստանտինիդին:
«Մեր գնահատականը հետևյալն է. դա այն ստի հերթական պրոպագանդան է, որը մշտապես վարում է Ռուսաստանի Դաշնությունն ու փորձում է վարկաբեկել ԱՄՆ հետ մեր համագործակցությունը: Բնականաբար, մենք համապատասխան արձագանք կտանք դրան՝ հաշվի առնելով այն գործիքներն ու լծակները, որոնք ունի մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը», — հայտարարել է Կոնստանտինիդին:
Թբիլիսիում նշում են, որ Գիորգաձեի հրապարակած փաստաթղթերում սկանդալային ոչինչ չկա: Սակայն այն փաստը, որ նրա ձեռքերում են հայտնվել Վրաստանի առողջապահության նախարարության պաշտոնական նյութերը, վկայում է այն մասին, որ դրանք առևանգվել են գերատեսչության վրա հաքերային հարձակման հետևանքով:
Վրաստանի ընդդիմադիր քաղաքական և փորձագիտական շրջանակներում կարծում են, որ նախագահական ընտրությունների նախաշեմին Ռուսաստանոը միտումնավոր Վրաստանին ոչ բարյացակամ մեսիջներ է ուղարկում, որոնք սպառնալիք են պարունակում՝ դրանով փորձելով վախեցնել ընտրողներին և նվազեցնել ընդդիմության համար տրվելիք քվեների քանակը: